«Դուք չգիտեք, թե էդ սատանիստներն ինչի են ընդունակ. հավատացե՛ք, որ չգիտեք»,- ասում է գուշակի ծուղակն ընկած կինը

11/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Եթե ցանկանում եք ազատվել ֆինանսական խնդիրներից, մրցակիցներից, գործընկերներից, վրեժխնդիր լինել ձեզ ցավ պատճառած մարդկանցից, ձերբազատվել առողջական ծանր խնդիրներից, վերադարձնել ձեր սիրած մարդուն եւ եթե ցանկանում եք ձեր սիրած մարդու մեջ ձեր նկատմամբ կիրք եւ կապվածություն առաջացնել, ապա դիմեք…»,- նման հայտարարությունների տարափ տեղաց, երբ ինտերնետի որոնողական էջում մենք տեղադրեցինք «սեւ մոգություն» արտահայտությունը: Մասնավորապես ռուսական կայքէջերում տարօրինակ արտաքինով` հիմնականում կրակե, սատանիստական գաղտնանշանների եւ սիմվոլների կոլաժներով պատկերված կանայք եւ տղամարդիկ, որոնց արտացոլանքը որպես կանոն հայտնվում է խավարի միջից` առաջարկում են սեւ մոգության ուժի կիրառմամբ մատուցել վերոնշյալ ծառայությունները: Սեւ մոգության փիլիսոփայությունն իշխանության ձգտումն է, եւ այն ասոցիացվում է օձի` չարի հետ (այս շարժման հետեւորդները պնդում են, որ սեւ մոգության ուժն ի սկզբանե ի հայտ է եկել Եդեմում հայտնված օձի կերպարանքով: «Ձեր աչքերը կբացվեն, եւ դուք կլինեք Աստծո նման: Կիմանաք բարու եւ չարի մասին»,- սա օձի խոստումն էր Եվային եւ Ադամին): Մոգերն իրենց այցելուներին խորհուրդ են տալիս սեւ մոգությունը չընկալել ընդամենը որպես չար ուժերի հետ համագործակցություն եւ միստիկա, այլ` վստահ լինել, որ սատանայի շնորհիվ մարդը կարող է հասնել այն բարձունքին, որտեղ կրոնը դիտարկում է միայն Աստծուն: Ի դեպ, մոգերը, որպես կանոն, նշում են, որ մարդկանց հետ աշխատելիս իրենք տիտանական ուժ ու էներգիա են ծախսում, որովհետեւ հոգիների հետ շփում ստեղծելու համար դիմում են օկուլտիստական մեթոդների: Օկուլտիզմը սատանայի զենքն է, որով մարդուն գուշակության, կախարդության, սեւ, սպիտակ մագիայի, հիպնոսի, էքստրասենսորիկայի, հեքիմության, պայծառատեսության կամ հմայության միջոցով գցում են սատանայապաշտության ծուղակը: Ընդ որում, մոգերը մեռած հոգիների հետ կոնտակտ ստեղծելով՝ վերարտադրում են նրանց ուղերձը ողջերի ապագայի մասին: Օկուլտիստական թեորիայում ընդգծվում է գերեզմանատներում կատարվող ծիսակարգերի կարեւորությունը, որի միջոցով մոգերը դիակների հետ կոնտակտ ստեղծելով՝ մեռած հոգիներին կապում են ողջերի հետ, իսկ հետագայում` նաեւ կառավարում են նրանց:

Այս անհավանական թվացող տեղեկատվությանը չէինք անդրադառնա, եթե «168 Ժամի» խմբագրության օգնությանը չդիմեր 73-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով լաց լինելով խնդրում է սատանիստների հետապնդումներից ազատելու համար իրեն ճանապարհ ցույց տալ: Ավելին` անգամ ՀՀ Ոստիկանությունն ու աղանդների դեմ պայքարով զբաղվող կազմակերպությունները չեն կարողանում պաշտպանել այս կնոջն այն պարզ պատճառով, որ սեւ մոգությունը` սատանիզմն, աշխատում է մարդու հոգեկան աշխարհի ազդակների վրա եւ գաղտնիության սկզբունքով:

Զրուցակիցս` «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության այն ժամանակվա տեսուչ Ռ. Գրիգորյանը, 1991թ. բնակվել է հիվանդ ամուսնու հետ, որն առաջին կնոջից դուստր է ունեցել, եւ եւս մի աղջիկ էլ ունեցել են համատեղ ամուսնությունից: «Ամուսնուս եղբայրը ծանր հիվանդ էր, խնամող չուներ, որովհետեւ կին, երեխաներ չուներ: Մահամերձ էր, որովհետեւ փտախտ հիվանդությամբ էր տառապում: Ամուսինս ինձ խնդրեց, որ խնամեմ նրան, իսկ հետագայում նրա բնակարանն իմ անունով գրանցեցին, որովհետեւ նա ուրիշ հարազատներ չուներ»,- պատմում է տիկին Ռիման` ասելով, որ հետագայում այդ բնակարանը բանկում գրավ դնելով՝ գումար է վերցրել նրա բուժման ծախսերը հոգալու նպատակով: Ամուսնու եղբոր մահից հետո բնակարանը վաճառել է, որպեսզի բանկում կուտակված պարտքերն, ինչպես նաեւ թաղման արարողությունը կազմակերպի: «Հետո ամուսինս էլ մահացավ, որովհետեւ ծանր հիվանդ էր, ու ես մնացի մենակ, իսկ նրա աղջիկը, այսինքն` մեր խորթ աղջիկն այդ ընթացքում ոչ հորն այցելել է, ոչ էլ նրանով հետաքրքրվել»,- պատմում է նա` ավելացնելով, որ որոշ ժամանակ անց ինքը մեկնել է ԱՄՆ «Կարմիր խաչ» կազմակերպության առաքելությամբ: Վերադառնալուն պես տիկին Ռիման բախվել է մի երեւույթի հետ, որի մասին հավանաբար միայն կարդում են գրքերում կամ դիտում ֆիլմերում: «Մեր կազմակերպության ներկայացուցչի հետ, որը նաեւ իմ մտերիմն էր` եկանք իմ տուն: Երեկոյան պառկեցինք, որ քնենք, մեկ էլ` մարմինս սկսեց քոր գալ: Ոնց որ միջատները կծոտեին: Ընկերուհուս հարցնում եմ` քե՞զ էլ են կծում: Ասում է` չէ, բայց ես ամբողջ մարմնով կծմծոց եմ զգում: Ասում եմ` դու արի իմ մահճակալին, ես՝ քո: Գալիս է, հարցնում եմ` հիմա կծո՞ւմ են, ասում է` չէ: Սկզբում մտածեցի` երկարատեւ բացակայության պատճառով, կարող է, միջատներ են տարածվել տանս մեջ, բայց պարզվեց` ոչ մի նման բան: Միայն իմ մարմինն են կծում, ու մենակ ես քոր ունեմ»,- պատմում է տիկին Ռիման` ասելով, որ մարմնի այդ քորը երկար ժամանակ տանջել է իրեն: Այնուհետեւ այդ մասին իմացել է տիկին Ռիմային այցելած խորթ աղջիկը` Թամարա Հայրապետյանը, ով անմիջապես պայուսակից հանել է «ԺպսՏՉՏՌ նՍրտՐպրր» թերթն ու առաջարկել է դիմել Մարինա Բորիսովային, ով թերթում նման հայտարարություն է հրապարակել. «Խաղաթղթերի գուշակություն, նավսից, անեծքից ազատում եւ պաշտպանություն, սիրային մագիա, բուժում, քաշի ավելորդ պակասեցում»: Այս հայտարարության տակ գրված է հեռախոսահամար, իսկ վերոնշյալ ծառայություններն առաջարկող ազգությամբ ռուս կինը հանդես է եկել մագիստրոս Բորիսովա անունով: Ինչեւէ, տիկին Ռիման վստահեցնում է, որ ինքը թեեւ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալ է եւ նման երեւույթներից խորշում է, այդուհանդերձ, այդ անսովոր քորից ձերբազատվելու համար հետեւել է խորթ աղջկա խորհրդին, հատկապես, որ Մարինա Բորիսովան հանդես է եկել մագիստրոսի կոչումով: Գուշակը տիկնոջն ընդունել է մոգերին հատուկ մթնոլորտում` մոմերի, հայելիների եւ չար ուժերի հետ կապ ստեղծելու համար պահանջվող էլեմենտների ներքո: Այնուհետեւ տիկին Ռիմային հավատացրել է, թե` «Ասաց, որ անեծքի, նավսի հետեւանք է, եւ ինքն ինձ կօգնի: Ինձ նստեցրեց հայելու առաջ ու իմ գլխավերեւում ինչ-որ բաներ արեց, որը ես չտեսա: Անհասկանալի լեզվով բաներ խոսեց: Ասաց, որ պիտի գա իմ տուն եւ տունը էդ ուժերից ազատի»: Մի խոսքով` Մարինա Բորիսովան սկսել է երկարատեւ աշխատանք տանել տիկին Ռիմայի հետ, որի արդյունքում նա մարմնի քորից ազատվել է, որի համար, ի դեպ, վերջինս մեծ գումարներ է վճարել: Այդքանով նրա ու Մ. Բորիսովայի կապը խզվել է: 2005թ.