Անցած շաբաթ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության
հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) հրատարակել է «Հայաստանյան զարգացումներ»
հանդեսի հերթական համարը: Պարբերականում, որի խմբագրական խորհրդի կազմում
ընդգրկված են Հայաստանի տնտեսագիտական շրջանակների հայտնի
ներկայացուցիչներ, փորձ է արված լրացնել մեր մամուլում գոյություն ունեցող
տնտեսական տեղեկատվության եւ մասնագիտական վերլուծությունների ու
գնահատականների պակասը: «Հայաստանյան զարգացումների» այս համարում
ներկայացված են վերլուծություններ ու կանխատեսումներ Հայաստանի 2005թ.
առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշների, աղքատության գնահատման եւ
այլ կարեւոր տնտեսական հարցերի վերաբերյալ: Ավելի հետաքրքրական են
հանդեսում հրապարակված ՀՀ խոշորագույն ընկերությունների ցուցանիշները`
իրացման ծավալները, ընդհանուր ակտիվներն ու հիմնական միջոցները,
արտահանման ծավալներն ու վճարված հարկերը, ինչպես նաեւ՝ խոշոր
ընկերությունների աշխատողների թվաքանակը: «Հայաստանյան զարգացումներում»
տեղ են գտել նաեւ ավելի նեղ մասնագիտական տեղեկություններ եւ
ուսումնասիրություններ:
Միակ բացասական կողմն այն է, որ «Հայաստանյան զարգացումների» տպաքանակը
շատ փոքր է եւ տարածվում է հիմնականում տնտեսագիտական ու բիզնես
շրջանակներում: