Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 325 խոշոր հարկատուների 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների մոնիտորինգի արդյունքները:
Ըստ այդմ, անցած տարվա ընթացքում 325 խոշոր հարկատուները նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը 18.6%-ով՝ այն դեպքում, երբ նրանց եկամուտը (հասույթը) նվազել է ընդամենը 4.1%-ով: Ընդհանրապես այս զեկույցը բացառիկ նշանակություն ունի, քանի որ խոշոր կազմակերպությունների շրջանառությունների (կամ եկամտի) վերաբերյալ տվյալներ այլ զեկույցներում ընդհանրապես չեն հրապարակվում: Այսպես` ՊԵԿ-ը պարբերաբար հրապարակում է 1000 ամենախոշոր հարկատուների ցանկը, որտեղից երեւում է, թե կոնկրետ որ ընկերությունները որքան հարկեր են վճարել պետական բյուջե: Բայց, եթե, դիցուք, X խոշոր ընկերությունը նվազեցրել է իր վճարած հարկերի ծավալը, դա դեռ չի նշանակում, որ նա խուսափել է հարկեր վճարելուց: Անհրաժեշտ է X-ի վճարած հարկերի ծավալը համեմատել նրա իրացման շրջանառության (հասույթի) հետ: Եվ եթե պարզվում է, որ իրացման շրջանառությունը չի նվազել, կամ նույնիսկ ավելացել է, իսկ բյուջե վճարված հարկերի ծավալը նվազել է, ապա վստահորեն կարելի է ասել, որ այդ ընկերությունը գնալով ավելի ու ավելի շատ է «քցում» պետությանը: Իհարկե, հարկերից խուսափողները նաեւ իրական շրջանառության ծավալները ցույց չեն տալիս, ավելի ճիշտ` ցույց են տալիս մասամբ: Բայց եթե հասույթի մի մասը ցույց չտալով հանդերձ՝ պարզվում է, որ որեւէ ընկերության հասույթը աճել է, կամ չի նվազել, իսկ նրա կողմից բյուջե վճարվող հարկերի ծավալը նվազել է, ապա արդեն, ինչպես ասում են, ամեն ինչ պարզ է: Եվ, ինչպես արդեն նշվեց, ըստ պաշտոնական տվյալների՝ 2009-ին 325 ամենախոշոր հարկատուները նվազեցրել են իրենց հարկերի ծավալը 18.6%-ով՝ այն պարագայում, երբ նրանց ընդհանուր շրջանառությունը նվազել է ընդամենը 4.1%-ով: Եթե այս ցուցանիշները համեմատենք նաեւ բյուջե վճարված ողջ հարկերի գումարի հետ, ապա կարող ենք պարզել, թե բյուջեն լցնելու ծանրությունը գնալով ում վրա է ավելի շատ ընկնում` 325 խոշորների՞, թե՞ մյուս հարկատուների: Այս հարցը կարեւորվում է նաեւ այն պատճառով, որ 2009-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ էր խոսում փոքր ու միջին բիզնեսի աջակցության մասին: Փոքր ու միջին ընկերություններում նույնիսկ ստուգումները դադարեցվեցին նախորդ տարվա կեսից: Ինչեւէ, 2009-ին բյուջեի հարկային եկամուտները, ըստ Ֆինանսների նախարարության, նվազել են մոտ 16%-ով: Այսինքն` եթե խոշոր հարկատուները նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը մոտ 19%-ով` հարկային եկամուտների ընդհանուր նվազման մոտ 16% ցուցանիշի պարագայում, ուրեմն մյուս հարկատուները ավելի քիչ չափով են նվազեցրել իրենց կողմից վճարած հարկերը, քան այդ 16%-ն է (արդյունքում՝ միջին ցուցանիշը եկել-կազմել է 16%): Կատարելով համապատասխան հաշվարկները՝ կտեսնենք, որ մյուս հարկատուները նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը 9.6%-ով (բյուջեի հարկային եկամուտները 2009-ին կազմել են՝ 598.8, իսկ 2009-ին` 522.3 մլրդ դրամ, 325 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը 2008-ին կազմել է՝ 206.3, իսկ 2009-ին` 167.9 մլրդ դրամ): Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ 325 խոշորներից հետո եկող հարկատուների իրացման շրջանառությունը զգալիորեն ավելի շատ է նվազել, քան ամենախոշոր 325 հարկատուներինը, ապա պատկերը շատ ավելի ամբողջական կլինի: (Կարելի է համարել, որ բոլոր կազմակերպությունների իրացումների շրջանառությունների ընդհանուր գումարը 2009-ին նվազել է մոտավորապես այնքան, որքան 2009-ի ՀՆԱ անկումն էր, այսինքն` 14.4%: Եվ եթե 325 խոշորների շրջանառությունը նվազել է ընդամենը 4.1%-ով, ապա ակնհայտ է, որ մյուս հարկատուների հասույթը նվազած կլինի շատ ավելի մեծ տոկոսով, քան 14.4%-ն է: Բոլոր դեպքերում, ստացվում է, որ այդ մյուս հարկատուների եկամուտը ավելի շատ է նվազել, քան նրանց կողմից վճարված հարկերի գումարը): Ամփոփենք` եթե 325 ամենախոշոր հարկատուները 2009-ին նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը 18.6%-ով` եկամտի 4.1%-ով նվազման պարագայում, ապա մյուս հարկատուները նվազեցրել են իրենց վճարած հարկերը 9.6%-ով` եկամտի ավելի քան 16-17% նվազման պարագայում: Ուստի որքան շատ է վարչապետը խոսում փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին, այնքան շատ են թաքցնում հարկերը խոշորները, ու այնքան շատ է փոքր ու միջին բիզնեսը «ճռռում» հարկերի տակ: Ի դեպ, նշենք, որ այս միտումը բնորոշ էր նաեւ Տ. Սարգսյանի վարչապետության առաջին տարվա` 2008 թվականի համար: Միայն թե 2008-ի տարեկան ցուցանիշները աճ էին արձանագրում: Այսինքն` 2008-ին 325 ամենախոշոր հարկատուները ավելացրել էին իրենց վճարած հարկերը, բայց ավելի քիչ չափով, քան իրենց շրջանառություններն էին աճել, եւ շատ ավելի քիչ չափով, քան մյուս հարկատուների ավելացրած հարկերի ծավալն էր: Ցավոք, նման զեկույց 2007թ.-ի համար (եւ դրանից առաջ) ՊԵԿ-ը չի հրապարակել, որպեսզի գնահատեինք նախորդ վարչապետերի աշխատանքը: Ամեն դեպքում՝ գործող վարչապետի գործունեության արդյունքներն ակնհայտ են: