Մեկ անգամ ևս՝ տեղական տուրքերի գլուխկոտրուկի մասին

14/02/2010

Զանգվածային լրատվության միջոցներում տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ են տրվում Երեւանի ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի որոշման առնչությամբ (Երեւան քաղաքում տեղական տուրքերի եւ վճարների 2010 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին 46-Ն որոշում): Խոսքը մասնավորապես հիշյալ որոշման 4-րդ եւ 5-րդ կետերի՝ ոգելից խմիչքի եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքերի մասին է: Տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով նշենք, որ իրականում, եթե որոշ վարչական շրջանների գլխավոր փողոցներում տուրքը բարձրացվել է, ապա ավելի քան 10 վարչական շրջանների երկրորդական փողոցներում եւ բակային հատվածներում տեղակայված տաղավարների համար այդ նույն տուրքը իջեցվել է: Այդ մասին ավելի մանրամասն՝ հետո, մինչ այդ՝ շահարկվող մեկ այլ հարցի մասին:

Ինչո՞ւ է կրպակը սուպերմարկետի չափ տուրք վճարում

Հարցադրումն իսկապես տեղին է, փորձենք բացատրել, թե ինչու. միանգամից նշենք, որ դա որեւէ կապ չունի Ավագանու վերը հիշատակված որոշման հետ:

Դեռեւս 1997 թվականից գործող «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները համայնքներում իրավասու են սահմանել տեղական տուրքեր` այդ թվում նաեւ ծխախոտի եւ ոգելից խմիչքի վաճառքի համար, ընդ որում օրենքը դրույքաչափերի տարբերակում նույն համայնքի նույն գոտու համար չի նախատեսում: Սա նշանակում է, որ անկախ նրանից, այդ տուրքը կլինի 1000 դրամ, թե 30 հազար դրամ, նույն փողոցում գտնվող փոքր կրպակն ու սուպերմարկետը վճարելու են նույն տուրքը, այդպես եղել է միշտ, որը անկախ վճարվող գումարի չափից՝ քննադատելի մոտեցում է: Նախկինում, երբ մայրաքաղաքը բաժանված էր 12 համայնքների, բնականաբար, թաղային համայնքներից յուրաքանչյուրում սահմանված էր առանձին դրույքաչափ:

Այժմ արդեն Երեւանը մեկ համայնք է, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս նույն համայնքի նույն գոտում տարբեր դրույքաչափեր կիրառել:

Երեւանի ավագանին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ կիրառել է գոտիավորման սկզբունքը, որի նպատակը առավել բանուկ հատվածներում գործող տնտեսվարողներին եւ իսկապես ծայրամասում գործող կրպակներին տարանջատելն է եղել: Իրավական այս պայմաններում սա դիտարկվել է, որպես փոքր ու միջին բիզնեսին պաշտպանելու առավել օպտիմալ տարբերակ: Երեւանի գլխավոր փողոցներին հարակից առեւտրային տաղավարները ներառվել են առաջին գոտում, երկրորդական փողոցները` երկրորդ գոտում, բակային տարածները, փակուղիներն ու նրբանցքները՝ երրորդ գոտում: Հաշվի է առնվել, որ փոքր կրպակներն ու խանութները հիմնականում տեղակայված են երկրորդական փողոցներում եւ բակային տարածքներում:

Ինչ վերաբերում է գլխավոր փողոցներում կամ առաջին գոտում գտնվող փոքր խանութներին, ապա նրանց համար տարբերակված մոտեցում օրենքը չի նախատեսում: Այնուամենայնիվ, որպեսզի սուպերմարկետն ու կրպակը հավասարաչափ չվճարեն, պետք է փոխել նախ՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքը, հետո նոր միայն՝ Ավագանու որոշումը: Երեւանի քաղաքապետարանը ընդունում է օրենքի անկատարությունը եւ արդեն ցուցաբերել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն` առաջարկելով կիրառել դրույքաչափերը սահմանելու նոր սկզբունք. այն է՝ բացի գտնվելու վայրից, հաշվի առնել նաեւ առեւտրային օբյեկտի մակերեսը:

Իրականում ո՞ վ է շահել, ո՞վ` տուժել

Տեղական տուրքի օրենքով նախատեսված առավելագույն դրույքաչափը կիրառվում է առաջին գոտում` ինչպես ծխախոտի, այնպես էլ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվությունը յուրաքանչյուր եռամսյակի համար կազմում է 30.612 դրամ: Նախկինում` մինչեւ 2009 թվականի վերջը, այս դրույքաչափը կիրառվել է Կենտրոն համայնքում, այսօր այն կիրառվում է ողջ Երեւան համայնքի առաջին գոտում, որտեղ ընդգրկված է 154 համաքաղաքային նշանակության գլխավոր փողոց եւ պողոտա: Երկրորդ գոտում ներառված է 267 փողոց, որի համար սահմանված տուրքը 15.000 դրամ է կազմում: Երրորդ գոտում ընդգրկված են մայրաքաղաքի մնացած բոլոր 761 փողոցները, որտեղ տուրքը սահմանված է նվազագույն շեմով` 7500 դրամ: Այսինքն՝ Երեւանի 1182 փողոցներից առաջին գոտում ներառված է մոտավորապես 14 տոկոսը, մոտ 21 տոկոսը ներառված է երկրորդ գոտում, իսկ 65 տոկոսից ավելին ընկնում է երրորդ գոտում: Նկատի առնենք. մինչեւ 2009 թվականը նախկին թաղային համայնքների կողմից թե՛ ծխախոտի, թե՛ ոգելից խմիչքի համար սահմանված տուրքի նվազագույն շեմը 7500 դրամ է եղել, ինչը նշանակում է, որ այսօր ծխախոտի եւ ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը, մեծ մասամբ, ոչ միայն չի բարձրացել, այլ առանձին տեղերում իջել է (Տե՛ս կից): Այսպես օրինակ` նախկինում Դավիթաշեն համայնքում սահմանված է եղել 25 հազար դրամ տուրք: Այստեղ այժմ առաջին գոտում ներառված է 3 փողոց, որտեղ աշխատող տնտեսվարողների համար տուրքը փաստորեն մոտ 5 հազար դրամով բարձրացել է, ինչը տարվա կտրվածքով մեկ խմբի ապրանքատեսակի համար կազմում է մոտ 20 հազար դրամ: Փոխարենը Դավիթաշեն համայնքի մնացած փողոցները հայտնվել են 2-րդ եւ 3-րդ գոտում, ինչը նշանակում է, որ նրանց համար տուրքը նվազել է, համապատասխանաբար՝ տարվա կտրվածքով 40 հազար եւ 70 հազար դրամի չափով: Տուրքերը թեթեւացել են նաեւ Էրեբունի վարչական շրջանում, Կենտրոն վարչական շրջանի երկրորդական հատվածներում աշխատող տնտեսվարողների համար (Նորագյուղ, Կիլիկիա, Սարի թաղ եւ այլն): Նշենք նաեւ, որ նվազագույն 7500 դրամ դրույքաչափը կիրառվել է մայրաքաղաքի նախկին թաղային համայնքներից ընդամենը երկուսում, մնացած տեղերում գործել են 10 հազարից մինչեւ 30 հազար դրամ դրույքաչափեր:

Բայց, ի վերջո, ո՞վ է ասել, որ, ասենք, Մալաթիայի տոնավաճառում եւ նրա շրջակայքում կենտրոնացված խանութներն ու շքեղ սուպերմարկետները պետք է նույն ապրանքը վաճառելու համար ավելի քիչ վճարեն, քան, օրինակ, Խորենացու փակուղու խանութները, ո՞րն է տրամաբանությունը, որտե՞ղ է առեւտրային շրջանառությունը ավելի մեծ, եւ ընդհանրապես ի՞նչ չափորոշիչներով պետք է սահմանել առեւտրային գոտին: Այն, ի դեպ, անշարժ գույքի կադաստրային գոտու հետ չի կարող լիովին համատեղելի լինել:

Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն

«168 Ժամի» կողմից. Իհարկե, շատ գովելի է, որ Երեւանի քաղաքապետարանը օպերատիվ արձագանքում է մամուլի հրապարակումներին։ Պակաս գովելի չէ նաեւ այն, որ քաղաքապետարանն ընդունում է օրենքի անկատարությունն ու, ինչպես նշվում է, «արդեն ցուցաբերել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն` առաջարկելով կիրառել դրույքաչափերը սահմանելու նոր սկզբունք. այն է՝ բացի գտնվելու վայրից, հաշվի առնել նաեւ առեւտրային օբյեկտի մակերեսը»։ Սակայն, կարծում ենք, ճիշտ կլիներ մինչ նախաձեռնության ընդունումը ինչ-որ մեխանիզմներ գտնել, ասենք՝ հետաձգել փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտների տուրքերի գանձումը։ Վերջիվերջո, մանր կրպակատերը պարտավոր չէ տուժել օրենքի անկատարության պատճառով։