Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթմ Հաուս»-ում ունեցած ելույթում հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրություններն ուղարկելու է Ազգային ժողովի վավերացմանը: «Այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններն ուղարկել ԱԺ` վավերացման գործընթացը սկսելու համար… Որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ՝ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների վավերացման դեպքում, ՀՀ ԱԺ կողմից դրանց վավերացման տապալումը»,- ասել է Ս. Սարգսյանը: Նա նաեւ ասել է, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կհրավիրի այդ արարողությանը: «Ես կարծում եմ, որ որպես գործելու եւ լուծումներ գտնելու ուղեցույց, ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ եւ ուղեցույց հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիեւին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: