Մեկնաբանում է Շարմազանովը

14/02/2010

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հատուկ ասուլիս էր հրավիրել` մեկնաբանելու նախագահ Սերժ Սարգսյանի` լոնդոնյան ելույթը: Նրա գնահատմամբ` Ս. Սարգսյանի ելույթը «տարածաշրջանային առաջնորդի» ելույթ էր: «Նախագահն այդպիսով ցույց տվեց, որ ինքն ազգային, պետական գործիչ է եւ պատրաստ է լուծել կնճռոտ խնդիրները»,- հայտարարել է Շարմազանովը` հավելելով, թե իր ելույթում ՀՀ նախագահն առաջին անգամ անդրադարձել է ադրբեջանական կեղծ քարոզչությանը` պարզաբանելով, որ հակամարտությունն ընթանում է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այլ` Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: «Նախագահը փաստացի ասաց, որ ԼՂՀ խնդրի լուծումը տեսնում ենք Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմամբ, ինչը փաստ է»,- ասել է նա:

Անդրադառնալով ելույթի այն հատվածին, որտեղ Ս. Սարգսյանը պատասխանում է Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչեցվող սպառնալիքներին, Է. Շարմազանովն ասել է. «Ս. Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի Արտգործնախարարության ոչ պրոֆեսիոնալ ու փաստազուրկ հայտարարությունը հիշեցնում էր այդ երկրի ԱԳՆ պահակի զեկույցին»: Մեկնաբանելով ելույթի` հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հատվածը, Շարմազանովն ասել է, թե` երկրի ղեկավարի մակարդակով փաստվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում ֆիասկո չեն ապրի: «Բայց նաեւ ասաց, որ մեր երկրի խորհրդարանում դրանք կվավերացվեն միայն Թուրքիայի խորհրդարանում դրանց վավերացումից հետո»:

Մեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի դիտարկումը, թե Ս. Սարգսյանի ելույթով իշխանությունը եւ Սերժ Սարգսյանը փորձում են «պուպուշ երեւալ արտաքին աշխարհի առջեւ», ասել է. «Ընդդիմությունը Հայաստանում բազմաշերտ է: Ընդդիմությունն արդեն պայքարում է 2012թ. ԱԺ ընտրություններում ընդդիմադիր զանգվածին տիրանալու համար: Խոսքը ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» մասին է: Մենք տեսնում ենք, որ փոխադարձ «հրաձգություններ» են տեղի ունենում, գոնե իրար կծում են: Ես կցանկանայի Արմեն Մարտիրոսյանին, ով անդրադարձել է նախագահի ելույթին, հայտնել. ի տարբերություն շատ քաղաքական ուժերի` ՀՀԿ-ն երբեք «պուպուշ» չի ուզում երեւալ, ՀՀԿ-ն գործի կուսակցություն է, իսկ «պուպուշ» երեւալու ցանկությամբ աչքի է ընկել այն քաղաքական ուժը, որ ներկայացնում է պարոն Մարտիրոսյանը, եւ որոնք «մարդ են բերում» երկրի կամ իրենց ընդդիմադիր գործընկերների վրա: Հանրապետականը պուպուշ երեւալու հավակնություններ չունի: Պուպուշ փորձում են երեւալ դեմագոգներն ու պոպուլիստները: Խոսելուց առաջ պետք է մի քիչ մտածել»: