Կառավարական ռեպրեսիաների արդյունքը

19/02/2010

2009թ. աշխարհում սպանվել է 70 լրագրող: Սա ավելին է, քան երբեւէ` վերջին 30 տարիների ընթացքում, ինչ սկսվել է նման տվյալներ հավաքվել: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի վերջերս հրապարակված «Հարձակումներ մամուլի վրա 2009 թվականին» զեկույցում: Մոտ 150 լրագրող ներկայում գտնվում են բանտերում, որոնցից 60-ը` Իրանում: Լրագրողների պաշտպանության կոմիտեի կարծիքով, առավել խոցելի են «online» լրագրողները: Համաձայն զեկույցի` online ռեժիմով աշխատող լրագրողները կազմում են ամբողջ աշխարհում ձերբակալված լրատվամիջոցների աշխատողների կեսից ավելին: ՄԱԿ-ի տեղեկատվական համաժողովի ժամանակ Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ միջազգային ճնշումը մնում է պայքարելու ամենաարդյունավետ միջոցը` կառավարական ռեպրեսիաների եւ անպատժելիության դեմ: Նոր ԶԼՄ-ների աճը, ինչպիսիք են բլոգները եւ սոցիալական ցանցերը, ստեղծել են նոր հնարավորություններ` պայքարելու բռնարարքների եւ գրաքննության դեմ, ասում են նրանք: Սակայն զգուշացվում է նաեւ, որ որոշ երկրներ կարող են այս տեխնոլոգիաներն օգտագործել լրագրողների դեմ: Մասնավորապես նշվում է, որ Թեհրանում օգտագործվում են սոցիալական կայքեր` հետապնդելու համար վտարանդիներին եւ լրագրողներին: «Արձագանքող եւ անվտանգ գլոբալ լրատվամիջոցների ստեղծումը պահանջում է նոր ռազմավարական մտածողություն, որը կպատժի մարդասպաններին, կնվազեցնի ձերբակալված լրագրողների թիվը, կաջակցի ռեպրեսիվ միջավայրում աշխատող լրագրողներին»,- ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը: