Ստամբուլի դատարանում նախօրեին կայացած Հրանտ Դինքի սպանության գործի հերթական նիստի ժամանակ, ինչպես հայտնի է` դատարանը պետք է լսեր սպանության գործով անցնող «գաղտնի վկային», ինչը, սակայն, տեղի չունեցավ: Նիստը նախագահող դատավոր Էրքան Ջանաքը բացատրել էր, թե վկան, որի ինքնությունը չի հրապարակվում, դատարանի դահլիճից բացակայել է թուրքերենին լավ չտիրապետելու պատճառով: Երեկ թուրքական «Milliyet» պարբերականն ուշագրավ տեղեկություններ է հրապարակել «գաղտնի վկայի» կողմից Դատախազությանը տված ցուցմունքների վերաբերյալ: Ըստ թերթի` «գաղտնի վկան» Դատախազությանն ասել է, որ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես են Հրանտ Դինքին մոտեցել երկու անձինք եւ կրակել նրա վրա: «Գաղտնի վկայի» ցուցմունքի համաձայն` Դինքի վրա դիմացից կրակել է Օգյուն Սամաստը, իսկ հետեւից` Յասին Հայալը: Վկան պատմել է նաեւ, որ ինքն «Ակօսի» խմբագրապետի` փողոցում ընկած դիակի շուրջ հավաքված բազմության մեջ տեսել է նաեւ Յասին Հայալի եղբորը` Օսման Հայալին: Սակայն նշենք, որ մինչեւ օրս շրջանառվում է այն տեսակետը, թե Դինքի վրա կրակել է Օգյուն Սամաստը, իսկ Յասին Հայալն ու սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Էրհան Թունջելը նրան ուղղորդել են այդ գործողության ժամանակ: