Արվեստն ու ժամանակը՝ երեխաների աչքերով

19/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի ազգային պատկերասրահն այս տարի պատրաստել է նոր ծրագիր, որի օգնությամբ մանուկ հայաստանցիները հնարավորություն կստանան ծանոթանալ արվեստի գործերին ու պատմությանը` հատուկ դասընթացների միջոցով:

«Ժամն ու ժամանակը» կոչվող կրթական ծրագիրը, որը նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար, անցկացվելու է մանուկների համար թերեւս ամենահետաքրքիր` ժամացույցների ցուցադրության սրահում: Արվեստի գործեր դարձած (ոսկեզօծ, փորագրված, քանդակներով ու նրբագեղ նախշերով զարդարված, մի քանի մակերեսներ ունեցող) քրոնոմետրերով լեցուն այդ սրահում երեխաները խաղալու, նկարելու, նաեւ` խաղի միջոցով ինֆորմացիա ստանալու հնարավորություն կստանան:

Պատկերասրահի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը շատ է կարեւորում թանգարանային մանկավարժությունը եւ մեծ սպասելիքներ ունի մանկավարժ Անի Ավագյանի մշակած այս խաղ-դասընթացից: «Աշխարհի բոլոր խոշոր թանգարանները հատուկ բաժիններ ունեն, որոնք երեխաների համար ծրագրեր մշակելով են զբաղվում: Մենք դեռ առաջին քայլերն ենք անում, արդեն ունենք 3-4 ծրագիր, որոնք կազմվել, փորձարկվել եւ արդեն կարող են մղվել դեպի կյանք»,- ասում է նա:

10-15 երեխաներից բաղկացած խմբերը կայցելեն սրահ եւ նստելով գորգածածկ հատակին` կլսեն թանգարանային մանկավարժների կողմից պատրաստած դասերը, որոնց առանցքում դրվելու է ժամանակի գաղափարը: Հասմիկ Հարությունյանը պատմում է, որ թանգարանի աշխատակիցները` որեւէ թեմա ներկայացնելուց հետո, պատասխանելու են երեխաների հարցերին, այնուհետ` նրանց առաջարկելու են խճանկար-գլուխկոտրուկներ (փազըլներ) հավաքել, որոնց վրա պատկերված կլինեն պատկերասրահի գլուխգործոցները: «Յուրաքանչյուր երեխա ժամացույց պատկերող մեկական փազըլ կհավաքի: Խճանկար հավաքելու ժամանակ ակտիվ աշխատում է երեխայի միտքը, ձեռքը, նաեւ` երեւակայությունն ու տրամաբանությունը: Կարծում եմ, դա կօգնի իրենց ավելի լավ պատկերացնել, թե ի՞նչ է ժամանակը, եւ ի՞նչ է արվեստը»,- ասում է նա:

Պատկերասրահն արդեն մշակել է մի քանի թեմատիկ ծրագրեր, որոնք մատչելի ու հետաքրքաշարժ կերպով կներկայացնեն խաղողի պատմությունը (երեխաները կհավաքվեն խաղողագործության ու թատրոնի աստված Դիոնիսոսի մարմարե արձանի շուրջը), սիրո աստված Ամուրի փոխակերպումները (դասընթացն անցնելու է Ֆալկոնեի «Ամուր» քանդակի շուրջը, իսկ երեխաները լսելու հետ զուգահեռ` նաեւ մատիտանկարներ են անելու): Կա նաեւ ծրագիր, որը մշակվել է կույր երեխաների համար, եւ տեսողության խնդիրներ ունեցող երեխաները հատուկ ձեռնոցների օգնությամբ` հնարավորություն կստանան շոշափել քանդակներն ու դրանց պլաստիլինե կրկնօրինակներն անել: Այդ դասընթացն անցկացվելու է Հակոբ Գյուրջյանի քանդակների սրահում։ Կրթական, նաեւ՝ սոցիալական մեծ նշանակություն ունեցող այդ ծրագրերին ուղղորդող խաղերը, գրենական պիտույքներն ու նյութերը ձեռք են բերվում պատկերասրահի միջոցներով։ Ապագայում նախատեսվում է նաեւ սլայդային ուսուցման ֆորմատով աշխատել եւ սլայդ-շոուի միջոցով ավելի բարձր դասարանցիներին ներկայացնել արվեստի ու ժամանակի պատմությունը։ Կարո՞ղ են արդյոք այդ խաղ-դասընթացները կրտսեր դպրոցի պարտադիր կրթական ծրագրերի շարքը մտնել, Հ.Հարությունյանը դժվարանում է ասել: «Կարծում եմ, մենք դեռ դրան չենք հասել: Միգուցե պետք է սկսենք առանձին դպրոցների հետ պայմանավորվել ու երեխաներին ներգրավել այդ դասերի մեջ: Եվ եթե գործընթացը հաջող լինի, հետագայում Կրթության նախարարությանը կառաջարկենք պատկերասրահի դասերն ընդգրկել ուսուցման ծրագրերում՝ Երեւանի յուրաքանչյուր դպրոցի համար հատուկ այցելության օրեր սահմանելով»,- ասում է նա:

Դպրոցական պատերից դուրս դասեր անցկացնելու (մանավանդ` դրանք թանգարաններ տեղափոխելու) պրակտիկան վաղուց արդեն կիրառվում է աշխարհում` ապահովելով այն անկաշկանդ մթնոլորտը, որի պակասը մեր հետխորհրդային դպրոցական համակարգը հիմա շատ է զգում: Եվ առանց նախանձի չի կարելի հիշատակել, օրինակ, Փարիզի «Պոմպիդու» արվեստի կենտրոնը, որի տարբեր դահլիճներում ոչ միայն արվեստի, այլեւ` պատմության, գրականության դասեր են անցկացվում: Եվ դա համարվում է պարտադիր պայման` գիտելիքը առավել ամբողջական, արագ եւ գեղեցիկ յուրացնելու համար: Հ.Հարությունյանը նկատում է, որ պատկերասրահը դեռ չի կարող նման հեռահար նպատակների մասին խոսել, թեեւ պատրաստ է համագործակցել բոլոր դպրոցների հետ. «Այժմ մենք կարող ենք իրականացնել միայն այն ծրագրերը, որոնք հիմնվում են պատկերասրահի նյութերի վրա: Եվ հետագա մեր քայլերը կախված են կոնկրետ դպրոցների ցանկություններից: «Անանիա Շիրակացի» դպրոցն, օրինակ, ցանկություն է հայտնել ոչ միայն կրտսեր, այլեւ` բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված ծրագրերի մասնակցել»։

Հարկ է հիշել նաեւ, որ գեղարվեստական կտավները լավագույն միջոցն են դիցաբանության ու կրոնի պատմությանը ծանոթանալու համար։ Աստվածաշնչյան դրվագները դիտելիս՝ ցանկացած երեխայի մոտ պատկերի ետեւում թաքնված պատմությունը հասկանալու, վերծանելու ցանկություն է առաջանում։ Եվ եթե պատկերասրահի այս նախաձեռնությունը իրապես շարունակական դառնա, ապա կարող է լրացնել, իսկ շատ դեպքերում էլ՝ ուղղակի շտկել հայաստանյան դպրոցական դասագրքերի աչքի զարնող բազմաթիվ թերությունները։ Պատմության, ժամանակի ու արվեստի միաձուլման կետում է գտնվում այն հսկայական պաշարը, որը թույլ է տալիս երեխային գիտակցել իր տեղն այս մեծ ու անհասկանալի աշխարհում։ Նաեւ զգալ, որ պարտադիրը ոչ միշտ է դառնում ձանձրույթի ու վեհաշուք բառերի դատարկ հավաքածուի հոմանիշը։ Իհարկե, նման ծրագրերն արագ արդյունք չեն տա, դրանք ընդամենը միջոցներից մեկն են՝ կրթված սերունդ պատրաստելու համար։ Իսկ դա այսօր մեր հանրապետության գերակա շահն է։