Ադրբեջանի Միլի մեջլիսում առաջիկա օրերին քննարկվելու է տոնական օրերի օրացույցի փոփոխություն մտցնելու օրինագիծը, որտեղ առաջարկվում է տոնական օրացույցից հանել Կանանց միջազգային օրը համարվող մարտի 8-ը, փոխարենն առաջարկելով այդ տոնը նշել փետրվարի 28-ին` ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանգուցյալ մոր ծննդյան օրվա:
Վերոնշյալ նախագիծը դեռեւս փետրվարի 2-ին ներկայացրել է իշխանամետ պատգամավոր, անկուսակցական Էլմիրա Ախունդովան: Նա նշել է, որ այդ տոնի ներդրմամբ, ադրբեջանական ժողովուրդն իր հարգանքը կարտահայտի Ադրբեջանի նախագահի մոր` Զարիֆի Ալիեւայի հիշատակին: Նա ասել է, որ Մարտի 8-ը որպես տոն՝ կորցրել է իր նշանակությունը, եւ ժամանակն է փոխել այն: Ըստ ադրբեջանական մամուլի, սակայն, շատ ադրբեջանցի կանայք դեմ են այս օրինագծին: Օրինակ` Բաքվի դպրոցներից մեկի ուսուցչուհի Նիգար Չինգիզգիզին նշել է, որ ինքը սկզբունքորեն չի նշելու այդ տոնը, քանի որ պատգամավորներն իրենց առաջարկներով «լիզում են նախագահի կոշիկները»: Նա նշել է, որ ավելի լավ կլիներ, որպեսզի պատգամավորներն իրենց ժամանակն օգտագործեն առավել կարեւոր հարցեր կարգավորելու ուղղությամբ: Ըստ հրապարակումների` մի շարք դպրոցներ, այգիներ, պուրակներ, փողոցներ արդեն իսկ անվանակոչված են նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ նրա կնոջ անունով, եւ հաշվի առնելով դա, ակնհայտ է, որ Ադրբեջանում գնալով մեծ թափ է առնում Ալիեւների ընտանիքի պաշտամունքը: Այն դրսեւորվում նրանով, որ երկրում գոյություն չունի գեթ մեկ շրջան, որտեղ չլինի մի այնպիսի բնակավայր, որտեղ այս կամ այն ձեւով հիշատակված չեն Ալիեւների անունները: Մի շարք կենտրոնական շրջաններում, հրապարակներում կարելի է հանդիպել՝ Հ. Ալիեւի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նրա եւ իր տիկնոջ արձաններին: «Հարցն այն է, որ Ադրբեջանում ինչ-որ պաշտոնի հասնելու եւ առհասարակ աշխատանքային գործունեության մեջ վերելք ապահովելու ամենակարճ ճանապարհը նման օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն է: Եվ պատահական չէ, որ նույնիսկ մասնավոր հատվածում գործարարները որեւէ առեւտրային կենտրոններ կամ մարզական համալիրներ կառուցելիս եւս առաջնորդվում են այս սկզբունքով: Դրանում կարելի է համոզվել` շրջայց կատարելով Ադրբեջանի մարզական համալիրներով: Նույնիսկ Կասպից ծովում կարելի է հանդիպել շրջագայություններ իրականացնող լաստանավերի, որոնք անվանակոչված են տեր եւ տիկին Ալիեւների պատվին»,- նշված է eurasianet.org կայքում: