Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հերթական հայտարարությունն է տարածել` կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ: Պարզվում է` «Ժառանգությունը» խիստ վրդովվել է` տեղեկանալով, որ արձանագրությունները ներկայացվելու են ԱԺ-ի վավերացմանը: «Փաստաթուղթ, որը 2009թ. ապրիլի 22-ի գիշերը նախաստորագրվել էր հասարակությունից գաղտնի մի գործընթացի արդյունքում, եւ որով գործող նախագահությունը նպատակ ուներ ներքին լեգիտիմությունը փոխհատուցել արտաքինով` զիջումներ անելով մեր ազգային կենսական շահերի հաշվին: Կանխատեսելի էր, որ գործող նախագահությունը` օգտագործելով իր իսկ թելադրանքով ՍԴ-ի ընդունած ներքին ծխածածկույթ ապահովող որոշումը, այժմ էլ մտադիր է դրանք հապճեպորեն վավերացնել գործադիրի կցորդի վերածված ԱԺ-ում: Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ու համայն հայության կենսական շահերի տեսանկյունից անընդունելի, խիստ վտանգավոր նախապայմաններ են պարունակում, ուստիեւ պետք է մերժվեն թե՛ ԱԺ-ի, թե՛ հանրության կողմից: Երկու երկրների հարաբերությունների «նորմալացման» ներկայիս գործընթացի առնչությամբ հայ ժողովրդին եւ մեզ համակած մտահոգությունները բազմիցս հիմնավորվել են հենց Թուրքիայի վարչապետի, արտգործնախարարի, այլ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններով, մասնավորապես` վերջին 10 ամիսների ընթացքում նրանց հակահայկական, հակահայաստանյան, հակաարցախյան դիրքորոշումներով, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ուրացման ու մերժման շարունակվող քաղաքականությամբ: Միայն Թուրքիայի կողմից առանց որեւէ նախապայմանի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ իր իսկ ձեռքով փակված սահմանի բացումը կարող են հիմք հանդիսանալ հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ փոխադարձ վստահության վերականգնման եւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման համար: Իսկ Հայաստանի գործող իշխանությունները եւ նրանց մաս կազմող պատգամավորները պետք է քաջ գիտակցեն, որ ժողովրդի կամքին հակառակ կայացրած ցանկացած որոշում վերջին հաշվով առոչինչ է: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այն օրը, երբ արձանագրությունները պաշտոնապես կմտնեն Ազգային ժողովի օրակարգ եւ կդառնան համապատասխան նիստի քննարկման առարկա, մենք այն կդիմավորենք ԱԺ դարպասների մոտ` բարձրաձայնելով մեր բողոքն ու վճռական «ՈՉ»-ը: Մենք կոչով դիմում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին` միանալ այդ հանրահավաքին եւ թույլ չտալ կյանքի կոչել այս իրավասպան ու հիրավի հայրենադավ փաստաթղթերը: Այդ օրը ողջ ժողովուրդը եւ նրա շահերն իրապես սպասարկող քաղաքական ուժերը պետք է ապացուցեն հայոց ինքնիշխանությանը, իրավունքին ու արժանապատվությանը տեր կանգնելու իրենց անկոտրում կամքը»,- ասված է հայտարարության մեջ: