Գերշահույթ` նյարդերի հաշվին

07/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Դժգոհություններն «Արմավիա» ավիաընկերության կազմակերպած թռիչքներից
ամռանը կարծես թե ավելի են շատանում: Դա հավանաբար պայմանավորված է
ուղեւորների քանակի ավելացմամբ եւ «Արմավիայի» սահմանափակ
հնարավորություններով, որոնք բավարար չեն նորմալ թռիչքներ կազմակերպելու
համար:

Օգոստոսի 28-ին Սոչի-Երեւան չվերթն իրականացվել է բավական անհարմար
պայմաններում: Թռիչքը նախատեսված է եղել առավոտյան ժամը 10.30-ին:
Հաշվառումը (ռեգիստրացիա) անցնելու համար ուղեւորները բնականաբար
օդանավակայան են ժամանել 1-2 ժամ շուտ: Սակայն պարզվել է, որ թռիչքն
անորոշ ժամանակով հետաձգվում է: Պատճառների մասին «Արմավիայի»
ներկայացուցիչները ոչ մի բացատրություն չեն տվել: Չեն ասել, թե ինչքան
ժամանակով է հետաձգվելու, որպեսզի ուղեւորներն այդ ընթացում որոշեն`
տեղում սպասե՞լ, թե՞ գնալ, հետո նշված ժամին վերադառնալ: Եվ այդ
անորոշության մեջ ուղեւորները Սոչիի օդանավակայանում սպասել են մինչեւ
ժամը 18.00-ը: Այդ ժամանակ նոր սկսվել է հաշվառումը, որը տեւել է 4-5 ժամ:
Բանն այն է, որ նախապես պլանավորված է եղել, որ թռիչքն իրականացնելու է
«Էյրբաս-320» ինքնաթիռը, բայց ժամանել է «Իլ-86»-ը: Եվ գիշերային ցրտին
չպատրաստված ուղեւորները սրթսրթալով հասել են Երեւան:

«Ուրախ էինք, որ վերջապես հասանք,- պատմում է տիկին Իրինան:
-Պատկերացնո՞ւմ եք, 340 ուղեւոր 14 ժամից ավելի անորոշության մեջ այդ փոքր
օդանավակայանում սպասում էր: Մեծերը մի կերպ դիմանում էին, փոքրերը սովից
ու հոգնացությունից արտասվում էին. մարդիկ կային, որ մոտները ուտելիքի փող
չկար: Աերոպորտում էլ, գիտեք, ամեն ինչ թանկ է: Գոնե բուտերբրոտ բաժանեին,
կամ էլ ասեին` գնացեք, այս ժամին եկեք»:

«Արմավիայից» փորձեցինք պարզել ստեղծված անհարմարության պատճառը:
Կոմերցիոն տնօրենի տեղակալ Անդրեյ Աղաջանովը պատասխանեց, որ պատճառը
տեխնիկական էր: Այսինքն, պարզվել է, որ ուղեւորների քանակը նախատեսվածից
կրկնակի է՝ մոտ 340: Հավանաբար ուղեւոր չկորցնելու համար վաճառել են
նույնքան տոմս եւ կանգնել փաստի առաջ: Որպեսզի երկու թռիչքի համար ավելորդ
ծախսեր չանեն, որոշել են թռիչքը հետաձգել ու սպասել Մոսկվայից ժամանող
«Իլ-86» մեծ ինքնաթիռին: Սա էլ, մինչեւ Մոսկվա-Երեւան, հետո` չնախատեսված
Երեւան-Սոչի թռիչքն իրականացրել է, ժամեր են անցել: Իսկ Սոչիի
օդանավակայանը տեխնիկապես ի վիճակի չէ միանգամից 340 ուղեւորի հաշվառում
իրականացնել, եւ այդ գործընթացն էլ լրացուցիչ ժամեր է խլել: Փաստորեն, այս
ամբողջ անհարմարության պատճառն այն է եղել, որ «Արմավիան» որոշել է քիչ
ծախսով մեծ շահույթ ստանալ:

Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ «Սիբիրավիան» իր բաժնեմասերը վաճառեց
«Արմավիային», եւ վերջինս Հայաստանում դարձավ թռիչքներ իրականացնող միակ
ընկերությունը՝ ոլորտում ստեղծելով մենաշնորհային վիճակ: Հավանաբար այս
կարգավիճակից օգտվելով է, որ «Արմավիան» այսքան անպատասխանատու է իր
գործունեության եւ ուղեւորների նկատմամբ: Ավելացնենք նաեւ, որ այս ուշացած
ուղեւորներին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են նրանց
հարազատները, իսկ «Զվարթնոցում» գործող պայմաններին առիթ ունեցել ենք
ծանոթացնելու: Օդանավակայանի տարածքում 12 ժամ մեքենան կանգնեցնելու համար
գանձվում է 2000 դրամ: «Զվարթնոցի» վարձակալին չի հուզում, որ դիմավորողն
«Արմավիայի» մեղքով է այսքան երկար սպասում: Նա իր ներքին կանոններն ունի,
համաձայն որի` վարորդն անպայման պիտի վճարի: Իսկ «Արմավիան» դժվար թե այս
վնասները փոխհատուցի: