Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության խոսնակ Գոշգար Զեյնալովը մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` այն գնահատել է՝ որպես «պատմական փաստերի եւ տարածաշրջանի հետ կապված այսօրվա իրականության խեղումներով լի»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր արարողությանը հրավիրելու Սերժ Սարգսյանի մտադրության վերաբերյալ էլ ասել է. «Լավ է, որ Սերժ Ազատովիչն այդ արարողության մասին խոսելիս` օգտագործել է «հնարավոր» բառը: Կարելի է մաղթել Հայաստանի նախագահին՝ մնալ նման լավատես ապագայում եւս»: Ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: «Ադրբեջանի դիրքորոշումը բաց է եւ հստակ. հնարավոր փոխզիջումների շրջանակները որոշված են եւ թույլ են տալիս պահպանել ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը, այն է` սուվերեն պետությունների սահմանների անքակտելիությունը եւ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում ազգի ինքնորոշման իրավունքի կիրառումը: Բայց Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ բանակցությունները շարունակվեն հաջորդ 15-20 տարիներին: Պարզ է, որ այսօրվա ստատուս-քվոն արդեն աշխարհում ոչ մեկին, բացի, թերեւս, Հայաստանից, ձեռնտու չէ: Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում, որոնց սահմաններից դուրս առաջ է գալիս վտանգավոր մի շեմ` հղի իրադարձությունների զարգացման անկանխատեսելիությամբ, ինչի համար պատասխանատվություն է կրելու այն կողմը, որը կառուցողականություն չի ցուցաբերել բանակցությունների սեղանի շուրջ` Հայաստանը»,- ասել է Զեյնալովը: