Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դպրոցի հիմնադրումը ԱԳՆ կարեւոր խնդիրներից մեկն էր հռչակել: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` դպրոցի ստեղծման գաղափարին սատարելու համար: «Դիվանագետ դառնում են ամբողջ կյանքի համար, եւ դուք պիտի իմանաք, որ ձեր` ապագա դիվանագետների կյանքի ոչ թե ամեն օրը, այլ ամեն վայրկյանը նվիրված պետք է լինի մեր երկրին եւ ժողովրդին ծառայելուն, աշխարհում Հայաստանի բարեկամների թիվը ավելացնելուն: Դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երեւում այն չարքաշ ու տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի կյանքի մասն է կազմում: Դիվանագետի աշխատանքը ծանր ու լարված աշխատանք է, որը համեմատելի է զինվորական ծառայության հետ, այն տարբերությամբ, որ դիվանագետի զենքն իր գիտելիքներն են: Ահա հենց այդ գիտելիքների համար է, որ ստեղծվել է այս դիվանագիտական դպրոցը: Դիվանագիտությունն, իհարկե, նախեւառաջ պիտի լինի արյան մեջ, բայց այն նաեւ մասնագիտություն է, եւ ինչպես որեւէ մասնագիտություն, պահանջում է հիմնավոր կրթություն»,- ասել է Էդ. Նալբանդյանը: