«Ողջամիտ ժամկետը» փոխվել է

19/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ՀՀ իշխանությունների «նախաձեռնողական քաղաքականությունը» կարծես թե մոտենում է ավարտին: Իշխանություններն արդեն արել են գրեթե բոլոր քայլերը` սկսած 2008թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրելուց, մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելը: Հիմա մնում է լուծել արձանագրությունները վավերացնել-չվավերացնելու հարցը:

Անցած շաբաթվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարան ուղարկեց 2008թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Ստորագրելուց մոտ մեկ շաբաթ հետո Թուրքիայի իշխանություններն էին արձանագրությունները ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: Սակայն այդ երկրի խորհրդարանը դեռ չի քննարկել դրանք: Ինչպես թուրք պաշտոնյաներն են բազմիցս հայտարարել` սպասում են մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց արձանագրվի: Իսկ այս ընթացքում ՀՀ տարբեր մակարդակի պաշտոնյաներն էլ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները պետք է սպասեն, մինչեւ Թուրքիան առաջինը վավերացնի արձանագրությունները: Վավերացնելու համար որպես վերջնաժամկետ կամ «ողջամիտ ժամկետ»՝ հայկական կողմը նշում է ապրիլի 24-ը: Սակայն ամենայն հավանականությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը փոխվել է. համենայնդեպս, երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, թե ողջամիտ ժամկետը մինչեւ մարտի 4-ն է: Բնականաբար, Ռ. Պետրոսյանի այս հայտարարությունը «ինքնաբուխ» չէր եւ արտահայտում է իշխանական վերնախավի տեսակետը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն հենց մարտի 4-ին է որոշել քվեարկության ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Մյուս կողմից էլ՝ արձանագրություններն արդեն ՀՀ ԱԺ-ում են եւ միջազգային պայմանագրերի մասին օրենսդրության համաձայն՝ դրանք մեխանիկորեն ընդգրկվելու են խորհրդարանի քննարկման մեծ օրակարգում: Եվ վերջին մի քանի օրերին արդեն տեսակետ է հնչում, որ Հայաստանն ինքը պետք է ինչ-որ քայլեր անի դրանց վավերացման ուղղությամբ եւ չսպասի Թուրքիային: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի համար հարմար տարբերակ է, որ արձանագրությունների համար գլխադասային նշանակված Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկի այդ փաստաթղթերը: Իսկ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանն էլ կարծում է, որ խնդիր չի առաջանա, եթե Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրությունները: Նշենք, որ Կ.Բեքարյանի կարծիքները հաճախ են համընկնում իշխանությունների տեսակետների հետ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ իշխանություններն այլեւս չեն կարողանում ետ կանգնել իրենց «նախաձեռնողական» քաղաքականությունից: Եվ հիմա պետք է առաջինը վավերացնեն այդ արձանագրությունները ու Թուրքիային «փաստի առաջ կանգնեցնեն»:

Երկրորդ փաստաթուղթը, որ շրջանառվում է խորհրդարանում, կառավարության ուղարկած նախագիծն է, որի համաձայն՝ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում այնպիսի փոփոխություն պետք է արվի, որի արդյունքում ՀՀ նախագահը կարողանա կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը, հանձնարարական տալ Արտաքին գործերի նախարարությանն՝ այդ մասին տեղեկացնել պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին: Կառավարության նախաձեռնությամբ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ՀՀ նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը եւ իրավասու գերատեսչությունը: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 10-ին, ՀՀ Սահմանադրական դատարանում արձանագրությունների քննարկումից մեկ ամիս առաջ, Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել էր, թե հանձնարարել է «համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք նախապատրաստեն լրացումներ մեր օրենսդրության, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրելուն, վավերացնելուն եւ չեղյալ հայտարարելուն»: Եվ ահա կառավարությունը հենց այս հանձնարարությունն է կատարել ու օրենսդրական նախաձեռնությունն արդեն ուղարկել է ԱԺ: Դա նույնպես պետք է քննարկվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Այս հարցին առնչվող ԱԺ-ում շրջանառության մեջ դրված մյուս նախագիծը «Դաշնակցություն» խմբակցության օրինագիծն է, որով առաջարկվում է, որ ՀՀ նախագահի հետ միասին վերապահումների իրավունք ունենա նաեւ ԱԺ-ն: ՀՅԴ-ն բազմիցս է հայտարարել, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացնելու դեպքում կարելի է դրանց կցել նաեւ վերապահումներ: Եվ օրինագծով առաջարկվում է, որ եթե ՀՀ նախագահը չի անում այդ վերապահումները, դրանք կարողանա անել խորհրդարանը: Դաշնակցականների կարծիքով՝ այդպիսով այս փոփոխությունը ոչ միայն Հայաստանին ճկուն կդարձնի արտաքին հարաբերություններում, այլ նաեւ կբարձրացնի ԱԺ դերն ու նշանակությունը արտաքին քաղաքականության ասպարեզում:

Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացման բուն գործընթացին, ապա այն խոչընդոտներ չի ունենա խորհրդարանում: Խորհրդարանական մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերների` ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ կողմ կքվեարկի: Արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն եւ խորհրդարանի կողմից օրենքի ուժ կստանա նաեւ Կառավարության ներկայացրած օրինագիծը: Եթե, իհարկե, հետո իշխանությունները չորոշեն, որ նման փոփոխություն պետք չէ անել: Իսկ «Դաշնակցության» ներկայացրած օրինագիծը կընդունվի, եթե դա կամենան իշխանությունները: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ իրենց օրինագիծը ձեռնտու է նաեւ իշխանություններին: Բայց չի բացառվում, որ իշխանությունները նույնիսկ քննարկման օրակարգ չընդգրկեն իրենց երբեմնի գործընկերոջ նախագիծը: Այդ դեպքում Ա.Մինասյանը չի բացառում, որ իրենք կօգտվեն խորհրդարանական ընդդիմություն լինելու իրենց իրավունքից եւ գոնե քննարկման կներկայացնեն արտահերթ ռեժիմով:

Նշենք, որ Ռաֆիկ Պետրոսյանը երեկ նաեւ հայտարարել է, թե ԱԺ` երեք շաբաթ հետո կայանալիք քառօրյայի ժամանակ արձանագրությունները կքննարկվեն: