«Դարձել է աշխարքն, ախպեր, առ ու փախ»

07/09/2005 Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Բազմաթիվ խնդիրների եւ դժվարությունների առջեւ են այսօր կանգնած Լոռու
մարզի լեռնային բնակավայրերը, որոնցից մեկն էլ Օձուն գյուղն է, իր դարավոր
պատմությամբ եւ հարուստ ավանդույթներով: Հայաստանի խոշոր գյուղերից մեկն
այսօր բարվոք վիճակում չէ եւ լուծում պահանջող բազմաթիվ հիմնախնդիրներ
ունի: Դեռեւս անցյալ դարի 60-70-ական թվականներին 10.000 բնակիչ ունեցող
գյուղում այսօր հազիվ 5000 մարդ է ապրում: Գյուղի երիտասարդությունը,
ինչպես վերջին տասնամյակում, այնպես էլ՝ այսօր, հեռանում է հարազատ
բնակավայրից: Երբեմնի բարգավաճ գյուղում, որտեղ միայն 1929թ. 107 տղա
երեխա է ծնվել, այսօր ծնելիությունը հազիվ է անցնում 60-ի սահմանը:
Այսպես, 2004թ. գյուղում ծնվել է 64 երեխա, մահացել՝ 52 մարդ, իսկ այս
տարվա 7 ամիսներին այդ թվերը կազմել են համապատասխանաբար` 30 եւ 28:
Գյուղապետի տեղակալ Վահագն Դավիդավյանը նշեց, որ եթե առաջներում գյուղի
երկու միջնակարգ դպրոցներում առաջին դասարանների թիվը հասնում էր 6-ի, ապա
այսօր հավաքագրվել է ընդամենը 2 դասարան: Գյուղից արտագնացության չափերի
մասին ամբողջական պատկերը ցույց տվեց գյուղապետի տեղակալի կողմից
ներկայացված զինպահեստազորի` մինչեւ 35 տարեկան մարդկանց ցուցակը, որում
նշվածների մոտ 40%-ը գտնվում էր կամ Ռուսաստանում, կամ հեռավոր
արտասահմանում:

Գյուղի մեծ պրոբլեմներից մեկն ամեն տարի կարկուտի հետեւանքով
ցանքատարածություններին եւ այգիներին հասցվող մեծ վնասն է: Պրն
Դավիդավյանը նշեց. «Մինչ 1990թ. գյուղում գործում էր հակակարկտային կայան,
որը նախատեսված էր նաեւ շրջակա գյուղերի համար: Սակայն հակակարկտային
հրանոթները հանեցին: Բազմիցս դիմել ենք կառավարությանը՝ որպես կարկտային
բարձր ռիսկային գոտի վերականգնել այդ կայանը, սակայն քանի տարի է դիմում
ենք, բայց հարցն իր լուծումը չի գտնում»: Սուր է դրված հողերի մելիորացման
հարցը: Գյուղի հողերը 2, 3 կարգի են եւ պարբերաբար պահանջում են
թունաքիմիկատներով հիմնավոր մշակում, որը սակայն գյուղացու ուժերից վեր է,
եւ կարող է կատարվել միայն պետության աջակցությամբ: Գյուղապետի տեղակալը
նշեց. «Հողերի վերամշակման բարձր որակի պարարտանյութեր են հարկավոր,
գյուղացին կարողանում է միայն հողին ազոտային պարարտանյութ տալ, այն էլ՝
միայն քչերն են իրենց թույլ տալիս: Հողը հոգնել է, հողից ժողովուրդն
ակնկալիք չունի, թողնում են որպես խոտ: Դաշտերի 30-40%-ը թողած է բազմամյա
խոտերին, առվույտ չեն ցանում»: Սարիբեկ պապը, ցույց տալով իր այս տարվա
ցորենի բերքը, ասաց. «Ամեն տարի Աստծո հույսով ցորեն ենք ցանում, որ մի
բան ըլիլ տի: Բայց մի տարի կամ կարկուտն ա տանում, կամ փտում ա անձրեւիցը:
Էս տարի 120 հազարի խարջ եմ արել ու ցորեն ցանել, բայց հավաքածիս զուտ
կեսը թափելու ապրանք ա, սկի ցանածի հախն էլ հանիլ չի»: Վերջին տարիներին
գյուղում սկսել են մեծ քանակությամբ եգիպտացորեն եւ արեւածաղիկ ցանել, որն
ըստ գյուղացիների՝ «էլի ձեռ ա տալի»:

Գյուղում կենսապահովման միակ աղբյուրն անասնապահությունն է: Սակայն գյուղի
1600 տնտեսություններին բաժին է ընկնում միայն 900 գլուխ խոշոր եւ 1200
մանր եղջերավոր անասուն: Սուր է դրված հատկապես անասնակերի հայթայթման
խնդիրը: Գյուղի յուրաքանչյուր ընտանիքի բաժին է հասել 1200 քառ. մ
խոտհարք, դրանք էլ գտնվում են գյուղից 15-20 կմ հեռավորության վրա: Ինչպես
նշեցին գյուղացիները՝ տնտեսապես անշահավետ է գյուղից այդքան հեռու խոտ
բերել, դա ձեռնտու է միայն այն մարդկանց, ովքեր սարում են եւ կարող են
այնտեղ հնձել եւ հավաքել իրենց խոտը: Եվ եթե իրենց խոտհարքից իրենք
ստանալու են 30-40 կապոց խոտ, ապա ավելի ձեռնտու է այն գնել գյուղից:
Սասուն Մակիչյանը նշեց, որ թեեւ իրենք սարում խոտ են արել, սակայն միայն
մեկ ավտոմեքենայի տեղափոխության վառելիքի արժեքը 12.000 դրամ է նստում,
չհաշված մյուս ծախսերը: Մեծ դժվարություն է ներկայացնում հատկապես կաթի
վերամշակումից ստացված արտադրանքի իրացումը: Գյուղը մայրաքաղաքից մոտ
180կմ հեռավորության վրա է, եւ տեղափոխումը մեծ ծախսերի հետ է կապված: Այս
տարի ամառվա շրջանում գյուղում տարածված է եղել տզային վարակիչ
հիվանդությունը, որի հետեւանքով մոտ 20 գլուխ անասուն է սատկել: Գյուղի
անասնաբույժ Մարտին Պապոյանը նշեց. «Թեեւ գյուղն ապահովված է անհրաժեշտ
անասնապահական դեղամիջոցներով, սակայն այս հիվանդության դեմ անասունների
բոլոր դեղերը անասնատերերը գնել են իրենց միջոցներով, քանի որ
հիվանդությունը պետպլանով տրամադրվող դեղորայքի մեջ ներառված չէ: Դիմել
ենք Գյուղնախարարությանը, որպեսզի գան եւ տեղում ծանոթանան իրավիճակին, եւ
համապատասխան դեղամիջոցներ հատկացնեն, սակայն ոչ ոք դեռեւս չի եկել, եւ
ստիպված սեփական ուժերով ենք պայքարում հիվանդության դեմ: Սակայն հաջորդ
տարի անպայման պետք է գյուղի ամբողջ անասնագլխաքանակը համապատասխան
կանխարգելիչ վակցինացում անցնի, իսկ դա գյուղացու ուժերից վեր է,
անհրաժեշտ է պետության աջակցությունը»: Անասնաբույժը նաեւ նշեց, որ թեեւ
հիվանդությունը կարողացել են լոկալացնել, սակայն կրկնակի բռնկման
հավանականությունը բավականին մեծ է:

Գյուղն իր գեղատեսիլ բնությամբ եւ 6-րդ դարի եկեղեցով բավական հրապուրիչ է
տուրիզմի համար: Սակայն բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները: Պրն
Դավիդավյանը նշեց, որ 2 տարի առաջ Վահագն Հովնանյանը ցանկություն էր
հայտնել Օձունում բարձրակարգ, մոտ 8 հա տարածքի վրա հյուրանոց կառուցել,
սակայն հետագայում հրաժարվել է: Վերջին տարիների անկանոն ծառահատումները
մեծ վնաս են հասցրել նաեւ Օձունի ենթաշրջանի անտառածածկ տարածքին: Թեեւ ՀՀ
կառավարությունը անտառների վերականգնման ծրագիր է մշակել, սակայն 2 տարի
առաջ միայն «Թուֆենկյան» հիմնադրամի հատկացրած միջոցների հաշվին են Օձունի
շրջակա անտառում կատարվել մոտ 100 հա անտառվերականգնման աշխատանքներ` 123
հազար տնկի եւ 10 հազար եղեւնի:

Պատշաճ ուշադրության կարիք ունի հատկապես Օձունի խորհրդանիշը` 6-րդ դարի
նշանավոր եկեղեցին, որի վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռեւս
անցյալ դարի 80-ական թթ., սակայն անավարտ էին մնացել: Գյուղապետի տեղակալը
նշեց, որ բազմիցս այդ հարցով դիմել են կառավարությանը եւ կաթողիկոսին:
Կաթողիկոսարանից հայտնել են, որ եկեղեցին ներառված է վերանորոգման կարիք
ունեցող պատմամշակութային հուշարձանների ցանկում, բայց դեռեւս պարզ չէ, թե
երբ կսկսեն դրա իրագործումը: Գյուղում հիմնական աշխատանքով ապահովված է
մոտ 400 մարդ, հիմնականում պետական հիմնարկներում: Նրանցից 100-ն
ուսուցիչներ են, մնացածն աշխատում են գազի, էլեկտրաէներգիայի եւ
հեռահաղորդակցության ոլորտներում: Մասնավոր հատվածից գործում են 4 քար
մշակող, 1 կաթնավերամշակման ձեռնարկություններ եւ 2 ալրաղաց:

Գյուղն ապահովված է ժամանակակից սարքավորումներով հագեցած ամբուլատորիայով
եւ պետության կողմից տրամադրված շտապօգնության մեքենայով: Իսկ ահա անցյալ
դարի 80-ականներին կառուցված եւ կիսավարտ մնացած Օձունի ենթաշրջանի համար
նախատեսվող հիվանդանոցի մասնաշենքերը քանդում են: Գյուղացիները կատակում
էին, թե. «Ըրեւանումը շինանյութը հերիքում չի, տանում են, որ
շինարարությունը կանգնի ոչ»: Գյուղում գործում է ֆուտբոլի մանկապատանեկան
դպրոց, որի սաները մասնակցում են Լոռու մարզի ֆուտբոլային առաջնությանը,
եւ մեծ հույսեր ունեն հաջորդ տարի խաղալ Հայաստանի առաջնությունում: Որպես
լուրջ հիմնախնդիր՝ հարկ է նշել, որ Թումանյանի եւ Տաշիրի տարածաշրջանների
սարերում վերջին տարիներին մեծ չափեր է ընդունել անասնագողությունը:
Հուլիս ամսին Թումանյանի տարածաշրջանի Կաճաճկուտ գյուղից գողացել էին
բավական քանակությամբ խոշոր եղջերավոր անասուններ, իսկ օգոստոս ամսին
նույնանման դեպք է գրանցվել Տաշիրի տարածաշրջանում. մի գիշերվա մեջ 26 կով
էին գողացել: Աքորի գյուղում տարածել էին, թե Վրաստանի ադրբեջանցիներն են
գողացել, սակայն բոլորը գիտեին, որ այդ կազմակերպված հանցագործությունների
հեղինակները տեղի իշխանություններն են: Եվ գյուղացիները միայն կարող են
անզոր լռել: Ո՞ւմ բողոքեն: