Գուշակները մարդկանց հասցնում են խելագարության

14/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում, ըստ մասնագետների` 300-400 անհատ գուշակներ կան, որոնք օրենսդրական դաշտի բացակայության պայմաններում առանց որեւէ խոչընդոտի առաջարկում են իրենց ծառայությունները եւ դրանց դիմաց, ի դեպ, մեծ գումարներ են աշխատում:

Թեեւ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները մշտապես մեր ազգաբնակչությանը կոչ են անում զերծ մնալ օկուլտիզմով եւ առհասարակ գուշակություններով զբաղվող մարդկանցից, աղանդավորներից, այնուամենայնիվ, շատերն իրենց խնդիրների լուծումը տեսնում են «թուղթ ու գիր» անողների գործողությունների մեջ: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Ալեքսանդր Ամարյանը վստահեցնում է, որ գուշակներն իրենց գործունեության ընթացքում հմայության եւ գաղտնի տեխնիկական միջոցների օգնությամբ ոչ միայն ազդում են մարդու ուղեղի, հոգեբանության վրա, այլեւ հատուկ վարժանքների միջոցով հետագայում հեռակա կառավարում են նրանց: «Կարող եմ ասել, որ նույնիսկ շատ հեղինակավոր մարդիկ, ղեկավար-պաշտոնյաներ դիմում են գուշակների, որպեսզի թուղթ ու գրի միջոցով հասնեն պաշտոնների, հակառակորդների համար փոս փորեն կամ տիրանան որոշակի գումարների: Վերջերս մի դեպքի մասին իմացա, որ տղան գնացել էր հոր վրա թուղթ ու գիր անելու, որպեսզի հոր հարստության ժառանգությունն իրեն հասներ: Անշուշտ, գուշակները կարողանում են դա անել»,- ասում է Ա. Ամարյանը` վստահեցնելով, որ մեր երկրում գործող 300-400 գուշակներն իրենց գործունեությամբ մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ մարդկանց հոգեբանությունը ոչ միայն խեղաթյուրում են, այլեւ` քայքայում են ընտանիքներ, բաժանության, հիվանդության, ինչպես նաեւ վտանգավոր այլ երեւույթների պատճառ են դառնում: Կախարդության գործունեության ոլորտն անտեսանելի է, քանի որ գուշակներն աշխատում են մարդու հոգեւոր դաշտում` ազդելով նրա ներաշխարհի, հոգեբանության վրա: Ա. Ամարյանը վստահեցնում է, որ ՀՀ-ում գործող հոգեբուժարաններում մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր գուշակների թակարդն ընկնելուց հետո սկսում են ձայներ լսել, հոգեբանական խնդիրներ ունենալ եւ անկառավարելի դառնալ: «Շատերը հոգեկան հիվանդներ չեն, նրանք շեղումներ չունեն, բայց քանի որ բժիշկները չեն հասկանում` ուղարկում են հոգեբուժարան»,- ասում է նա` վստահեցնելով, որ կախարդության, «թուղթ ու գրի» միջոցով գուշակները հեռակա կառավարելով իրենց «զոհերին»` նրանց կարող են հասցնել խելագարության:

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Ռուսաստանի քաղաքացի, գուշակ Մարինա Բորիսովայի ծուղակն ընկած Ռիմա Գրիգորյանի պատմությանն, ով մինչ օրս հետապնդումների է ենթարկվում: 73-ամյա տիկնոջ հետ կատարվածին ծանոթ են ինչպես մեր հոգեւորականները, կրոնական հարցերով զբաղվող կազմակերպություններն, այնպես էլ ՀՀ Ոստիկանությունը, սակայն «սեւ մոգության» շղթան, ինչպես նշեցինք, գաղտնիության սկզբունքով է գործում, հետեւաբար՝ քրեորեն պատժելի հանցանշաններն այստեղ բացակայում են: Հիշեցնենք, որ թերթերում իր ծառայությունների մասին հայտարարություն տեղադրած գուշակ Մարինա Բորիսովան թմրամոլության եւ ալկոհոլիզմի համար բուժվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայում, սակայն, չնայած դրան` շարունակել է սեւ մոգության շնորհիվ բազմաթիվ քաղաքացիների հասցնել խելագարության: Ռ. Գրիգորյանը մեզ է ներկայացրել ՀՀ Ոստիկանությանն ուղղած իր դիմումը, որով նա նկարագրում է Մ. Բորիսովայի եւ նրա համախոհների կողմից հետապնդումների ենթարկվելու, ինչպես նաեւ իր իրերը գողանալու միջոցով կախարդություն անելու փաստերը: Վերջինս նաեւ նշել է այն գումարների մասին, որոնք Մ. Բորիսովան շանտաժի միջոցով հափշտակել է Ռ. Գրիգորյանից` խոստանալով իր վրա արած «թուղթ ու գիրը», այլ կերպ ասած` կախարդությունը վերացնել: ՀՀ Ոստիկանությունը, բնականաբար, այս կնոջ ահազանգին այնքան էլ լուրջ չի վերաբերվել: «Նրանք գտել էին Մ. Բորիսովային, եւ վերջինս խոստովանել էր, որ ինձ զանգահարում, օր ու գիշեր անհանգստացնում է, դուռս գիշերվա կեսին դմբդմբացնում, ինձ վախացնում է: Վերջում Ոստիկանությունում ստորագրել էր, որ ինձ այլեւս չի անհանգստացնի, բայց փաստն այն է, որ մինչ օրս ես նրա կախարդության պատճառով վատանում եմ»,- ասում է Ռ. Գրիգորյանը: Այս կինն այժմ վարձակալել է մի բնակարան, որտեղ թաքնվում է Մ. Բորիսովայի հետապնդումներից, ավելին` նա շատ վատ ինքնազգացողություն ունի եւ պարբերաբար դիմում է բժշկի։ «Բժիշկները չեն հասկանում` ի՞նչ է հետս կատարվում: Ճնշումս բարձրանում է, մարմինս քոր է գալիս, անքնությունից խելագարվում եմ»,- ասում է Ռ. Գրիգորյանը, ում ահազանգին ի պատասխան՝ Մաշտոցի շրջանի ոստիկանության թաղային տեսուչ Գոռ Բաղդասարյանը պատասխանել է` «Դու տունդ տուր իրանց, մենք դատի կտանք իրանց»: Այս տարօրինակ «դեղատոմսը» Գ. Բաղդասարյանն առաջարկել է Ռ. Գրիգորյանին այն բանից հետո, երբ Մ. Բորիսովայի գործողությունների մեջ քրեորեն հետապնդելի արարք չի գտել: Մենք փորձեցինք կապվել Գ. Բաղդասարյանի հետ, սակայն Ոստիկանությունից ասացին, որ նա հիվանդ պառկած է եւ աշխատանքի չի գալիս: Հետաքրքիր է նաեւ, որ թաղային տեսուչը Ռ. Գրիգորյանին առաջարկել է հոգեբույժ հրավիրել` հասկանալու համար` արդյոք նա հոգեկան շեղումներ չունի՞: Ինչեւէ, տիկնոջ հետ կատարվածից քաջատեղյակ Ա. Ամարյանը հավատացնում է, որ Ռ. Գրիգորյանի վարքագիծն ադեկվատ է, նա հոգեկան շեղումներ չունի, պարզապես իրավապահ մարմիններն ի զորու չեն հասկանալ, թե սեւ մոգության արդյունքում ինչպե՞ս կարելի է ազդել մարդու հոգեբանության վրա: