Առաջ, Հայաստան

17/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Պոպուլյար երգարվեստով հետաքրքրվող բոլոր հայաստանցիներն, իհարկե, սպասում էին, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցը թեժ պայքարի արդյունքում է որոշվելու, սակայն այն, ինչ նախօրեին կատարվեց Օպերայն թատրոնի բեմում՝ լավագույն երգի ընտրության ժամանակ, փաստեց, որ այն համակարգը, որի մեջ մենք մինչեւ կոկորդներս խեղդվել ենք, արդեն իր երկար ու անվարան ձեռքերը տարածել է բոլոր տեսակի ընտրությունների վրա։ Եվ նույնիսկ անմեղ ու ճակատագրական նշանակություն չունեցող ընտրություն մեզ մոտ այլեւս հնարավոր չէ անցկացնել։ Համակարգը լավ մշակված, ստուգված է, մեզ մնում է միայն ձեւացնել, որ ընտրում ենք։ Ընդ որում՝ ոչ թե, ասենք, քաղաքապետ կամ թեկուզեւ ինստիտուտի ռեկտոր, այլ ընդամենը մեկ տարվա կյանք ունեցող երգ ենք ընտրում։ Դա էլ արդեն չենք կարող։

Թվում է, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել. «Եվրատեսիլյան» հաղթողի ծրարի մեջ հայտնվել է Դոնի Ռոստով քաղաքը ներկայացնող, լայնաթիկունք ու բարձրահասակ Եվա Ռիվասի անունը։ Կարող էր լինել Ռազմիկ Ամյանի կամ Էմմի-Միհրան զույգի անունները, տեսականորեն նաեւ՝ մնացած 6 մասնակիցների անունները, բայց եղավ այն, ինչին մենք արդեն սովորել ենք. մեր փոխարեն որոշում ընդունվեց:

Պարզ է, որ ծրարի մեջ հայտնվելու փաստն իր գինն է ունեցել։ Իսկ մեծ գինն, ինչպես հայտնի է` հաճախ մանր ու խոշոր խախտումների միջոցով է իր ուղին հարթում։ Եվ իզուր չէր Եվան ամեն տեսակի զրույցների ու գովազդային հաղորդումների ժամանակ ասում (ռուսերեն լեզվով), որ բոլոր հարցերը լուծված են, ու ինքն է հաղթելու։ Ընտրության պատրանք, «Եվրատեսիլի» եզրափակիչում, իհարկե, ստեղծվել էր, սակայն ձայները այդպես էլ տեղ չհասան։ «SMS»-ներ ընդունող համակարգիչն ինքնակամ էր որոշում գրանցել հաղորդագրությունները՝ թույլ տալով, որպեսզի վավերացվեն հիմնականում Եվա Ռիվասի համար ուղարկված «SMS»-ները, իսկ մյուս 6 մասնակիցների օգտին ուղարկված «SMS»-ներն արգելափակվում էին։ Եվ ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ մասնակիցն ավելի շատ ձայներ է ստացել, քան բոլոր մնացած մասնակիցների ձայներն իրար գումարած։ Իսկ դա ուղղակի անհեթեթություն է, քանի որ երկրպագուների մեծ բանակ ունեն Ռազմիկը, Էմմին, եւ առավելեւս՝ պարող Միհրանը, որի մասնակցությունը շատերին էր ոգեւորել։ 6039 SMS հաղորդագրություն ստացած Եվան, քաղաքականության լեզվով ասած՝ ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ` 1000-ից մի քիչ ավելի հաղորդագրություն ստացած Ռազմիկի ու Էմմի-Միհրան դուետի նկատմամբ, քանի որ գործի էր դրվել «SMS» կեղծիքների հզոր մեքենան։

Որպես կանոն՝ «SMS»-ներ գրանցող համակարգիչն արդյունքներն ամփոփում է ամեն 30 վայրկյանը մեկ։ «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահը՝ երգչուհի Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանը, լրագրողներին պատմել է, որ «Եվրատեսիլյան» համակարգիչը (որը չգիտես՝ ինչո՞ւ, ղեկավարվում էր Ղազախստանից) առաջին կես րոպեն է գրանցել արդյունքները, այնուհետեւ՝ «կախվել է»։ Հաղորդագրություններն ընդունող կենտրոնում իրարանցում է առաջացել, մասնակիցների վստահված անձինք սկսել են զանգահարել Ղազախստան, քվեարկության համար հատկացված ժամանակը ավարտվել է, եւ միայն քվեարկության մեկնարկից հետո 40 րոպե անց է համակարգիչը «restart» արվել ու նորից ընդունել հաղորդագրությունները: Մարդիկ էլ ապշահար նկատում էին, որ իրենց «SMS»-ները տեղ չեն հասնում։

Ի դեպ` հայտարարված էր, որ մեկ հեռախոսից կարելի է 20 հաղորդագրություն ուղարկել, սակայն այն մարդիկ, որոնք համարձակվել էին քվեարկել ոչ Ե. Ռիվասի օգտին, մեկ «SMS»-ից հետո ստանում էին ծանուցում, որտեղ ասված էր. «Ձեր ձայնը չի կարող հաշվարկվել, քանի որ քվեարկությունն ավարտված է»: Ընդ որում, երգիչների ներկայացուցիչներից բացի, ձայների հաշվարկման կենտրոնում աշխատել է նաեւ անկախ աուդիտորը, որն էլ հայտարարել է, որ այդ կերպ աշխատող համակարգչի արդյունքների հետ համաձայն չէ։ Անհամաձայնության փաստաթուղթը ստորագրել են բոլոր մասնակիցների փաստաբանները (իհարկե, բացառությամբ մեկի) եւ պատրաստվում են բողոքարկել համակարգչային վճիռը։

Եթե տեղի ունեցածը պատահականություն կամ էլ զուտ տեխնիկական անսարքություն էր, ապա անկասկած քվեարկության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն ու երկրորդ անգամ ընտրություն անցկացվի։ Իսկ եթե դա նախապես մտածված ու վճարված պրոմո-ակցիա էր, ուրեմն՝ մնում է միայն ընդունել, որ այսուհետ մեզանում բոլոր տեսակի ընտրությունները կեղծվելու են, եւ ձայներն անընդհատ կորելու են։ Իսկ այդ հարցերը բնավ էլ միայն հաշվարկային փուլում չեն եղել, շատ ավելի տհաճ վիճակում են հայտնվել, օրինակ, այն երգիչները, որոնք, ըստ Եվա Ռիվասի պրոդյուսերների՝ կարող էին լուրջ մրցակից լինել երգչուհու համար։ Հայտնի է, որ Եվան համեստ ձայնային տվյալներ ունի (նաեւ զուրկ է ռիթմի զգացողությունից), եւ որպեսզի նա «փայլի», որոշվել է խամրեցնել մյուսներին։ «Եվրատեսիլի» հավակնող ամենալավ երգիչը Ռազմիկ Ամյանն է, ու թեեւ նրա կատարած երգը շատ անհաջող էր, այսուամենայնիվ Ռազմիկն այն պրոֆեսիոնալներից է, որը հսկայական ձայնային դիապազոն ունի եւ կարող է նույնիսկ քնից արթնանալուն պես՝ դժվարին արիա երգել։ Եվ հենց վճռորոշ օրը Ռազմիկ Ամյանի միկոֆոնը լավ չի աշխատել, աշխատել է այսպես ասած՝ ցածր, իջեցված ռեժիմով։ Եվ երգիչն էլ ստիպված է եղել «պատռել» իրեն` ձայնը դահլիճ հասցնելու համար։ Ավարտելով ելույթը` նա բողոքել է (իհարկե, անելով դա իջեցված ռեժիմով), սակայն, երբ կռիվն ավարտված է լինում, բռունցքներն այլեւս չեն թափահարում։ Մանավանդ, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչ (նաեւ պատասխանատու) Հ1-ն՝ իր ղեկավարներով հանդերձ՝ կարծես միայն մեկ ցանկություն է ունեցել` արագ «լվանալ ձեռքերն» ու մտնել թաքստոց։ Ամեն կերպ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար մի քանի անգամ հատուկ շեշտվեց, որ ժյուրիի ընտրության հարցում «Հ1»-ը դերակատարում չի ունեցել, քանի որ ժյուրիի կազմը հաստատել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Մրցույթի ընթացքում արդյունքների հրապարակումից հետո դահլիճում բողոքի ակցիա էր սկսվել։ Այն պահին, երբ հնչել է հաղթողի անունը, ու հաղթողն էլ որոշել է «բիս» կատարել, հանդիսատեսի մի մասը դեմոնստրատիվ դուրս է եկել դահլիճից։

Իհարկե, այս պատմության մեջ «Եվա Ռիվաս» ունունով երգչուհին բոլորովին մեղք չունի, աղջիկը` ցանկանալով հաղթել, ցուցադրել էր այն ամենն, ինչին ընդունակ էր։ Ոչ ոք չի վիճում, թող հաղթի։ Բայց ոչ այսպես։ Նման հաղթանակը միայն կարող է վնասել նրան, եւ այն հայաստանցիները, որոնք նրա նկատմամբ չեզոք էին տրամադրված, քանի որ ծանոթ չէին, այժմ տհաճությամբ են խոսում այդ գնով ձեռք բերված հաղթանակի մասին։ Երբ երգիչ Անդրեն բեմ դուրս եկավ Եվա Ռիվասի անունը դաջած իր կրծքի վրա, ոտքի կանգնած-դահլիճը լքող մարդիկ գոչում-միմյանց հետ խոսում էին, որ Անդրեն ծախվելու գործի մեծ վարպետ է, ծախվում է հաճույքով ու անընդհատ: Եվ աղանդավորական քարոզչությունից բացի, նաեւ այլ տիպի քարոզարշավների բաղկացուցիչ մասն է դառնում:

Շոուի վերածված քաղաքական եւ ոչ քաղաքական բոլոր տեսակի ընտրությունները շատ համահունչ են մեր օրերում օրենքի կարգավիճակ ստացած ընտրակեղծիքների համակարգին: Տեղի ունեցածը եւս մեկ առիթ տվեց աշխարհին` քամահրանքով խոսել հայաստանյան ընտրական մոդելի մասին: Եվ զարմանալու ոչինչ չկա, արդեն տարիներ շարունակ այդ մոդելը հաջողությամբ կիրառվում է: Իսկ հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն էլ պատրաստակամությամբ դառնում են այդ շոուն գովաբանողները: Եվ հիմա ստիպված են լռել ու «մարսել» պարտությունը, քանի որ ժամանակին իրենք էլ լավ «ծախվել» են:

Հ.Գ. Ըստ Lragir.am-ի` ընթերցողներից զանգահարել են իրենց խմբագրություն եւ տեղեկացրել, թե SMS քվեարկության ժամանակ Եվա Ռիվասի օգտին եւս չեն կարողացել քվեարկել, եւ թե դա միայն Էմմիի ու Ռազմիկ Ամյանի խնդիրը չի եղել: Իսկ ավելի ուշ Հ1-ն է հայտարարություն տարածել, որում նշել է, որ քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ: Նրանք ուսումնասիրություններ են սկսել բջջային 3 օպերատորների հետ միասին: Նաեւ նշվում է, որ պատրաստ են քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին: