– Ինչո՞ւ Ձեզ հեռացրին Դաշնակցությունից, Դուք դաշնակցական էիք 1991 թվականից սկսած:
– ՀՅԴ-ն 2005-ից հետո, չգիտեմ` ինչ պատճառներով, սկսեց զտել (վատ իմաստով, իհարկե) իր շարքերը: Ես տեղյակ եմ, թե ովքեր են կուսակցությունից հեռացվածները, հատկապես Շիրակի մարզում: Սկսած 2005-ից մեր մարզային կառույցի 850-900 անդամների մեծ մասը հեռացվեցին: Եվ հիմնականում հեռացվեցին այն անձինք, ովքեր իրոք դաշնակցական գաղափարախոսության հենքով էին գործում կուսակցության մեջ, իրենց «հեղափոխական» սկզբունքներին չէին դավաճանում: Երբ կուսակցության ղեկավարությունը ինչ-ինչ պատճառներով մոռացավ, որ կուսակցության անվան մեջ կա հենց «հեղափոխական» բառը, եւ դարձավ ավելի շատ հարմարվողական, այդ պահից կուսակցության ներսում գլուխ բարձրացրեցին իրոք հեղափոխական դաշնակցականները, որոնց հարիր չէր կուսակցության նման կեցվածքը: Կուսակցության ներսում 2 հիմնական թեւ առաջացավ` մի թեւը հանդուրժում էր կուսակցության ընդունած քաղաքականությունն ու գործելաոճը, երկրորդ թեւը դեմ էր դրան: Ովքեր դեմ էին (ես նորից եմ արձանագրում` նրանք գաղափարական դաշնակցականներն էին), նրանցից կուսակցությունը ազատվեց: Արդյունքը բոլորիս համար տեսանելի է: Եթե 2003թ.-ից մինչ այսօր տեղի ունեցած ընտրություններին ՀՅԴ-ի ստացած ձայների գրաֆիկը գծենք, կտեսնենք, որ այն շատ արագ, մոնոտոն նվազող գրաֆիկ է: Եթե Գյումրիում 2003թ.-ին մենք ստացել էինք 9-10 հազար ձայն, ապա այս վերջին ընտրություններում Գյումրիում ՀՅԴ-ն տարել է 3000-ից էլ պակաս ձայն: Սա նշանակում է` 65-70%-ով կրճատվել է ՀՅԴ համակիրների շարքերը: Իսկ ՀՅԴ-ն միշտ զորեղ է եղել իր համակիրներով, որոնք հիմնականում համախմբված են եղել անձերի շուրջ, քանի որ, ովքեր գաղափարի շուրջ էին համախմբվում, արդեն կուսակցության անդամ էին: Այս ձեւով կատարվեց ՀՅԴ-ի վերջին 4-5 տարիների քայքայումն ու պառակտումը: Այսօր ՀՅԴ-ն մնացած բոլոր կուսակցությունների նման շարքային, գործելաոճով եւ հարցերի լուծման մոտեցման սկզբունքներով մյուսներից ոչնչով չտարբերվող մի կուսակցություն է: Այսօր ՀՅԴ-ն գործում է հարմարվողականության, «Դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով, եւ այստեղ արդեն միանշանակ կորում է ազգայինի հասկացողությունը, ազգային գաղափարախոսությունը: Ի վերջո, բոլորին էլ պարզ է, որ տարբեր կուսակցություններ իրենց կանոնագրով, ծրագրով բոլոր երկրներում էլ գործում են` հանրապետական, դեմոկրատական եւ այլն: Բայց Դաշնակցությունը զուտ հայկական, ազգային կուսակցություն է, եւ այսօր իր պահվածքով նա իր ոտքերի տակից կորցրել է ազգային հողը: Ես գտնում եմ, որ այս իմաստով, այս գործելաոճով, Դաշնակցությունը սպառել է իրեն: Անհրաժեշտություն կա, որ նոր ուժեր գան, որոնց համար գաղափարական առանցքը կլինի հայի արժեքային համակարգը, ինչից միանշանակ հետ կանգնեց ՀՅԴ-ն, նաեւ` «Ժառանգությունը», որը նույնպես ինչ-որ իմաստով ազգային հենքի վրա էր ձեւավորված: Թող ինձ ներեն «Ժառանգության» անդամները, բայց նրանք եւս դավաճանեցին այդ սկզբունքներին:
– Բայց ինչպե՞ս կարող էին Շիրակի մարզում ՀՅԴ անդամների մեծ մասը հեռացվել` առանց ղեկավարության համաձայնության:
– Հարցի մեջ արդեն պատասխանը կա: Եթե կուսակցության ղեկավարությունը շահագրգռված է, որ ա-ն կատարվի, բ-ն երբեք չի կատարվի: Հենց ղեկավարության գործունեության արդյունքն է սա:
– Միայն Շիրակի մարզո՞ւմ է նման գործընթաց տեղի ունեցել:
– Ո՛չ, շատ մարզերում է նման բան կատարվել: Ես 2007-ի դեկտեմբերին եմ հեռացվել (այն ժամանակ Գյումրու ավագանու անդամ էի՝ հենց ՀՅԴ-ի կողմից առաջադրված), որից հետո երկու անգամ դիմել եմ Գերագույն Մարմին (ԳՄ)` ստանալու համար պատասխան` Շիրակի մարզային կոմիտեն ճի՞շտ է վարվել ինձ հեռացնելով, թե՞ ոչ: Թող ասեն, որ մարզային կոմիտեն ճիշտ է արել: Բայց երեք տարին արդեն լրանում է, ես գրավոր կամ բանավոր ոչ մի պատասխան չեմ ստացել ԳՄ-ից: Միայն սա ցույց է տալիս, որ ղեկավարությունը շահագրգռված էր այս գործընթացով:
– 2003-2007թթ.-ին Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը ի՞նչ դեր ուներ Շիրակի մարզում այս «զտման գործընթացին»:
– Իմ հեռացման պատճառը կապված է հենց Ռ. Մանուկյանի հետ, դրա համար էլ չեմ ուզում այս հարցի մասին խոսել, դա կարող է մեկնաբանվել այնպես, թե ես նեղացած եմ ինչ-որ մեկից: Բայց բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե մարզն ունի կուսակցական մարզպետ, եւ հենց այդ ընթացքում է կուսակցությունը պառակտվում, դա պարադոքս է: Ցանկացած մարզում, եթե այդ կուսակցության ներկայացուցիչն է մարզպետը, գոնե այդ մարզում այդ կուսակցությունը ավելի շատ ամրապնդվում, հզորանում է: Մեր դեպքում հակառակը կատարվեց:
– ՀՅԴ-ից հեռացվածները այսօր դադարեցրե՞լ են իրենց գործունեությունը:
– ՀՅԴ-ից հեռացված գաղափարական մարտիկները, իրենց էությամբ, իրենց գաղափարով, հասարակական կյանքից, քաղաքական դաշտից հեռու մնալ չեն կարող: Նրանք ակտիվորեն մասնակցելու են քաղաքական-հասարակական կյանքին ու մասնակցում են, դա ակնհայտ է: Ես համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը որեւէ այլ կուսակցության անդամ դառնալ չի կարող, նրանց էությունը, հոգին ու գաղափարախոսությունը դա թույլ չի տա: Եվ չեմ զարմանա, որ հեռացված դաշնակցականները մի օր հավաքվեն, մի կազմակերպություն ստեղծեն, նորից ֆորմալիզացնեն իրենց գործունեությունը: Համակերպվելը նրանց համար եղել է շատ հեռու, անհասանելի մի հարց: Այդ տեսակ մարդը չի կարող հանգիստ տանը նստել:
– Այսօր ՀՅԴ-ն կարծես թե ընդդիմության դաշտում է փորձում գործել, համենայնդեպս` կոալիցիայից դուրս է եկել:
– Ես ընդհանրապես չեմ հասկանում, որ միայն հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի, արձանագրությունների հետ կապված ՀՅԴ ղեկավարությունը որոշեց կոալիցիայից դուրս գալ: Դա, իհարկե, էական պատճառ էր, բայց մի՞թե մենք անհամեմատ ավելի էական տարաձայնություններ չենք ունեցել դրանից առաջ: ՀՅԴ-ն շատ ավելի շուտ պետ11ք է դուրս գար կոալիցիայից ու դառնար արմատական ընդդիմություն: Մանավանդ, որ ՀՅԴ-ն եւս շատ լավ ընկալում էր, որ արձանագրությունների ստորագրումը պարտադրված էր գերտերությունների կողմից, եւ մեր իշխանության մեղքի բաժինը այդքան էլ մեծ չէր: Հարցի լուծման մի ձեւ կար ընդամենը` իշխանության` նախագահի, կառավարության հրաժարականը, որի ուղղությամբ, կոալիցիայից դուրս գալով, ՀՅԴ-ն, ցավոք, չաշխատեց: