Լուրջ կորուստներ են սպասվում

17/02/2010

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին էական ոչինչ չի տալու, քանի որ հայ-թուրքական առեւտրային հարաբերությունների համար այսօր էլ գոյություն ունի Վրաստանով անցնող ճանապարհը: «Եթե ուսումնասիրենք անցած տարիների առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա հեշտորեն կտեսնեք, որ Թուրքիայից Հայաստան եկող ապրանքների ծավալը 100 անգամ եւ ավելի գերազանցում է Հայաստանից Թուրքիա գնացող ապրանքների ծավալներին»,- նկատեց նա: Տ. Թորոսյանի հավաստմամբ` Թուրքիայի վրա որոշակի ճնշում կա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից: «Երբ Էրդողանը դեկտեմբերին այցելեց Վաշինգտոն, ապա` հունվարին՝ Մոսկվա, իրեն շատ պարզ ասացին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված նախաբանն ընդունելի չէ, եւ այդ հարցերն իրար հետ չպետք է կապվեն: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չեն կարող Թուրքիային զիջել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված որեւէ դերակատարություն, քանի որ դա չափազանց կարեւոր լծակ է Ադրբեջանի վրա ազդելու համար: Այդ երկու երկրները մեծապես շահագրգռված են տարածաշրջանում լծակներ ունենալու հարցում»,- ասաց Տ. Թորոսյանը` հավելելով, թե Հայաստանն արդեն լուրջ կորուստներ ունեցել է այս գործընթացում: «Եթե այդ ճնշումներն արդյունք տան, կարծում եմ, առաջիկայում եւս լուրջ կորուստներ են սպասվում»,- հավելեց նա: Անդրադառնալով արձանագրություններին, Տ. Թորոսյանն ասաց, թե Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը բավական բարդ է լինելու, քանի որ դրանից հետո Թուրքիայի իշխանությունները միաժամանակ խնդիրներ են ունենալու թե՛ երկրի ներսում, թե՛ Ադրբեջանում: Այդ իսկ պատճառով, ըստ նրա` Թուրքիան, այլ ելք չունենալով, շարունակելու է կառչել ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից: Եվ որպեսզի Թուրքիան վավերացնի այդ արձանագրությունները, գոյություն ունի ճնշման երկու գործիք. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւի նախագիծը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը: Իսկ եթե, այնուամենայնիվ, արձանագրությունների վավերացումը տապալվի, ապա, ըստ Տ. Թորոսյանի` Հայաստանը ոչինչ չի կորցնի: «Հայաստանն իսկապես ունի կորուստներ: Ի վերջո, արձանագրությունների մեջ արձանագրվեց երկու հարցադրում, որոնք վերաբերում էին դեռեւս 1993 թվականին Թուրքիայի դրած երեք նախապայմաններից երկուսին. առկա գործող սահմանների ճանաչումն արձանագրություններում ունի իր ձեւակերպումը, եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված` գիտնականների ենթահանձնաժողովի ստեղծումը նույնպես այն ենթատեքստում է, որում Թուրքիայի հարցադրումն էր: Այս ամենի դիմաց Հայաստանը չի ստացել որեւէ բան, եւ համոզված եմ, որ չի ստանալու որեւէ բան»,- ասաց նա: