«Ամիս առ ամիս»-ի պարադոքսը

17/02/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

14.4%-անոց տնտեսական անկման ցուցանիշը զարմանալիորեն հանգիստ ընդունվեց Հայաստանի բնակչության կողմից։ Դժվար է ասել՝ ինչու։ Գուցե այն պատճառով, որ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ընթացող զարգացումները մի տեսակ ստվերի տակ թողեցին այս մռայլ պատկերը։

Իրականում, հասարակության այս անտարբերությունը պակաս վտանգավոր չէ, քան անկման ցուցանիշն ինքնին։ Իհարկե, գուցե 2009-ի կեսերին 18.5%-անոց անկումից հետո 14.4%-ը փոքր-ինչ հանգստացրեց կրքերը։ Այսինքն՝ անկման ցուցանիշի փոքրացումը հոգեբանորեն ազդեց մեզ վրա՝ տպավորություն թողնելով, որ վիճակը շտկվում է։ Այս առումով հիանալի գործեց կառավարությունը՝ անկման ցուցանիշի աննշան անկումը «սաղացնելով» որպես ձեռքբերում։ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14-րդ նիստում, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք 18,4 տոկոս տնտեսական անկումից ամիս առ ամիս, կամաց-կամաց սկսեցինք վերականգնվել եւ տարին ավարտեցինք 14,4 տոկոս տնտեսական անկումով»։ Դե, իհարկե, փայլուն ցուցանիշ է։ Եթե հաջողվեր հարեւան երկրների շարքում գտնել մի երկու երկիր, որոնց տնտեսական անկումն ավելի խորը լիներ, միգուցե ուրախությունից տեղներս չգտնեինք։ Սակայն, «թարսի պես», անկման հարցում ռեկորդ ենք սահմանել՝ ԱՊՀ երկրներում բոլորից առաջ անցնելով։

Բայց արդյո՞ք նախորդ տարվա վերջին ամիսներին մեր տնտեսությունը սկսել է վերականգնվել, ինչպես նշում է վարչապետը։ Եթե պարզապես դիտարկենք անկման ցուցանիշները, ապա, իրոք,

18.4%-ից այն նվազել է մինչեւ 14.4%։ Սակայն սա միայն համեմատություն է, որն իրականում հստակ պատկերացում չի տալիս իրական վիճակի մասին։

«Ամիս առ ամիս վերականգնվելը» նույնպես շատ ուշագրավ արտահայտություն է։ Այն մի տեսակ հուշում է՝ ինչպե՞ս գնահատել տնտեսության իրական պատկերը։ Ու շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համեմատում ենք յուրաքանչյուր ամսվա ընթացքում ստեղծված ՀՆԱ-ի տվյալները՝ նախորդ տարիների նույն ամիսների հետ։ Ասենք՝ նայում ենք, թե 2009թ. սեպտեմբերին մեր տնտեսությունը որքան արդյունք է ստեղծել, եւ համեմատում ենք դա 2008, 2007 եւ 2006 թվականների ցուցանիշների հետ։

Բանն այն է, որ տնտեսական աճ ապահովելու համար տնտեսության մեջ յուրաքանչյուր ամիս պետք է ավելի շատ ՀՆԱ ստեղծվի, քան նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում։ 2006, 2007, 2008թթ. հենց այդպես էլ եղել է։ Դա պարզ երեւում է նկարում. յուրաքանչյուր ամսվա համար երկրորդ սյունակը (2007թ.) ավելի բարձր է առաջինից (2006թ.), երրորդ սյունակը (2008թ.)՝ բարձր է երկրորդից։ Իսկ ահա վերջին սյունակը, որը ցույց է տալիս 2009թ. ամսական ՀՆԱ-ները, բոլորովին այլ վարքագիծ է դրսեւորել։ Հունվարից սկսած՝ մենք կայուն կերպով ետ ենք գնացել։ Այսինքն՝ արտադրել ենք ավելի քիչ ՀՆԱ, քան նախորդ տարվա նույն ամսում։ Ավելին՝ հուլիսից սկսած ամսական ՀՆԱ-ն պակաս է եղել ոչ միայն` 2008, այլեւ՝ 2007թ. ցուցանիշներից։

Որպեսզի տնտեսության դինամիկան ավելի պարզորոշ երեւա, ԱՎԾ տվյալների հիման վրա կազմել ենք նաեւ աղյուսակ, որտեղ երեւում է, թե յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում ստեղծված ՀՆԱ-ն որքանով է ավելի կամ պակաս նախորդ տարվա նույն ամսվա ՀՆԱ-ից։

Օրինակ՝ աղյուսակից երեւում է, որ 2007թ. մարտին արտադրված ՀՆԱ-ն 24.5%-ով գերազանցել է 2006թ. մարտի ցուցանիշը։ Այդ դրական տարբերությունը շարունակվել է բոլոր ամիսների համար, արդյունքում՝ տարվա կտրվածքով արձանագրվել է 13.8% տնտեսական աճ։ 2008թ. դեպքում տարին բավական լավ է սկսվել, եւ առաջին 10 ամիսների համար դրական տարբերություն է արձանագրվել։ 10-րդ ամսում, սակայն, այդ դրական տարբերությունը շատ քիչ է եղել՝ ընդամենը 4.3%, իսկ վերջին երկու ամիսները փակվել են բացասական նշանով։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով ակնկալվող երկնիշ աճի փոխարեն՝ արձանագրվեց 6.8% աճ։

Իսկ ահա 2009 թվականը, ինչպես ասում են, բոլորովին ուրիշ ֆիլմից է։ Հունվար ամսվա ՀՆԱ-ն շուրջ 1%-ով պակաս է եղել 2008-ի հունվարից։ Ամիս առ ամիս այդ բացասական տարբերությունը մեծացել է՝ հասնելով մինչեւ 30%-ի։ Միայն նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին «մինուս» նշանը վերացել է, այն էլ՝ ոչ թե տնտեսության աշխուժացման շնորհիվ, այլ այն պարզ պատճառով, որ 2008-ի վերջին ամիսները անկումային են եղել։ Որպեսզի պարզ դառնա, թե «դրական միտում» ասվածը որքան ուռճացված հասկացություն է, նշենք, որ 2009թ. նոյեմբերի ընթացքում արտադրվել է գրեթե այնքան ՀՆԱ, որքան 2007թ. նոյեմբերին։

Իսկ ինչո՞ւ հերթական անգամ այսքան խորացանք թվաբանության մեջ՝ ընթերցողին ծանրաբեռնելով պաշտոնական տվյալներով։ Որովհետեւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ «ամիս առ ամիս վերականգնում» ասվածը ընդամենը տեխնիկական երեւույթ է, թվաբանական աճպարարություն, «ցուցանիշ կռվացնելու» արդյունք։ Այլ կերպ ասած՝ ոչ մի բան։ Եվ կառավարությունը այդ «ոչ մի բանը» այնպիսի մեծ հպարտությամբ է ներկայացնում, որ վախենում ես պատկերացնել՝ ինչե՜ր կասեին, եթե դրա տակ իրականում որեւէ դրական տեղաշարժ լիներ։

Ամսվա ընթացքում արտադրված ՀՆԱ-ի տարբերությունը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 2007-2008թթ., %

Ամսվա ընթացքում արտադրված ՀՆԱ-ն, 2006-2009թթ., մլրդ դրամ