-ին տիկին Ռիման վաճառել է Կոմիտասում գտնվող իր բնակարանը եւ տեղափոխվել է Մաշտոց փողոցում գտնվող նոր բնակարան: Ծննդյան օրը հյուրընկալել են ինչպես աշխատանքային նախկին ընկերներն, այնպես էլ` եկեղեցի հաճախելու ընթացքում ձեռք բերած ընկերուհիները: Ներկա է եղել նաեւ խորթ աղջիկը` Թամարա Հայրապետյանը. «Մեկ էլ տեսնեմ` դուռս թակեցին, ու ներս մտավ Մարինան: Ապշեցի, որովհետեւ նա իմ նոր հասցեն չգիտեր, եւ բացի դա՝ անցանկալի հյուր էր: Բայց քանի որ գեղեցիկ չէ մարդուն դուրս հրավիրելը` միացավ մեզ: Տոնական տրամադրություն էր, մեկ էլ` սա սկսեց ալկոհոլային խմիչքը գլուխը քաշել ու հանդիսավոր կերպով հայտարարեց, թե` սատանան ամենահզոր ուժն է: Սատանան Աստծուց ուժեղ է, եւ ճշմարտությունը դա է: Բոլորս ապշեցինք: Շատ աղմկոտ վեճ սկսվեց, որովհետեւ մենք բոլորս եկեղեցու հավատացյալներ ենք: Դուրս հրավիրեցի նրան»: Ծննդյան տոնի հետ կապված տհաճ միջադեպն, ինչպես նաեւ կրկին ի հայտ եկած խորհրդավոր քորը տիկին Ռիմային ստիպել են զգուշանալ զուգադիպություններից: Մ. Բորիսովայի այցելությունից հետո կրկին սկսվել է անքնությունը, քանի որ անտեսանելի միջատները նորից սկսել են մարմնով մեկ «կծմծել»: Սակայն ամենատարօրինակը թերեւս գուշակի, իր նոր հասցեի մասին տեղյակ լինելու փաստն է եղել: Տիկին Ռիման պատմում է` «Էդ դեպքից հետո ինչքան էլ էդ քորն ինձ տանջում էր` նրան դիմելու քայլը բացառում էի, որովհետեւ նրա խոսքերը, թե սատանան աստված է` ինձ ուղղակի ցնցեց ու վախ առաջացրեց: Մի օր պատշգամբում լվացք էի փռում, մեկ էլ տեսնեմ` պատի մեջ ասեղներ են խրված: Երբ ուշադրությունս սեւեռեցի` հայտնաբերեցի, որ ամբողջ պատերի ու դռների արանքում ասեղներ են խրված: Նույնիսկ բազմոցս, որը բացվում է` միջի շորերի մեջ ասեղներ էին: Փաստորեն, նա հասցրել էր իմ տանը գտնվելու ժամանակ կախարդություն անել»: Ամեն օրվա հետ սեփական տանը մի խորհրդավոր երեւույթ բացահայտելու հետ մեկտեղ՝ տիկին Ռիման հասկացել է, որ իրականում Մ. Բորիսովան սատանիստ է, իսկ ամենաուշագրավը թերեւս այն է, որ նրա հետ կապը նախապես ծրագրված է եղել խորթ աղջկա կողմից. «Նա Մարինայի հետ է: Իմ այդ տարօրինակ քորը, նրա թերթի հայտարարության հետեւից ինձ ուղարկելը, իմ նոր տան հասցեն գտնելը, ամբողջը եղել է Թամարայի եւ նրա համագործակցության արդյունքում: Եթե իմանայիք՝ իմ հետ ինչ են արել, ու եթե պատկերացնեիք, թե էդ սատանիստներն ինչի են ընդունակ…»: Վերջին այցելության ժամանակ տիկին Ռիման նպատակ է ունեցել Մարինային խստորեն զգուշացնել, որ իրեն հանգիստ թողնի, այլապես կդիմի իրավապահ մարմիններին. «Ու ի՞նչ տեսնեմ նրա սենյակում… Իմ գիշերանոցը, ժիլետն ու իմ տան անձեռոցիկի տուփը: Նա դա վերցրել է, որպեսզի կախարդանքի միջոցով ինձ խելագարության հասցնի: Դրված էր տիկնիկի պես կարված մի փոքրիկ բան, որի վրա ասեղներ տնկելով՝ նրանք մարդու հոգեկան աշխարհի վրա են ազդում: Ինձ ասաց` կամ ընդունում ես սատանային ու մեր հետ ես, կամ…»: Առաջին հայացքից այս կնոջ արտահայտած մտքերն ավելի շուտ առասպելական բնույթ են կրում, սակայն ուսումնասիրելով սեւ մոգության ծիսակարգերի մեթոդաբանությունը՝ մենք պարզեցինք հետեւյալը. օկուլտիստի, տվյալ դեպքում՝ սատանայապաշտների ընտրած զոհի վրա իշխանություն ունենալու համար նրանք պետք է ձեռք բերեն զոհի մազը, եղունգը, արյունը: Պետք է շորի կտորից մի փոքրիկ տիկնիկ պատրաստեն, որի մեջ դրված կլինի զոհի մազը, եղունգը եւ արյունը, իսկ տիկնիկի վրա ասեղներ խրելով, կարող են չար ուժերի միջոցով, սեւ մոգության կիրառմամբ դիպչել զոհի զգայարաններին: Տիկնիկի օգնությամբ նրանք հեռակա կառավարում են զոհի ներաշխարհը, գործողություններն ու հոգեկան կապ հաստատում նրա հետ: «Մի օր էլ եկա տուն ու տեսնեմ ի՞նչ… սատկած առնետը տանս մեջտեղը գցած: Ահավոր հետապնդումներ սկսվեցին, քանի որ նա զգում էր, որ իր ու իմ միջեւ պատ կա, քանի որ ես չէի դադարում եկեղեցում մոմ վառել եւ Աստծուց օգնություն խնդրել: Գիշերները դուռս ծեծում, վախացնում էին: Ամեն րոպե զանգում, զանգում կամ փչում էին, շշնջում էին կամ չէին խոսում: Հասկանո՞ւմ եք, հիմա էլ ականջներիս մեջ անընդհատ խշշոց եմ զգում ու չեմ կարողանում ձերբազատվել դրանից»: Մ. Բորիսովային տիկին Ռիման մի օր էլ պատահաբար տեսել է հարազատ աղջկա տան շենքից դուրս գալուց հետո, որից 40 օր անց նրա աղջկան տեղափոխել են հոգեբուժարան: Ասում է, որ աղջիկն այլակերպվել, անճանաչելի է դարձել, մինչդեռ բժիշկները նրա հոգեկան վատ վիճակի համար բացատրություն չեն կարողանում տալ: «Նա ի սկզբանե սպառնում էր կախարդանքի միջոցով մեզ հասցնել մահվան, բայց, որ 3 երեխաների մայր աղջկաս հետ նման բան կանի…»:

Ռ. Գրիգորյանը ներկայումս իր բնակարանը վարձով է տվել եւ քաղաքի ծայրամասերից մեկում սեփական տան փոքրիկ մի սենյակ է վարձակալել Մ. Բորիսովայից փախչելու համար: «Ինչքա՞ն կարող եմ այսպես ապրել, օգնեք ինձ, էդ կախարդն ինձ հետապնդում է: Ականջներիս խշշոցից չեմ կարողանում քնել, գիշերը 4 հատ դիմեդրոլ եմ խմում, որ քնեմ: Մարմինս ցավում, քոր է գալիս: Նա էդ կուկլայի ու ասեղների միջոցով ինձ ուզում է խելագարության հասցնել: Տունս վարձակալած աղջիկների մոտ են գնում, անհանգստացնում են, իմ հասցեն են ուզում»,- լաց լինելով՝ ասում է Ռ. Գրիգորյանը, ով բազմիցս դիմել է հոգեւորականներին, ովքեր աղոթքով փորձել են իրեն օգնել, սակայն անօգուտ: Ռ. Գրիգորյանը մեզ է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Գ. Ավետիսյանին ուղղված դիմումը, որով նա ահազանգել է Մ. Բորիսովայի մութ գործունեության ու դրա հետեւանքների մասին: Դիմել է իրավաբանի, որի օգնությամբ Ավանի հոգեբուժական դիսպանսերի արխիվային բաժնից գրություն են ստացել այն մասին, որ Մ. Բորիսովան դիսպանսեր հիվանդ է, բուժվել է ալկոհոլիզմի եւ թմրամոլության համար: Ասում է` «Ախր դուք չգիտեք, թե էդ սատանիստներն ինչերի են ընդունակ, չգիտեք, հավատացեք, որ գաղափար չունեք, թե ինչեր են անում»:

Հ.Գ. Մենք, այնուամենայնիվ, կփորձենք գտնել Մ. Բորիսովային, ով Ռ. Գրիգորյանի՝ իրավապահ մարմիններին դիմելու քայլից հետո կորցրել է «հետքը»: Կփորձենք նաեւ այս կնոջն օգնելու համար դիմել ինչպես Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին, այնպես էլ բոլոր այն կառույցներին, որոնք պարտավոր են վերջինիս պաշտպանությամբ զբաղվել: