Արվելու է ամեն ինչ

19/02/2010

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աղետի գոտում պետբյուջեից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրերի վերաբերյալ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականների կատարման ընթացքի շուրջ: Նախագահի մամլո գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն` խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարը, Լոռու եւ Շիրակի մարզպետները, Գյումրու քաղաքապետը, կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրենը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, պաշտոնատար այլ անձինք: Կ. Կարապետյանն ասել է, որ պետությունն իր սուղ միջոցներից մեծ գումարներ է ներդրել երկար տարիներ անօթեւան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու գործում, ուստի, կատարված աշխատանքը որակի առումով պետք է արդարացնի այդ մարդկանց եւ պետության սպասումները: Հաղորդագրության համաձայն` Կ. Կարապետյանն ասել է, որ թեեւ մինչ այժմ արձանագրված թերությունները վերացվում են, սակայն պետք է առաջիկայում դրանց կրկնությունից խուսափելու գործուն մեխանիզմներ կիրառել: Մասնավորապես, խոսվել է շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մարմինների մասնագիտական պատրաստվածության, դրանց աշխատանքի համակարգման մասին եւ նշվել, որ ոչ միայն կառուցապատողը, այլեւ վերահսկող մարմինները խիստ պատասխանատվություն են կրելու որակի համար: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ շինարարական աշխատանքներում տեղի աշխատուժը ներգրավելու, բնակարանների բաշխումը արդարացի եւ թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտությանը: Ի դեպ, Կ. Կարապետյանը հատուկ ընդգծել է, որ նախագահի աշխատակազմը հետեւողական է լինելու քննարկված հարցերում: