Դպրոցից դեպի քաղաքականություն

11/02/2010

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը գերմանական Քրիստոնեա-Դեմոկրատական հիմնադրամ է, որը վերջին տարիներին գործունեություն է ծավալում նաեւ Հարավային Կովկասում: Չնայած այն կապված է Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության հետ, սակայն կախված չէ նրանից, քանի որ, ինչպես մյուս հիմնադրամները, ֆինանսավորվում է Գերմանիայի պետական բյուջեից: Եվ, ինչպես ասում է «Կոնրադ Ադենաուերի» Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կատյա Քրիստինա Պլատեն, այն ոչ թե կուսակցական, այլ քաղաքական հիմնադրամ է, որի նպատակն է՝ աջակցել ժողովրդավարական արժեքների տարածմանը:

– «Կոնրադ Ադենաուերը» Հարավային Կովկասում իր գործունեությունը սկսել է 2008 թվականի հունվարից: Մենք ունենք գրասենյակներ Երեւանում, Թբիլիսիում եւ Բաքվում: Հարավային Կովկասում մենք աշխատում ենք չորս հիմնական ոլորտներում: Առաջինը` համագործակցությունն է գործընկեր կուսակցության հետ: Երկրորդ ոլորտը ԶԼՄ-ների հետ աշխատանքն է: Մենք աշխատում ենք լրագրության ոլորտում տեխնիկական որակավորում տրամադրելու, օրենսդրական դաշտի ուսումնասիրության եւ ԶԼՄ-ների կառավարման մեթոդական եւ գործնական հմտությունների զարգացմանը նպաստելու ուղղություններով: Երրորդ ոլորտը սոցիալական-շուկայական տնտեսությունն է, որը հիմա ամենաարդիական խնդիրն է ամբողջ Եվրոպայի համար: Այս ոլորտում մենք համագործակցում ենք հիմնականում համալսարանների հետ, որոնց ներկայացնում ենք սոցիալական-շուկայական տնտեսության մոդելները եւ ծանոթացնում այդ համակարգին: Այս ծրագիրն առաջին անգամ սկսել ենք Վրաստանում եւ իրականացնում ենք ոչ թե մայրաքաղաքում, այլ մարզերում, այսինքն` փորձում ենք աջակցել մարզերի տնտեսության զարգացմանը: Մեր գործունեության մյուս ոլորտը տարածաշրջանային համագործակցությունն է` անվտանգության քաղաքականությունը (փորձում ենք երկխոսություն ստեղծել երեք պետությունների միջեւ), կրոնական համայնքների համագործակցությունը:

– Իսկ ի՞նչ ծրագրեր ունի ձեր հիմնադրամը առաջիկայում, որոնք կարող են տեսանելի արդյունքներ ունենալ:

– Բացի վերը նշված ոլորտներում մեր գործունեությունից, մենք ունենք եւս մեկ հատուկ ծրագիր: 2009 թվականի սեպտեմբերի մեկից Եվրամիության հետ համատեղ մի ծրագիր ենք իրականացնում, որի համար Եվրամիությունից ստացված գումարի հետ միասին ծախսվելու է 1,8 մլն եվրո: Դա քաղաքական կրթության ծրագիր է, այն դասավանդվելու է դպրոցում: Եվ քանի որ քաղաքական կրթությունը հանդիսանում է մեր հիմնադրամի գործունեության հիմնաքարը, այս նախագիծը շատ համապատասխանում է մեր նպատակներին: Մենք աշխատելու ենք ուսուցիչների, աշակերտների, դպրոցների հետ, որոնք գտնվում են ոչ թե Երեւանում, այլ մարզերում:

– Իսկ ովքե՞ր են ձեր գործընկերները Հայաստանում:

– Յուրաքանչյուր երկրում մեր ծրագրերի իրականացման համար մենք ընտրում ենք գործընկեր կազմակերպություններ: Հայաստանում մեր առաջին գործընկերը Եվրոպայի խորհրդի Քաղաքական Դասընթացների երեւանյան դպրոցն է, որը պետք է իրականացնի ամբողջ ծրագիրը: Մեր մյուս գործընկերը Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունն է: Մենք հիմա գտնվում ենք շատ հաջող, բեղմնավոր փուլում, որովհետեւ այս գործընկերների հետ համագործակցությունը հաջողված է: Հիմա ոչ այնքան հետաքրքիր փուլ է այնքանով, որ հիմնականում զբաղված ենք կազմակերպչական հարցերով: Նախ ձեւավորում ենք մեր գրասենյակը, որը պետք է ծառայի այս նախագծի իրականացմանը, փորձագետներ ենք փնտրում, ովքեր կմասնակցեն այս ծրագրին: Կարծում եմ, այս ծրագրի առաջին արդյունքները կերեւան 2010 թվականի սեպտեմբերին:

– Այսինքն` այս ծրագրի հիմքում դրված է հանրակրթական դպրոցի միջոցով` դեպի քաղաքականություն, քաղաքական մշակույթ սկզբունքը:

– Այո, հենց դա էլ մենք համարում ենք մեր նպատակը: Մարզերում դժվարություններ կան տեղեկատվություն ստանալու առումով, մասնավորապես ժողովրդավարության վերաբերյալ: Մարդկանց համար դժվար է տեղեկանալ, թե ինչ է ժողովրդավարությունը, ինչպես կարող է այն զարգանալ: Երեւանում նման շատ հնարավորություններ առկա են, մինչդեռ շրջաններում դա շատ դժվար է: Մեր հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ քաղաքական կրթությունն այն չէ, երբ անգիր գիտեն, թե քանի պատգամավոր կա խորհրդարանում, կամ ուղղակի տեղեկացված են պետական կառույցների մասին: Ժողովրդավարությունն այն է, ինչը զգում ես, ինչը կարողանում ես զգալ սեփական մաշկիդ վրա:

– Իսկ ինչպե՞ս է գործնականում այդ ծրագիրն իրականացվելու դպրոցներում:

– Հիմա մենք մշակում ենք մեթոդիկան, այսինքն` այն մեթոդները, միջոցները, որոնցով պետք է սովորեցնենք նախ՝ ուսուցիչներին, թե ինչպես կարելի է այդ զգայական մոտեցումը փոխանցել աշակերտներին: Մեթոդներից մեկը, օրինակ, որը շատ արդյունավետ է գործում` խաղերի կազմակերպումն է: Այս մեթոդիկան ուսուցիչներին սովորեցնելուց հետո արդեն, դպրոցներում աշակերտների հետ կանցկացնենք որակավորման դասընթացներ: Որակավորման դասընթացների ավարտից հետո աշակերտները կգրեն քաղաքական ծրագիր, որտեղ կփորձեն ներկայացնել, թե, օրինակ, իրենց գյուղի համար ինչն է կարեւոր, առաջնային: Այսինքն` յուրաքանչյուր աշակերտ կսովորի ոչ միայն ինֆորմացիա ստանալ եւ հաղորդել, այլ նաեւ սեփական կարծիք կազմել այն մասին, թե ինչն է ավելի կարեւոր եւ առաջնային: Այդ փուլից հետո աշակերտները ընտրություն կկատարեն իրենց միջից, եւ իրենց դպրոցի կամ երկրի ներկայացուցիչը կգնա արդեն Հարավային Կովկասի խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն մյուս երկու պետությունների` Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Եվ երեք պետությունների ներկայացուցիչները, որոնք արդեն կունենան իրենց քաղաքական փաստաթղթերը, կկազմեն մեկ միասնական փաստաթուղթ` հռչակագիր, որում պետք է անպայման ամրագրված լինեն Հարավային Կովկասի շահերը: Այդ խորհրդարանի ներսում հնարավոր կլինի աշակերտներին սովորեցնել` ինչ է նշանակում կոալիցիայի կազմումը, ինչ է նշանակում կոմպրոմիսներ գտնելը, փոխհամաձայնության գալը: Եվ երբ արդեն այդ միասնական փաստաթուղթը պատրաստ լինի, երեխաների մի խումբ կմեկնի Բրյուսել, որտեղ նրանք այդ ծրագիրը կներկայացնեն Եվրոպառլամենտին կամ Եվրահանձնաժողովի նախագահին: Մեր գումարը բավականացնում է, որպեսզի այս գործընթացը իրականացնենք երեք տարի, եւ հույս ունենք, որ երեք տարի հետո էլ կկարողանանք այն շարունակել, քանի որ, մեր կարծիքով՝ սա երիտասարդ սերնդին քաղաքական կրթություն տալու հրաշալի հնարավորություն է: