Կմիանա՞ն արդյոք ընդդիմադիր ուժերը «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությանը, որը նախատեսում է Ազգային ժողովի դիմաց կազմակերպել հանրահավաք ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների:
«Այն օրը, երբ արձանագրությունները պաշտոնապես կմտնեն ՀՀ Ազգային ժողովի օրակարգ եւ կդառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, մենք այն կդիմավորենք ԱԺ դարպասների մոտ` բարձրաձայնելով մեր բողոքն ու վճռական «ՈՉ»-ը: Մենք կոչով դիմում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին` միանալ այդ հանրահավաքին եւ թույլ չտալ կյանքի կոչել այս իրավասպան ու հիրավի հայրենադավ փաստաթղթերը»,- նշված էր «Ժառանգության»` օրերս տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում տարաձայնություններ էին առաջացել «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ, ինչը որոշ մեկնաբաններ գնահատեցին որպես «ոչ»-ի շարժման պառակտում: Սակայն «Ժառանգությունը» մասնակցել եւ շարունակում է մասնակցել ընդդեմ արձանագրությունների ՀՅԴ-ի կազմակերպած միջոցառումներին: Արձանագրություններին դեմ հանդես եկող ուժերի վերջին համատեղ միջոցառումը ԱԺ իշխանական պատգամավորներին ուղղված ստորագրահավաքի կազմակերպումն է: Ինչեւէ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն ԱԺ դարպասների մոտ «Ժառանգության» նախաձեռնած այս բողոքի ակցիային միանալ-չմիանալու հետ կապված պաշտոնապես որոշում դեռ չի կայացրել: «Այդպիսի հարց մենք չենք քննարկել, բայց ենթադրում եմ, որ եթե նման միջոցառումը համընկնի խորհրդարանի ներսում կատարվող քննարկումների հետ, խմբակցությունը առնվազն իր մեծամասնությամբ կգերադասի ակտիվորեն մասնակցել: Թեեւ չի բացառվում, որ մեզանից նաեւ միացողներ կլինեն, եթե պաշտոնապես այս հարցին չանդրադառնանք, որովհետեւ, իհարկե, կողմ կլինենք նման գործողությունների»,- ասաց Ա. Շահբազյանը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն չմիանա «Ժառանգության» այս նախաձեռնությանը, պատասխանեց` «Ո՛չ»: «Ես չեմ կարծում, թե միանալու հետ կապված որեւէ խնդիր կառաջանա: Մենք միայն պետք է աջակցենք իրար, քանի որ երկուսիս նպատակն էլ ի վերջո նույնն է: Մի օր իրենք են մի բան կազմակերպում` մենք կաջակցենք, մի օր մենք կկազմակերպենք` իրենք կաջակցեն: Կարեւորը այն է, որ որոշակի արդյունք կարողանանք ապահովել»,- նշեց Ա. Մինասյանը: ՀՌԱԿ-ը եւս պաշտոնապես դեռ որոշում չի կայացրել` կմիանա՞ն ԱԺ-ի դարպասների մոտ «Ժառանգության» կազմակերպած բողոքի ակցիային, թե՞ ոչ: «Անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», մենք պայքարելու ենք արձանագրությունների դեմ, եւ չի բացառվում, որ մասնակցենք նաեւ այս միջոցառմանն ու ընդհանրապես բոլոր այն միջոցառումներին, որ նրանցից որեւէ մեկը կկազմակերպի: Ուղղակի այս պահին մեր հանրապետական վարչությունը դեռ նման որոշում չունի, որպեսզի ես պատասխանեմ «այո» կամ «ոչ»: Մենք միշտ էլ երթերին ու բողոքի մյուս ակցիաներին մասնակցել ենք: Պարզապես հիմա` ձեզ հետ խոսելու պահին, ես չեմ կարող միանձնյա որոշում կայացնել. մեզ մոտ վաղուց որոշումները կոլեգիալ են կայացվում»,- նշեց Հ. Առաքելյանը: Հարցին, թե անհրաժեշտություն կա՞, որ «Ժառանգությունը» պաշտոնապես դիմի ՀՌԱԿ-ին, որպեսզի վերջինս միանա «Ժառանգության» նախաձեռնությանը, Հ. Առաքելյանը պատասխանեց` «Ո՛չ»: «Մենք նման մեծամտական բաներով չենք տառապում, դա մեր գործելաոճը չի: Հայտարարել են, կոչով դիմել են` կքննարկենք»,- ասաց նա: Իսկ Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի պատրաստվում մասնակցել «Ժառանգության» կազմակերպած բողոքի ակցիային: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ծանոթ չէր «Ժառանգության» վերը նշված հայտարարությանը եւ քաղաքական ուժերին ուղղված կոչին, իսկ երբ տեղեկացավ, պատասխանեց` «Լավ, լավ, լուրջ բան չէ»: