Շահագրգռված է

17/02/2010

«Ադրբեջանը շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունմամբ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Վերջերս ես զրուցել եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ նա ասաց, որ հայկական կողմը մինչ օրս չի ներկայացրել իր առաջարկները «հիմնարար սկզբունքների» չհամաձայնեցված կետերի առնչությամբ: Մեր դիրքորոշումը պարզ է, մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը Ադրբեջանի կազմում` ինքնավարության բարձր աստիճանով»,- ասել է Մամեդյարովը: Ըստ նրա, կարգավորման գործընթացը առաջ է շարժվում, եւ Ադրբեջանը շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունմամբ: «Եթե գործընթացը տեղում դոփի, հարց կծագի` իսկ հետո՞: Եվ այն պետք է իրենց տան բանակցությունների մնացած մասնակիցները»,- ասել է Մամեդյարովը: Նա նաեւ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից երեքն են, ինչը վկայում է հակամարտության կարգավորման կարեւորության մասին: «Մենք պետք է լուծենք գրավյալ տարածքների եւ փախստականների` հարազատ տներ վերադարձի խնդիրը»,- հայտարարել է Մամեդյարովը: