Երեկ ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժանմունքից ազատ են արձակվել «Սիլ Գրուպ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանի եղբայր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության հատուկ ջոկատայինները գրոհել էին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ Գրուպ» ընկերության շենքը, կոտրել դռները եւ բերման էին ենթարկել Ս.Սուքիասյանին ու Ա.Ստեփանյանին: Ոստիկանության այդ օրվա հաղորդագրության համաձայն՝ վերջիններս իբրեւ թե սպանության սպառնալիքի տակ «Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանին ստիպել են փաստաթուղթ ստորագրել: Ս.Սուքիասյանն ու Ա.Ստեփանյանը կասկածվում էին ՀՀ ՔՕ 137 եւ 235 հոդվածներով` «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք» եւ «Ապօրինի զենք կրելու» մեղադրանքով: Ու թեեւ ժամը 16:30-ին էին նրանց բերման ենթարկել, բայց Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված էր 18:00-ն: Իսկ այսօր այդ նույն ժամին լրացավ նրանց ձերբակալման 72 ժամը: Այսինքն՝ այդ ընթացքում Ոստիկանությունը ոչ թե կասկած, այլ արդեն կոնկրետ մեղադրանք պետք է ներկայացներ ձերբակալվածներին: Սակայն դա չի արել եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հայց չի ներկայացրել դատարան: Սակայն գործը չի կարճվել. պարզապես խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության ուրբաթ օրվա հաղորդագրության համաձայն՝ Գ.Դավթյանը 2008-ի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՍՊԸ-ի 41% տոկոս բաժնեմասը վաճառել է Ս.Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին: Սակայն 1 տարի հետո ՀՀ Վճռաբեկ դատարանն այդ գործարքը անվավեր է համարել: Ավելի ուշ հայտնվել է նոր բաժնետեր եւ ցանկացել է գնել այդ բաժնեմասը: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ այդ մասին տեղյակ պահելու նպատակով նույն օրը Գ.Դավթյանը գնացել է «Սիլ Գրուպի» գրասենյակ՝ այդ մասին Ս.Սուքիասյանին տեղյակ պահելու համար: Ինչպես տեղեկացրել էինք, Գ.Դավթյանն ընթացքում դուրս է եկել եւ բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկել: Երեկ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը հաստատել է այդ տեղեկությունը եւ ասել, թե Գ.Դավթյանն SMS հաղորդագրություն է ուղարկել Ոստիկանություն, որով տեղեկացրել է իրեն ուղղված սպառնալիքի մասին: Ս.Շիրինյանը հաստատել է նաեւ այն տեղեկությունը, որ չնայած Ս.Սուքիասյանը եւ Ա.Ստեփանյանը բերման են ենթարկվել մահվան սպառնալիքի եւ ապօրինի զենք կրելու կասկածանքով, սակայն նրանց գրասենյակում զենք չի հայտնաբերվել: Հիշեցնենք նաեւ, որ Սուքիասյանների հետ «Բյուրեղ» ընկերության գործարքը չեղյալ է համարվել ՀՀ գյուղնախարարության հայցի պատճառով: Պարզվում է՝ նախարարությունն այդ ընկերության 10 % բաժնեմասի սեփականատերն է եղել: Նաեւ հայտնի դարձավ, որ ընկերության բաժնետոմսերի նոր գնորդը գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է: Անցած շաբաթ պատգամավորը խոստացել էր մեկնաբանություններ տալ ընկերության հետ իր ունեցած կապի մասին, բայց դեռ ոչինչ չի ասել:
Ի դեպ, այս ձերբակալության կապակցությամբ եվրոպական կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են եղել ՀՀ իշխանություններին: Մասնավորապես ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրեն զանգել են ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի աշխատակազմից: Եվ ակնհայտ է, որ չհիմնավորված մեղադրանքներով այս կասկածելի ձերբակալության համար իրավապահ մարմիններին դժվար է եղել գործ սարքելը եւ դա եվրոպական կառույցներին ապացուցելը: