«Կարծում եմ, քաղաքական հարթության մեջ Հայաստանի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արդեն իրականացվել են, եւ պահն է, որ Հայաստանի ու Թուրքիայի նախագահները դրսեւորեն քաղաքական կամք եւ գնան առաջ` վավերացնելով արձանագրություններն ու բացելով երկու երկրների միջեւ եղած սահմանը»,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Աբդուլլահ Գյուլին հղած վերջին ուղերձը, երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` Գյուլին հղած իր ուղերձով Սերժ Սարգսյանը միանգամայն նոր էջ է բացել հայ-թուրքական հարաբերություններում: «Անկախ այն բանից` դուր է գալիս դա մեր ընդդիմախոսներին, թե ոչ, մենք բոլորս այսուհետ պետք է հաշվի նստենք այս նոր իրողության հետ»,- նշել է նա: Տ. Սարգսյանի դիտարկմամբ` Ս. Սարգսյանի ուղերձով վերահաստատվեց ՀՀ-ի այն դիրքորոշումը, որ երկկողմ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ կողմով, եւ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: