Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կատարվածը ցնցեց հանրապետությունը. ծնողների վիճաբանության հանգուցալուծման զոհ դարձավ նրանց 21-ամյա աղջիկը` Մանուշակ Խաչատրյանը:
Ըստ Ոստիկանության տարածած տեղեկատվության` վեճի ժամանակ հայրը` Անդրանիկ Խաչատրյանը, փայտով հարվածել էր աղջկա գլխին, ով հարվածից ժամեր անց մահացել էր անասնագոմում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչը, սակայն, Երանոս գյուղի բնակիչների համար մեծ ցավ է, որովհետեւ, ըստ նրանց` այն, ինչ կատարվել էր, պարզապես պատահականություն էր: Տան բակում Մանուշակի մոր` Նուբար Փաշոյանի փռած գունավոր լվացքից դժվար էր անգամ պատկերացնել, որ այնտեղ ապրում է ողբերգություն տեսած ընտանիքը: Բակում ամեն ինչ լուռ էր, անգամ հավերն էին առանց աղմուկի այս ու այն կողմ վազում: «Բարեւ Ձեզ: Գիտեք` լրագրող եմ եւ…»,- ասացի ես, ու մինչ վերլուծում էի հիմար կարգավիճակս, դուռը բացեցին երկու կանայք: Շփոթահար նայեցի նրանց` սպասելով պատասխանին: Իրենք էլ բարեւեցին, ու լռեցինք: «Սա Ձեր տան բանալի՞ն է»,- այդ պահին աչքս ընկավ տան շեմքին ընկած ծռմռված օղակով բանալուն: Կանայք տարակուսանքով նայեցին իրար, հետո` ինձ: «Հա, բայց որտեղի՞ց գտար: Ո՞վ ես»,- հարցրեցին նրանք` ուշադիր նայելով ինձ: «Մանուշակի մա՞յրն եք»,- փոխարենը պատասխանեցի ես: Կինը լայն բացեց դուռն ու անսպասելիորեն ներս հրավիրեց: «Եկեք: Հա, ես եմ Մանուշակի մայրը»,- ասաց նա` դուռն անաղմուկ փակելով: Գուցե հյուրասենյակի կիսամութ լինելն էր պատճառը, որ տիկին Նուբարի դեմքը չափազանց դեղին էր թվում: «Աղջիկ ջան, բա որտեղի՞ց գիտես Մանուշին»,- հայացքը խոնարհած հատակին` հարցրեց կինը: Նորից ասացի, որ լրագրող եմ: «Ու եկել եք ի՞նչ գրեք: Դե դավայ` էստեղից դուրս եկեք»,- նախասրահից շանթահարի պես ներս մտավ Մանուշակի ավագ եղբայրը` Հակոբը: «Ի՞նչ պետք է, արդեն գրել են»,- զայրացավ նա` մոտենալով սենյակի պատուհանին: «Գուցե ճի՞շտ է: Ի վերջո, ի՞նչ եմ ուզում գրել: Ինչո՞ւ հասա այստեղ»,- մինչ մտածում էի` նայելով մի տեսակ խեղճացած տիկին Նուբարին, Հակոբը շարունակեց: «Գնացեք Դուք էլ նույն բանը կրկնեք: Մենք ասելիք չունենք: Ի՞նչ պիտի ասենք, եթե թերթերն են մեր փոխարեն ամեն ինչ ասել: Ու, ցավոք, առանց ճանաչելու մեզ»,- պատուհանի կողքից հանկարծակի շրջվեց նա: Բազմոցին նստած տիկին Էմման` Մանուշակի հորեղբոր կինը, հարցական հայացքով նայեց ինձ, հետո անխոս վերցրեց բազմոցի վրա դրված գոտին ու սկսեց փաթաթել ձեռքին: Տիկին Նուբարը բարձրացրեց գլուխը, մի տեսակ անզոր նայեց ամուսնու եղբոր տիկնոջը, որդուն ու դիմացի կիսաբաց սենյակի դռանը: Հետո նորից ձեռքերի ափերի մեջ առավ գլուխն ու առանց արցունքների սկսեց լացել: «Մամ, վեր կաց սրա համար հաց-մաց դիր: Մենք հյուրասեր ենք: Հասել եք էստեղ, գնալուց առաջ գոնե մի բան հյուրասիրենք»,- Հակոբի` սեւ երիզներով աչքերը դարձյալ լցվեցին կատաղությամբ, որոնք ոչ թե չարությունից էին փայլում, այլ անդարձ կորստի դեմ անզոր լինելուց: Այստեղ էլ հասկանում ես, թե ինչո՞ւ ես գնացել ու ի՞նչ ես փնտրում: Տիկին Նուբարի ետեւից շտապեցի խոհանոց: Վերջինս, գազօջախի վրա թողնելով սուրճը, սկսեց լացել: Քիչ անց ինքն իրեն հավաքելով` սկսեց խոսել: «Սովորական օր էր, աղջիկ ջան: Չգիտեմ` ինչի՞ էսպես եղավ: Հիմա ցանկացած ընտանիքում էլ պատահում է: Ո՞ր ամուսինները չեն վիճում»,- սուրճի սեղանի շուրջ լացակումած դադարներով պատմում էր Մանուշակի մայրը: Հակոբը դարձյալ սաստեց մորը: Մայրը անմիջապես լռեց` սեղանից վերցնելով բաժակը: Ժամացույցի թըկթըկոցները գնալով ավելի էին ծանրանում: Հակոբն անընդհատ հետեւում էր ժամատախտակին: Այդ պահին, ինքս էլ չհասկանալով, թե ինչպես, սկսեցի պատմել իմ կորուստների մասին: Նրանք լուռ լսում էին: «Կորցրածը ետ չես բերի: Մեր Մանուշն էնքան աշխույժ աղջիկ էր: Դրսից ինչ իսան կմտներ, միանգամից վեր կկենար, սուրճ կպատրաստեր: Մինչեւ լավ չհյուրասիրեր` հյուրին չէր թողնի գնա»,- սկսեց վերհիշել տիկին Նուբարը: «Լավ ճաշեր էր պատրաստում: Ամենաշատը մենք Մանուշի սարքած կարտոֆիլի ժարիտն էինք սիրում: Իրոք, համով էր սարքում»,- ասում էր նա: Հակոբը` լսելով այդ մասին, սկսեց թույլ ժպտալ: Ու այնպիսի տպավորություն էր, կարծես հարեւան սենյակից ուր որ է դուրս է գալու Մանուշակը, նայելու է մեզ ու ներողամիտ ժպտալու է: «Դպրոցում լավ էր սովորում: Մեր էս գյուղի էրեխեքին շատ էր օգնում դասերն անել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Մարտունու մանկավարժական քոլեջ: Շատ էր կարդում»,- մանուշակագույն խալաթի վրայից թելի միակ կտորը վերցնելով` անհանգիստ խոսում էր կինը` հիշելով այն վերջին գիրքը, որ կարդացել էր Մանուշակը: «Էս վերջերս Թումանյանի «Անուշն» էր կարդում: Շատ էր սիրում Տերյան: Գյուղի գրադարան էր շատ գնում»,- ասաց նա: Սենյակում կամաց-կամաց ցրվում էր նաեւ այն զայրույթն ու կատաղությունը, որ սկզբից էր ստեղծվել: Հակոբն ինքն էլ սկսեց պատմել կենսախինդ քրոջ ու հոգատար հոր մասին: «Ես մի ամիս առաջ էի գնացել Ռուսաստան: Էնտեղ բուժվում էի: Հասկանում եք, մարդն ամեն ցավի կարա դիմանա` միայն ոչ հարազատի կորստին: Էդ պահերին ես սկսում ճանաչել, թե ով՝ ով ա: Թե ո՞նց հանկարծ կարան տան աղուհացը կերած մարդիկ քո դեմ դուրս գան: Ինձ վիրահատել էին: Բժիշկներին թվում էր, թե ես ոչ մի ցավ չեմ զգում: Բայց ես իմ ամբողջ վիրահատությունը տեսել ու ամեն ինչ զգացել էի»,- պատմեց 25-ամյա տղան: «Ես Ձեզ չեմ ճանաչում: Դուք էլ մեզ չեք ճանաչում, բայց էսօր ինչ ասես գրում են հորս մասին: Ինքը էնքան բարի ու լավ մարդ ա: Բնավորությամբ էնքան անշառ էր..»,- սենյակի երկայնքով քայլելով` պատմում էր Հակոբը, որի հիվանդությունը մինչ օրս բժիշկները չեն կարողացել ախտորոշել: «Ես ընդհանրապես որեւէ գանգատ չեմ ունեցել: Ամեն ինչ շատ լավ էր: Ու չգիտեմ` ինչի էսպես պատահեց: Բժիշկներին ու դեղերին չեմ հավատում»,- շարունակեց Հակոբը` վառելով ծխախոտի գլանակը: «Մանուշը հոր հագուստը միշտ արդուկում էր: Ամեն առավոտ վեր կկենար, հոր համար կոֆե կպատրաստեր: Ամուսինս էլ շատ էր սիրում Մանուշին: Բնավորության համաձայն` չէր սիրում էրեխեքին պատժել: Ինձ միշտ ասում էր` Նուբար, ես չեմ կարա էրեխեքին պատժել»,- վերհիշում էր երանոսցի կինը: Տիկին Էմման, որը լուռ լսում էր այս ամենը, երբեմն տխուր ժպտում էր, հետո այս կամ այն նախադասությունից հետո ինչ-որ լրացում անում: «Իսկապես… թե ի՜նչ եղավ»,- խորը հոգոց հանելով` ասաց կինը: «Սովորական օր էր: Ո՞ր հայրը կուզի իր երեխային սպանի: Էն էլ էդքան բարի ու լավ մարդը»,- շարունակեց Հակոբը: Վերջինս էլ ինձ ուղեկցեց այն սենյակը, որտեղ գտնվում է Մանուշակի նկարը: Պատին փակցված էր 5 նկար. Մանուշակը, պապիկն ու տատիկը, եւ երկու հորեղբայրները: «Մանուշիս անունը պապիկն էր դրել: Գեղամ պապը պատերազմի հաշմանդամ էր: Ի պատիվ իր բուժքրոջ, որն օգնել էր պապին, նա դրեց Մանուշակ: Հետո միշտ Մանուշին ասում էր` պիտի մեծանաս, լավ բուժքույր դառնաս, որ ինձ բուժես»,- մաքրելով արցունքները` ասաց տիկին Նուբարը, ում կրտսեր որդին` Ավետիքը, ծառայում է բանակում: «Հակոբը Ռուսաստանից եկավ, Ավետն էլ` բանակից, որ Մանուշին …»,- կոկորդում հավաքված բառակույտը կուլ տալով` հուզվեց կինը: «Պատկերացնում ես, հիմի դաժե էրեխու ծնունդը չեմ հիշում՝ երբ ա: Ամեն ինչ գլխիվայր շուռ ա եկել»։ Տիկին Նուբարի այս խոսքերին ի պատասխան` Հակոբը արձագանքեց. «Տեսնո՞ւմ եք…»: Հյուրասենյակում էլ հրաժեշտ տվեցի Հակոբին, տիկին Նուբարին ու տիկին Էմմային, որոնք մի տեսակ անվստահ նայեցին ինձ, հետո տխուր ժպտացին` խուսափելով լուսանկարվելուց: Դպրոց տանող ճանապարհին էլ, որտեղ արդեն երկար տարիներ է` աշխատում էր Անդրանիկ Խաչատրյանը` Մանուշակի հայրը, հիշեցի Հակոբի խոսքերն ապագայի մասին՝ «Եթե ապրեմ….»: «Անդրանիկը բացառիկ մարդ ա: Ինքն արդեն մի 10 տարի կլինի, որ դպրոցի պահակն էր: Մենք բոլորս էլ զարմանում ենք, որ էդ դեպքը կատարվեց: Ախր, ինքը էնքան համեստ մարդ էր, ընկերասեր: Մանուշակն էլ մեր լավագույն աշակերտներից էր: Ոչ մեկս չենք կարող ասել, թե մեզ հետ հաջորդ րոպեին ինչ կկատարվի: Կյանքը երբեմն էնքան դաժան ա լինում»,- ասացին դպրոցի ուսուցչանոցում հավաքված ուսուցիչները` կրկին անցնելով առօրեական հոգսերին:
Կյանքը, ինչպես ասում են, շարունակվում է: Երանոսի ցեխառատ ճանապարհներին հանդարտ շարունակում է մաղել անձրեւը, ու թվում է` ոչինչ չի եղել: Մանուշակը գնաց` չկատարելով պապիկի փափագը` լավ բուժքույր դառնալու մասին, հայրը` Անդրանիկ Խաչատրյանն էլ մինչեւ կյանքի վերջը կտանջվի կատարած արարքի համար, մայրը` տիկին Նուբարը, կշարունակի փռել գունավոր լվացքը` մերթընդմերթ սրբելով արցունքները, մի պահ հիշելով ամուսնուն ու աղջկան, եղբայրներն էլ` Հակոբն ու Ավետիքը, միշտ կհիշեն իրենց տան միակ ծաղկին` Մանուշակին, ու կփորձեն գտնել, թե ինչու շատ ծնողների կենցաղային բախման պես ավարտ չունեցավ նաեւ իրենց ծնողների վեճը, եւ այնուհանդերձ, ինչո՞ւ իրենց տան ծաղիկը մահացավ՝ գարուն չտեսնելով: