«Մարտի 1-ը մեր ցավն է, սակայն մենք պետք է հասկանանք, որ Մարտի 1-ը չպետք է դառնա նաեւ գործիք Հայաստանից աշխարհաքաղաքական զիջումներ կորզելու հարցում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` անդրադառնալով փետրվարի 4-ին ԵԽ ԽՎ քննարկմանը ներկայացված բանաձեւի նախագծին: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինբլանդը ներկայացրել է «Մարտիմեկյան դեպքերին բանակի ներգրավվածության մասին» բանաձեւի բավականին կոշտ նախագիծ, որտեղ նա կոչ է արել հետաքննել եւ պարզել 2008թ. Հայաստանում հետընտրական ողբերգական դեպքերին բանակի ներգրավվածության աստիճանը եւ պատժել մեղավորներին: Ըստ Ա. Հարությունյանի, նման բանաձեւ չէր ներկայացվի, եթե չլիներ Հայաստանի «մեղքը»: «Մինչեւ օրս մենք չենք տվել շատ հարցերի պատասխաններ, դրանով հնարավորություն ենք տալիս, որպեսզի նմանատիպ հարցադրումներ լինեն: Մենք պետք է գտնենք պատասխանները, որպեսզի դա կանխենք»,- նկատել է օմբուդսմենը: