Ինչպես նշեց ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը՝ կան
խնդիրներ, որոնք պրն Հայրապետյանը ցանկանում էր պարզաբանել, բացի այդ, նա
պետք է անդրադառնար Իռլանդիայում կայացած մինչեւ 19 տարեկանների
հավաքականի ելույթներին, քանի որ այս առիթով իր գնահատականը դեռ չի հնչել:
Պրն Հայրապետյանը պետք է գնահատեր նաեւ Հայաստանի առաջնության բարձրագույն
խմբի առաջին փուլը եւ ներկայացներ կաշվե գնդակի առաջնության մասին իր
տեսակետը, որի ավարտական հանդիպումը օգոստոսի 30-ին էր: Մամուլի ասուլիսը
վարեց ՀՖՖ Ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը,
որն առաջարկեց ֆուտբոլի Ազգային հավաքականի վերաբերյալ հետաքրքրող հարցերն
ուղղել իրեն: Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ Մոսկվայի «Մոսկվա» թիմում
հանդես եկող Անդրեյ Մովսիսյանը հրաժարվել է Հայաստանի հավաքականում հանդես
գալու առաջարկից: Ֆեդերացիան ակտիվ հետեւել է Ա. Մովսիսյանի բոլոր
խաղերին, ապա զեկուցել է մարզչին, որից հետո գլխավոր մարզիչը նախնական
ցուցակում ընդգրկել է նաեւ Ա. Մովսիսյանին: ՀՖՖ մամուլի քարտուղար Ա.
Մանուկյանը հավելեց, որ ՀՖՖ-ի քաղաքականության համաձայն՝ հավաքականի
թեկնածու բոլոր ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր տվյալ մարզավիճակում
պատրաստ են հավաքականում խաղալ՝ ներկայացվում է գլխավոր մարզչին: Իսկ եթե
գլխավոր մարզիչը գտնում է, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է կանչել, ապա
ֆեդերացիան կանչում է, ինչը պատշաճ կերպով արվել է Անդրեյ Մովսիսյանի
պարագայում: Ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրենը կապվել է անձամբ
Անդրեյ Մովսիսյանի հետ: Վերջինս բացատրել է, որ սկսել է խաղալ իրենց
հիմնական կազմում եւ հրաժարվել է մեր հավաքականում հանդես գալ,
պատճառաբանելով, որ կարող է կորցնել «Մոսկվա» թիմում խաղալու
հնարավորությունը: «Հավաքական թիմ գալիս են ցանկությամբ,- ասաց Աշոտ
Մանուկյանը,- սա ակումբ չի, որ պայմանագիր ունենա ակումբի հետ, եւ որպես
հայ` նա պետք է ուրախ լիներ, որ ազգային հավաքականի շապիկը պիտի հագներ»:
Ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրենը հերքեց շրջանառվող այն
լուրը, թե Երեւան ժամանած ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին վնասվածք ունի,
մեջբերելով, որ նա լավ մարզավիճակում է եւ երեկ նույնիսկ մարզվել է:
Մոսկվայի «Դինամո» ակումբի պորտուգալացի մարզիչը Պորտուգալիայից 3 մլն
դոլարով դարպասապահ է գնել, իսկ Ռ. Բերեզովսկին գտնվում էր պահեստայինների
շարքում: Ինչ վերաբերում է Ռումինիայի «Ռապիդում» հանդես եկող Արտավազդ
Քարամյանին, ապա նշվեց, որ նա վնասվածք է ստացել, եւ ակումբի բժշկական
անձնակազմը, ղեկավարությունը ՀՖՖ-ին տեղեկացրել են, որ Ա. Քարամյանն այս
պահին բուժվում է, հետեւաբար չի կարող մասնակցել Հայաստանի Ազգային
հավաքականի առաջիկա հանդիպումներին: Վերջինիս եղբայր Արման Քարամյանին այս
անգամ Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հ. Վիսմանը հավաքականի
կազմում չի ընդգրկել: Աշոտ Մանուկյանը մեկնաբանեց, որ Հորդանանում կայացած
ընկերական հանդիպման ընթացքում մարզիչը պարզել է, որ թե՛ Քարամյանը, թե՛
Շահգելդյանը լավ մարզավիճակում չեն: Այժմ Ազգային հավաքականում ընդգրկված
21 ֆուտբոլիստներից 20-ը «Փյունիկի» մարզաբազայում մարզումներ են
անցկացնում, իսկ Համլետ Մխիթարյանը գտնվում է բժշկական հսկողության տակ,
սակայն շուտով կմասնակցի մարզումներին: