ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-թուրքական արձանագրություններն ուղարկելով երկրի խորհրդարան, եւս մեկ քայլ արեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, որն արժանի է դրվատանքի եւ աջակցության: Այս մասին է գրում Լիբանանում լույս տեսնող անգլալեզու «The Daily Star» թերթը: Ըստ պարբերականի` Հայոց ցեղասպանության հարցի շահարկումը հայության շրջանում դարձել է մի շարք խնդիրներից ուշադրությունը շեղելու միջոց: «Այդ հարցի պատճառով հայկական պետությունը զրկանքներ է կրում` գործազրկության բարձր տոկոս, արգելակված տնտեսություն եւ օտարերկրյա ներդրումների բացակայություն»,- գրում է թերթը: «The Daily Star»-ն ընդգծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ նախագահի նախաձեռնողականությունն արժանի է գովասանքի, սակայն, միեւնույն ժամանակ, այն մեծ աջակցության կարիք է զգում: «Ամեն դեպքում Հայաստանի նախագահը համարձակ եւ անհետաձգելի քայլ արեց: Առաջ շարժվելու ժամանակն է,- գրում է թերթը` հավելելով,- անցյալով ապրելու փոխարեն՝ անհրաժեշտ է շարժվել հաշտեցման ուղիով»: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` պարբերականն ընդգծում է, որ Հայաստանը, միջանցք հանդիսանալով էներգակիրների համար եւ ունենալով շնորհաշատ ժողովուրդ, չի կարողանում օգտագործել իր ողջ ներուժը եւ կայունություն ապահովել Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով:
«The Daily Star»-ը, նշելով, որ Հայաստան-Թուրքիա հաշտեցման մոդելը պետք է դիտել որպես օրինակ տարածաշրջանի մյուս հակամարտությունների համար, ընդգծում է, որ «զգացվում է այնպիսի առաջնորդների կարիք, որոնք տարածաշրջանում լարվածություններին վերջ դնելու համար կգնան ռիսկի»: «Նախագահ Սարգսյանի քայլը, հնարավոր է` չպսակվի հաջողությամբ, որովհետեւ համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն, ինչպիսին էլ լինի արդյունքը, Սարգսյանի քայլը պետք է ըստ արժանվույն գնահատվի, քանի որ նա, դուրս գալով անցյալի մութ զնդաններից, աջակցում է խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված առաջընթացին»,- եզրափակում է պարբերականը: Ի դեպ, բավական ուշագրավ է այն, որ թուրքական «Radikal» օրաթերթը «The Daily Star»-ի վերոնշյալ հոդվածն իր կայքէջում տեղադրել է` այն վերնագրելով` «Մերձավոր Արեւելքը Սարգսյանի պես առաջնորդների կարիք է զգում»: