Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ապրիլին պատրաստվում է մեկնել ԱՄՆ: Ըստ թուրքական մամուլի, Էրդողանի այցը նախապատրաստելու նպատակով արդեն Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի Արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Նույն պատվիրակության կազմում է նաեւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը: Սինիրլիօղլուն պատրաստվում է ԱՄՆ Պետքարտուղարության եւ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումը` այդ հարցում ամերիկյան կողմին հայտնելով պաշտոնական Անկարայի անհանգստությունները, մարտին ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը եւ Իրանի հետ կապված հարցեր: Ըստ թուրքական թերթերի, Radikal-ը նշում է նաեւ, որ Էրդողանն ապրիլի 14-ին մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Թուրքիայի վարչապետը, ըստ թերթի, ցանկանում է ապրիլի 24-ից առաջ Օբամայի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները։