Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի հայ հանգստացողների մեծ հոսք կար
դեպի վրացական Քոբուլեթի ծովափնյա քաղաք, որոշեցինք զրուցել Քոբուլեթիի
քաղաքապետ Նուգզար Կակալաձեի հետ: Մեր գործարարներին ու ներդրողներին
ուզում ենք ուրախացնել. մի՛ հուսահատվեք, որ մեր հանրապետությունում
այլեւս վաճառվող հողատարածքներ չկան: Հարեւան հանրապետությունից
առաջարկում են կատարել շահավետ ներդրումներ՝ գնելով բազմաթիվ տարածքներ:
– Ինչո՞վ կբացատրեք Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների աճը:
– Հավանաբար այս տարի Հայաստանում շոգ է (սա կատակ էր.-Ս.Ա.): Իսկ եթե
ավելի լուրջ, ապա առաջին զբոսաշրջիկները, Հայաստան վերադառնալով, երեւի
պատմել են իրենց տպավորությունների մասին, թե ինչպես են իրենց այստեղ
դիմավորել ու հյուրասիրել, եւ, որ ամենակարեւորն է, ճանապարհներին նախկին
դրամաշորթությունը չկա: Մեկ անգամ չէ, որ ինձ ասել են այդ մասին: «Կարմիր
կամրջից» հետո (նկատի է առնվում Հայաստան-Վրաստան սահմանը.-Ս.Ա.) իրենցից
1 լարի անգամ չեն վերցնում: Փորձը ցույց է տալիս, որ Վրաստանում հանգիստն
անցկացնելը հայ զբոսաշրջիկների համար օգտակար է թե՛ առողջական, թե՛
ֆինանսական տեսակետից: Իմիջիայլոց, մենք հայերին հրավիրում ենք ոչ միայն
հանգստանալու, այլ նաեւ ներդրումներ կատարելու, ինչը շահավետ կլինի եւ՛
հայերի, եւ՛ վրացիների համար: Մենք պատրաստ ենք համագործակցելու ոչ միայն
Հայաստանի պետական կառույցների, այլեւ գործարարների եւ օլիգարխների հետ:
Այսօր հայտնի է, թե հայ կարդիովիրաբույժներն ինչ մեծ հաջողությունների են
հասել այդ բնագավառում: Մեզ մոտից էլ են շատերը գալիս Հայաստան
վիրահատության համար: Քոբուլեթին դեռ խորհրդային ժամանակներից հայտնի
առողջարանային կենտրոն էր, հատկապես սրտային հիվանդների եւ զոբ
ունեցողների համար. այստեղ մերձարեւադարձային կլիմա է, իսկ առավոտյան
ժամերին, երբ արեւի շողերն ընկնում են ծովի վրա, օդը հագենում է յոդով:
Շատ քիչ տեղեր կան, որտեղ ծովի ափին այսքան շատ սոճի է աճում: Իսկ եղանակն
անգամ ձմռանը շատ տաք է լինում: Այնպես որ, մեզ մոտ կարելի է հանգստանալ
համարյա ողջ տարին: Եվ եթե մեր երկու երկրների Առողջապահության
նախարարությունները գան համաձայնության, այստեղ կարելի է համատեղ
կլինիկաներ եւ առողջարաններ բացել:
– Իսկ ի՞նչ պայմաններ են առաջարկվում պոտենցիալ ներդրողին:
– Քանի որ մեր առաջարկությունները շատ բազմաթիվ են, բնականաբար պայմաններն
էլ շատ տարբեր են՝ կախված նրանից, թե տվյալ գործարարն ինչպիսի ներդրում
կցանկանա կատարել:
– Դուք համաձա՞յն եք այն մտքին, որ գովազդի լավագույն ձեւերից մեկը
որակյալ արտադրանքն է կամ ծառայությունը: Ձեր պարագայում ես նկատի ունեմ
ծովափնյա քաղաքին համապատասխան ենթակառուցվածքները, ինչն այսօր փաստորեն
բացակայում է:
– Իհարկե, մեզ մոտ դեռ պակաս ու թերի բաներ շատ կան, բայց դրա պատճառը
վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի՝ մի նախարարությունից մյուսին
անցնելն էր: Սակայն մենք դանդաղ քայլերով, բայց առաջ ենք գնում: Արդեն
եկող տարի լողափի ողջ երկայնքով կսահմանվեն առանձին-առանձին տարածքներ
լողացողների, հանգստացողների, մոտորանավերի եւ սկուտերների (ջրային
մոտոցիկլետների) համար: Փրկարարական ծառայության աշխատանքն ավելի օպերատիվ
կդարձնենք: Մենք եղանք Հայաստանում ու տեսանք, թե ինչքան բարձր է տարբեր
ծառայությունների մատուցման մակարդակը: Այնպես որ, համոզված ենք, որ ձեր
ներդրողները կներմուծեն նաեւ այդ մշակույթը:
– Ձեր քաղաքը ծովափնյա հանգստյան գոտի է, սակայն անգամ երիտասարդների համար զվարճանքների կենտրոններ չկան:
– Ես կարծում եմ, որ շուկան ինքը կշտկի այդ հարցերը: Իհարկե, քաղաքային
իշխանություններն արդեն հատուկ տեղեր են հատկացրել դիսկոտեկների եւ
երիտասարդական կենտրոնների համար, որպեսզի նրանք ավելի մեծահասակ
հանգստացողներին չխանգարեն: Մենք մտածում ենք մեր բոլոր հյուրերի մասին՝
եւ՛ երիտասարդների, եւ՛ մեծերի, եւ՛ փոքրերի:
– Իսկ ի՞նչ պայմաններ եք ստեղծել ավտոտուրիստների համար:
– Մեզ մոտ արդեն լողափերից մեկը հատկացված է զուտ ավտոտուրիստների համար:
Խորհրդային ժամանակաշրջանում Քոբուլեթիում հատուկ ավտոտուրիստների համար
գործում էր շատ մեծ կեմպինգ, սակայն հետո ավերվեց: Բայց մենք որոշել ենք
այն վերականգնել, ավելին, ավտոտուրիստների համար հատկացված լողափերի
քանակն ավելացնել: Այդ ամենը, իհարկե, կախված է պահանջարկից: Իսկ ում դուր
է գալիս «վայրի» հանգիստը, այսինքն՝ ով չի ուզում օգտվել կեմպինգների
ծառայությունից, կարող է իր մեքենան կանգնեցնել լողափի չզբաղեցված հատվածի
ցանկացած մասում, խփել իր վրանը եւ հանգստանալ, փա՛ռք Աստծո, մեր լողափի
երկարությունը 28 կմ է: Այդպիսիք այս տարի արդեն շատ կան:
– Այստեղ Աբաշիձեից հետո շա՞տ բան է փոխվել:
– Այո, իհարկե, շատ բան է փոխվել, եւ շատ բան էլ դեռ պիտի փոխվի:
Ապահովված է ամբողջ ափամերձ շրջանի լուսավորությունը: Ամռանը
ոստիկանությունը նույնիսկ Քութաիսիից ու Թբիլիսիից է կենտրոնացվում
հանգստյան գոտիներում՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար:
Ինչպես վրացիները, այնպես էլ հայերը հյուրասեր ժողովուրդ են: Մենք դարավոր
հարեւաններ ենք, եւ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ հյուրերը
մեր երկրում իրենց լավ զգան: Ինչպես Մհեր Մկրտչյանի հերոսն էր ասում
հայտնի ֆիլմում՝ «Կոգդա մնե բուդետ պրիյատնո, յա տեբյա տակ դովեզու, չտո ի
տեբե բուդետ պրիյատնո»: