Ռուսաստանահայ 9 գործարարներ ընդգրկվել են ռուսական «Ֆինանս» ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանշային ցուցակում։ Հայազգի գործարար, «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ): Նրա եղբայր Սերգեյ Խաչատուրովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղ):
Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրների կարողությունները գնահատվել են յուրաքանչյուրինը` 780 մլն դոլար: Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 93-րդ եւ 94-րդ տեղերը: Հիշեցնենք, որ Նիկոլայ Սարկիսովը ռուսական խոշոր ապահովագրական «Ռեսո-գարանտիա» ընկերության փոխտնօրենն է, իսկ Սերգեյ Սարկիսովը` «Ռեսո» եւ «Ռեսո-գարանտիա» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է:
Ցուցակի 139-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Տաշիր» խմբի նախագահ եւ հիմնական բաժնետեր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը գնահատվել է 580 մլն դոլար:
«Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնական բաժնետեր եւ տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ով 2009թ. զբաղեցնում էր 105-րդ հորիզոնականը, այս տարի նահանջել է. նրա կարողությունը կազմել է 390 մլն դոլար, ուստի ցուցակում նա 209-րդն է: «Բորոդինո» հոլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանի կարողությունը գնահատվել է 380 մլն դոլար, իսկ «Զենիտ» բանկի համասեփականատեր Իգոր Ավանեսյանի կարողությունը` 200 մլն դոլար: «Sun Investments Partners»-ի համասեփականատեր Ատոմ Խաչատրյանի կարողությունը կազմել է 110 մլն դոլար, ուստի նա ցուցակի 479-րդ հորիզոնականում է: Ըստ ամսագրի` Ռուսաստանի ամենահարուստ մարդը Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինն է, ում կարողությունը կազմում է 18,8 մլրդ դոլար: Ռուսաստանի երկրորդ եւ երրորդ հարուստ մարդիկ են «Օնէկսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովը (17,85 մլրդ դոլար) եւ Չուկոտկայի Դումայի նախագահ Ռոման Աբրամովիչը (17 մլրդ դոլար):