Անձամբ է ուսումնասիրում

11/02/2010

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ինքն անձամբ է ուսումնասիրում «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հնարավորության հարցը: Ա. Հարությունյանը որոշել է անձամբ ուսումնասիրել, քանի որ «մեր փորձագետների կարծիքն այս հարցով միանշանակ չէ»: «Մի մասը պնդում է, որ համաներումը տարածվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով դատապարտված «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագրի վրա, մյուս մասը համոզված է, որ չի տարածվում: Օրենքի տառն է պահանջում, որ եթե բովանդակության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա, տարակարծություններ կան, ապա այդ հակասությունները պետք է մեկնաբանվեն ոչ թե ի օգուտ պետական ինստիտուտների, այլ հօգուտ քաղաքացու»,- ասաց Ա. Հարությունյանը: Ի դեպ, դժգոհություններին, թե ինչո՞ւ Մարդու իրավունքների գրասենյակը չի արձագանքել թիվ 10/19 ընտրատեղամասում տեղի ունեցած իրավախախտումներին, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Գրասենյակն արձագանքել է: Այդ ընտրություններում, անկախ արդյունքներից, կրկնվեց վաղեմի հիվանդությունը»: Իսկ Նիկոլ Փաշինյանին վերաբերող հարցադրումներին ի պատասխան էլ՝ օմբուդսմենն ասաց. «Ի՞նչ անեմ, Փաշինյանին մանդատ տա՞մ»: