Ապրում են առանց կոնֆլիկտների

11/02/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թբիլիսիի կենտրոնական մասում գտնվող «հին քաղաքը» հայտնի է հատկապես տարբեր ազգություններին պատկանող հին շինություններով: Այստեղ կողք կողքի` մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, գտնվում են իսրայելական սինագոգը, վրացական ու ռուսական եկեղեցիները, իսկ մի փոքր ավելի հեռու` հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին ու մուսուլմանական մի քանի մզկիթներ: Այս տարածքում հեշտությամբ կարելի է գտնել եւ՛ վրացիների, եւ՛ հայերի, եւ՛ ադրբեջանցիների, եւ՛ եզդիների: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք բոլորը հանգիստ խոսում են 4-5 լեզուներով` ռուսերեն, վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն, եզդիերեն` անկախ ազգությունից: «Մենք այստեղ բոլորս եղբայրներ ենք»,- ասում է ազգությամբ ադրբեջանցի մի տաքսու վարորդ հայերենով` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում տարածքում բնակվող հայերին ու մյուս ազգերի ներկայացուցիչներին: Սինագոգի դիմաց նստած մի կին, որը մաքուր հայերենով էր խոսում եւ շատ լավ գիտեր Երեւանը, ասաց, թե ինքը ազգությամբ հրեա է եւ աշխատում է Սինագոգում: Հարցին, թե ինչպես է պատահել, որ այդքան լավ գիտի հայերեն, նա պատասխանեց, թե Հայաստանի հրեաներն էլ իր նման շատ լավ տիրապետում են հայերենին: Հայերեն վարժ խոսում են նաեւ տեղի եզդիները, որոնց մի մասը Հայաստանից է տեղափոխվել, մի մասն էլ հենց Թբիլիսիում է ծնվել` հայերեն սովորելով տեղի հայերի հետ շփվելիս: Ազգությամբ եզդի Քյարաբը ասում էր, որ իրենց ընտանիքը Հայաստանից Թբիլիսի է տեղափոխվել այն բանից հետո, երբ իր հայրը բաժանվել է մորից: Նա Թբիլիսիում արդեն չափահաս երեխաներ ուներ: Քյարաբը խոսում էր եւ՛ հայերեն, եւ՛ ռուսերեն, եւ՛ ադրբեջաներեն: Իսկ Քյարաբի ծեր մայրը նույնիսկ կարողանում էր զանազանել Գյումրվա ու Լոռվա բարբառները երեւանյան բարբառից: Ռոբերտը, որ Վրաստան էր եկել 1995-ին, ամուսնացել ու մնացել էր Թբիլիսիում: Նա արդեն սեփական փոքր խանութն ունի Վրաստանի մայրաքաղաքում: «Այն ժամանակ Հայաստանում շատ դժվար էր ապրել, երբ եկա Թբիլիսի: Սկզբում Թբիլիսիում էլ էր շատ դժվար: Հիմա շատ ավելի լավ է, կարողանում եմ իմ աշխատանքով տուն պահել»,- ասում է նա: Իսկ Անահիտը, որն այդպես էլ չցանկացավ լուսանկարվել, ավելի շատ խնդիրներ էր հաղթահարել: Նա Թբիլիսի էր եկել դեռեւս Խորհրդային Միության տարիներին` ամուսնանալով մի վրացու հետ, որը, սակայն, հինգ տարի անց մահացել էր: Անահիտը պատմում էր, որ դժվարությամբ է մեծացրել իր երկու երեխաներին: Հարցին, թե ամուսնու մահից հետո ինչու Հայաստան չի վերադարձել, նա պատասխանեց, թե Հայաստանում այդ ժամանակ ավելի վատ էր, քան Թբիլիսիում: Ընդհանրապես վերջին 20 տարում Թբիլիսիում, հատկապես` Հավլաբար թաղամասում հայերի թիվը զգալիորեն նվազել է: Ինչպես նշում էին տեղի հայերը` թիֆլիսահայերի մեծ մասը Ռուսաստան է տեղափոխվել վերջին 20 տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, Թբիլիսիում կան նաեւ բազմաթիվ հայեր, որոնք բնակություն են հաստատել Խորհրդային Միության փլուզումից հետո: Եվ ինչպես հնաբնակները, այնպես էլ վերջին տարիներին հաստատվածները նշում էին, որ ադրբեջանցիների ու այլ ազգային փոքրամասնությունների հետ հարաբերություններում ազգային հողի վրա ոչ մի կոնֆլիկտ մինչ այժմ չի եղել: