Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ֆեյխոան` յոդի մատակարար
Ֆեյխոայի պտղաբույսն օգտագործվում է ինչպես թարմ վիճակում, այնպես էլ` մուրաբաների ու ջեմերի տեսքով: Այս պտուղն իր անվանումը ստացել է բրիտանացի բուսաբան Սիլվա Ֆեյխոյի պատվին: Հիմնականում այս պտղի լավ եւ հասուն ժամանակը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին է: Իսկ որպեսզի այն համեղ լինի, պետք է շատ լավ հասած լինի: Եթե դուք լավ չհասած պտուղներից եք գնել, ապա պետք չէ հուսահատվել, այն մի քանի օրվա ընթացքում տանը կհասունանա: Լավ հասած վիճակում ֆեյխոան հնարավոր չէ արտահանել, այդ պատճառով էլ միրգը արտահանում են կիսահասած վիճակում: Անհոգ եղեք, այն չի կորցնում իր օգտակար հատկությունները:
Մեր թերթի մշտական ընթերցող եւ նամակագիր Ջուլիետա Սահակյանը՝ անդրադառնալով ֆեյխոային, հետաքրքիր բաղադրատոմսեր է ուղարկել. «Նախ սկսենք այն բանից, որ վահանագեղձի հիվանդության դեպքում պետք է շատ ֆեյխոա օգտագործել: Աշխարհում այն միակ պտուղն է, որ կարող է մրցել ծովամթերքների հետ՝ իր մեջ եղած յոդի պարունակությամբ:
1կգ ֆեյխոայի մանր կտրատած պտուղների վրա լցնել 700գ շաքարավազ: Պահել ապակե տարայի մեջ, ծածկել մետաղե կամ ապակե կափարիչով: Տարան պահել սառնարանում: Նման` այսպես ասած` հում մուրաբան օգտակար է դիմադրողականության բարձրացման համար: Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այն աթերոսկլերոզի, ավիտամինոզի, աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունենալու դեպքում: Ֆեյխոայի եթերային յուղը օգտակար է հակաբորբոքային, մաշկային հիվանդությունների դեպքում:
Ֆեյխոայից նաեւ շատ համեղ աղցան են պատրաստում: Մաքրել այն կեղեւից, քերիչով անցկացնել, ավելացնել հավասար քանակությամբ քերած բազուկ, ավելացնել մի քիչ ձեթ եւ ուտել։ Շատ համեղ է եւ օգտակար: Անուշաբույր թեյ է ստացվում ֆեյխոայի կեղեւներից»:
Բացի յոդից, ֆեյխոան նաեւ մեծ քանակությամբ վիտամին C սախարոզա է պարունակում, պեկտինային նյութեր, բջջանյութ: Եվ նույնիսկ թվարկված օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է հատապտուղներից շատերին:
Ֆեյխոան հիանալի միջոց է հիպերտոնիայի եւ աթերոսկլերոզի դեմ: Այն կարելի է խառնել շաքարի հետ 2:1 հարաբերությամբ: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է կես բաժակ ջրով բացած 1 ճաշի գդալ ֆեյխոայի հյութը: Ֆեյխոայի ծաղիկները եւս մեծ բուժական նշանակություն ունեն: Ծաղիկները հավաքում են, չորացնում, ավելացնում թեյերին, կամ կարելի է նաեւ` մուրաբային: Դեռ շատ վաղուց մարդիկ գիտեին, որ ֆեյխոան լավ պրոֆիլակտիկ միջոց է դեղնախտով հիվանդների հետ շփման ժամանակ` վարակը կանխելու համար:
Ընդհանրապես խորհուրդ չի տրվում այս պտուղը սառեցնել, հալեցրած վիճակում կարելի է սոուս պատրաստել: Պետք է նաեւ հիշել այն մասին, որ ֆեյխոայի պտուղները չեն չորացնում, իսկ թարմ վիճակում այն կարելի է պահել 1 ամիս: Ավելի երկար պահպանելու համար կարելի է խառնել 1:1 հարաբերությամբ շաքարավազ եւ մի փոքր ջերմային մշակման ենթարկել: Այս վիճակում այն իր օգտակար հատկությունները չի կորցնում, օգտագործելիս էլ կարելի է ավելացնել ընկույզ:
Ֆեյխոայի հյութն օգտագործում են նաեւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:
Ֆեյխոայի հյութը բակտերիցիդային ազդեցություն կարող է ունենալ աղիքային ցուպիկների վրա:
Խորհուրդ չի տրվում ֆեյխոա օգտագործել ճարպակալման դեպքում եւ շաքարախտով տառապողներին: