Պատասխանատվությունը՝ Հ1 եւ «Intermob»

17/02/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թեեւ արդեն հայտնի է, որ Օսլոյում Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Եվա Ռիվասը, բայց քվեարկության արդյունքները շարունակում են մնալ, մեղմ ասած, առեղծվածային:

Հայաստանում շատ-շատերը նրա մասին առաջին անգամ այս մեկ ամսվա ընթացքում միայն լսեցին: Այդ իսկ պատճառով ներկայացնենք նրա մասին այն, ինչ հայտնի է դարձել նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանի այս օրերին տված հարցազրույցներից: Եվ այսպես. Եվայի մայրը` Փիրուզա Ծատուրյանը, ծնվել է Երեւանում, իսկ հայրը` Ալեքսանդր Ռեշետնիկովը, Վլադիվոստոկում: Եվան 2007թ. Սոչիում տեղի ունեցած «5 աստղի» մրցանակակիր է, «Դոնի Ռոստովի ոսկե ձայն» տիտղոսակիր, Կրեմլում կայացած «Հայաստանի տարվա երգ» մրցույթի հաղթող: «Այս տաղանդավոր աղջիկը հրաշալիորեն երգում է հայերենով»,- մինչ մրցույթը Եվա Ռիվասի մասին կարծիք էր հայտնել ՀՀ վաստակավոր երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: Նրա օգտին այս օրերին քարոզչություն էին անում նաեւ Սյուզան Մարգարյանը, Անդրեն, իսկ շատերն էլ պարզապես խուսափեցին որեւէ լավ կամ վատ կարծիք հայտնել:

Չնայած Եվա Ռիվասի շուրջ ծավալված լայնածավալ եւ ծախսատար գովազդային ալիքին, այնուամենայնիվ, երեկ բոլորին մտահոգում էր, թե ինչպե՞ս էր, որ 9-րդ համարի մասնակցի` Ե. Ռիվասի օգտին ուղարկվող բոլոր SMS-ները տեղ էին հասնում, իսկ մնացածների` հիմնականում Էմմի-Միհրան դուետի եւ Ռազմիկ Ամյանի օգտին քվեարկության sms-ներն արգելափակվում էին: Վալերի Սահարյանի գլխավորած «Armenia Production» կենտրոնը պայմանագիր է կնքել Եվա Ռիվասի հետ: Սա, ի դեպ, ոմանք բոլորովին այլ հարթության վրա էին դիտարկում, թե իբր Եվա Ռիվասը Վալերի Սահարյանի հարսնացուն է: «Ես ունեմ հրաշալի կին, 8 տարեկան տղա եւ 3 տարեկան աղջիկ: Իսկ ինչ վերաբերում է Եվային, ապա կարող եմ ասել այն, որ համաձայն «Armenia Production» կենտրոնի հետ կնքած պայմանագրի` Եվան առաջիկա 7 տարիների ընթացքում չի կարող ամուսնանալ: Կես տարին արդեն անցել է»,- պատասխանել էր Վ. Սահարյանը: «Եվայի երգը շատ լավն է, բայց ինչի՞ են Հայաստանում ամեն ինչ կեղծում: Հասկանում եք` այստեղ խնդիրը երգը չէ, այլ այն, թե ինչու հանդիսատեսը չէր կարող իր սեփական կարծիքն արտահայտել SMS-ների միջոցով: Ինչո՞ւ միայն Եվային ուղարկվող SMS-ներն էին տեղ հասնում»,- քվեարկության արդյունքներից դժգոհում էր զրուցակիցներիցս մեկը` Նաիրան, ըստ որի` Էմմիի եւ Միհրանի օգտին ուղարկվող բոլոր SMS-ները տեղ չէին հասել, մինչդեռ 9-րդ համարին ուղարկվող 1 SMS-ն անմիջապես տեղ էր հասել: «Փորձեցի, բայց եթե իմանայի, որ տեղ կհասներ, հաստատ չէի ուղարկի»,- շարունակում է Նաիրան: «ԱրմենՏել»- Beeline, «ՎիվաՍել-ՄՏՍ», «Օրանժ» ընկերությունները «Intermob» ՍՊԸ-ի հետ ստորագրել էին ավելացված արժեքի ծառայությունների մասին պայմանագիր: «Intermob»-ը «Եվրատեսիլ» մրցույթի նախընտրական փուլի պաշտոնական SMS-օպերատորն էր: Ըստ այդ պայմանագրի` «Intermob»-ը պետք է ընդուներ բաժանորդների կողմից ուղարկված SMS-ները, դրանք հաշվարկեր ու ներկայացներ: Կարող եմ ասել, որ «ԱրմենՏելի» ցանցն ի վիճակի է ընդունել օրական 2մլն SMS-ից ավելի հաղորդագրություն: Քվեարկության ընթացքում մեր ցանցով անցել է ընդամենը 25.536 SMS: Սրանք անփախան անցել են ինտերնետ ՍՊԸ-ի սերվերներ: Իսկ թե ինչո՞ւ չեն հաշվառվել այն SMS-ները, որոնք անցել են մեր ցանցով, այդ հարցին պետք է պատասխանի «Intermob»-ը»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեգոյանը` հավելելով նաեւ, որ SMS-ների բովանդակության մասին տեղյակ է միայն «Intermob» ՍՊԸ-ն: «Մենք տեխնիկապես ի վիճակի չենք տեսնել կամ SMS-ների պարունակությունը ֆիլտրել: Դա երեւում է միայն ընդունող կողմին, այսինքն` «Intermob»-ին»,- նկատեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավարը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից մեզ պատասխանեցին, որ այդ կապակցությամբ իրենց ուղղված մեր հարցերին կարող են պատասխանել այսօր, որը օրերս կներկայացնենք ընթերցողին: Երեկ փորձեցինք ստանալ նաեւ «Intermob» ՍՊԸ-ի պատասխանը, բայց` ապարդյուն: Ինչպես մեզ նախապես զգուշացրել էին` ընկերությունը լրագրողների հետ խուսափում է խոսել: Տարօրինակն այն է, որ ընկերության աշխատակից Նորայրը մեր հեռախոսազանգերին անվերջ նույն պատասխանն էր տալիս. «Դուք սխալ եք զանգել»: Սա՝ այն բանից հետո, երբ մենք նրանից փորձում էինք ճշտել, թե արդյո՞ք ընկերության նախագահ Արմեն Ջահանգիրյանն է խոսողը, քանի որ Ե. Ռիվասի գովազդային եւ ստեղծագործական հարցերով զբաղվող անձինք տվել էին հենց այդ հեռախոսահամարը: «Մի նիշի տարբերությամբ սխալվել եք»,- այսպես պատասխանեց նա մեր 3-րդ հեռախոսազանգին: «Intermob» ՍՊԸ-ն հիմնվել է 2007թ. մարտին: Առաջին նախագծերը, որոնք սպասարկել է` Հ1-ի «Երկու աստղ» ծրագիրն էր եւ «Եվրատեսիլ 2007»-ը, հետագայում նաեւ՝ «Եվրատեսիլ-2008», «2009»-ը: Իսկ «Intermob»-ի գործունեության նկատմամբ դեռեւս «Երկու աստղ» մրցույթի շրջանակներում էին տարածվել այնպիսի կարծիքներ, ըստ որոնց` հաղթում է նա, ով շատ փող ունի: Ի դեպ, մրցույթի արդյունքների մասին մենք փորձեցինք զրուցել նաեւ «Armenia Production» կենտրոնի PR մենեջեր Հայկ Մարկոսյանի հետ:

Վերջինս նշեց, որ իրենց կողմից տեղեկատվության արտահոսքն արգելված է: «Նախապես պետք է համաձայնության գալ Հ1-ի հետ»,- ասաց Հայկ Մարկոսյանը: Իրականում թեեւ շատերին անհայտ էր ռոստովցի այս աղջկա` Եվա Ռիվասի անունը, սակայն շատերին էլ դուր էր եկել կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի երգը: Երեկ Ա. Մարտիրոսյանը հոգնածության պատճառով հրաժարվեց իր կարծիքը հայտնել, սակայն խոստացավ մոտ օրերս մեզ այդ կապակցությամբ հարցազրույց տալ: Էմմիի եւ Միհրանի դուետը, երգի եւ պարային կատարումը շատ-շատերին էր հիացրել. նրանք եւ Ռազմիկ Ամյանը` Ե. Ռիվասի անունը՝ որպես հաղթողի` հայտարարելուց հենց բեմից լքեցին մրցույթը: Նրանց հետ դուրս եկավ նաեւ դահլիճում նստածների մեծ մասը: Բոլորը միմյանց նույն հարցն էին տալիս` «Ձեր SMS-ն է՞լ չէր հասնում»: Ռիվասը հայկական շոու-բիզնեսի երգիչներից շատերին չի զիջում, գուցեեւ շատերից ավելի շնորհալի է, սակայն այս ճանապարհով հայկական շոու-բիզնես ներխուժումը, եւ մյուս երգիչների` հատկապես Էմմի-Միհրան դուետի, Ռազմիկ Ամյանի նկատմամբ նման անարդարացի վերաբերմունքը, անհավասար մրցապայքարը, թերեւս կունենա նրա նկատմամբ մերժողական հետեւանքներ: Այդպես, օրինակ, հանդիսատեսի եւ կոլեգաների հանդեպ իրեն թույլ չտվեց վարվել կրկին Ռոստովից Երեւան տեղափոխված Արամեն, որը շոու-բիզնես ճիշտ մուտք գործելու շնորհիվ այսօր վայելում է շատ-շատերի սերը:

Երեկ Ազատության հրապարակի մոտ տեղի է ունեցել Էմմիի եւ Միհրանի մի քանի տասնյակ երկրպագուների բողոքի ակցիան: Նրանք եւս բողոքում էին, որ Էմմիի եւ Միհրանի օգտին ուղարկած sms-ները տեղ չեն հասել: Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը, երեկ ասել է, որ մտադիր են հեռախոսային բոլոր օպերատորներից պահանջել sms քվեարկությունների վերծանությունը: Չի բացառվում, որ Էմմին ու Միհրանը դիմեն դատարան` բողոքարկելով արդյունքները: «Ո՞վ կհավատա, որ ճանաչված ու սիրված երգչուհին կարող է ստանալ ընդամենը 1400 ձայն, իսկ մեկը, որին քչերն են ճանաչում, եւ նոր է եկել Հայաստան, ավելի քան 6000 ձայն»,- ասել է Ն. Սարգսյանն, ում խոսքով` օպերատորները հաշվարկել են Էմմիի օգտին քվեարկած sms-ները միայն առաջին 30 վայրկյանի ընթացքում, իսկ դրանից հետո արգելափակել են դրանք:

Ի դեպ, երեկ երեկոյան «Եվրատեսիլի» համակարգող Դիանա Մնացականյանը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ ժյուրիի քվեարկության արդյունքում մասնակիցները զբաղեցրել են հետեւյալ տեղերը.

1-ին տեղ` Էմմի եւ Միհրան «Hey», 2-րդ տեղ` Եվա Ռիվաս «Apricot Stone», 3-րդ տեղ` Անի Արզումանյան «The Mermaid Song», 4-րդ տեղ` Ռազմիկ Ամյան «My Love», եւ այլն: Այնուհետեւ Դ. Մնացականյանը տեղեկացնում է. «SMS քվեարկությունն իրականացրել է «Ինտերմոբ» ընկերությունը` Vivacell, Beeline եւ Orange բջջային օպերատորների մասնակցությամբ: Արդարության ապահովման նպատակով Grant Thornton Amyot LLC ընկերության կողմից նշանակվել էր աուդիտոր` Վլադիսլավ Մուրադյանը: Ներկա էին եղել նաեւ գործընթացին հետեւելու ցանկություն հայտնած մրցույթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնավորապես` Եվա Ռիվասի, Ռազմիկ Ամյանի, Էմմիի եւ Միհրանի պատվիրակները»: SMS քվեարկության արդյունքները հետեւյալն են. 1-ին տեղ` Եվա Ռիվաս «Apricot Stone», 2-րդ տեղ` Ռազմիկ Ամյան «My Love», 3-րդ տեղ` Էմմի եւ Միհրան «Hey», եւ այլն: Ավելացնենք միայն, որ նշյալ 4 պատվիրակներից 3-ը չեն համաձայնել «Intermob»-ի ներկայացրած արդյունքների հետ, որոնց համաձայն՝ բոլոր մասնակիցները միասին ստացել են 9550 SMS, որից` Եվա Ռիվասը` 6039, Ռազմիկ Ամյանը` 1877, իսկ Էմմին եւ Միհրանը` 1437 SMS-ներ: