Անցած տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այսուհետ կառավարությունը անզիջում պայքար է մղելու մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների դեմ: Այդ հայտարարությունից օրեր անց վարչապետը շտապեց ուղղում մտցնել` ասելով, որ պայքարել օլիգոպոլիաների դեմ՝ չի նշանակում՝ պայքարել օլիգարխների դեմ: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ Տիգրան Սարգսյանը ճիշտ էր ասում: Իսկապես, օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների` որպես երեւույթների դեմ կառավարությունը անդադրում պայքարում է ամենատարբեր հայեցակարգերում, ռազմավարություններում ու ծրագրերում: Իսկ ահա մոնոպոլիստների ու օլիգոպոլիստների դեպքում կառավարությունը պայքարում է ոչ թե նրանց, այլ նրանց խանգարողների դեմ: Օրինակ, Ազգային ժողովի այս նստաշրջանի օրակարգում ներառված են կառավարության ներկայացրած երկու օրինագծեր («Աշխարհագրական նշումների մասին» եւ «Ապրանքային նշանների մասին»), որոնց ընդունման դեպքում «Ջերմուկ» հանքային ջուր արտադրելու իրավունք կունենան ընդամենը երկու խոշոր ընկերություններ` ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպը» եւ «Ջերմուկի մայր գործարանը», որն, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ազգականներից մեկին: Նշված օրինագծերի ընդունման եւ կառավարության կողմից սահմանված չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո Ջերմուկ քաղաքում եւ նրա հարակից տարածքում «Ջերմուկ» արտադրող շուրջ 13 ընկերություններ կզրկվեն իրենց ապրանքանիշում «ջերմուկ» արտահայտությունը որեւէ կերպ նշելու իրավունքից: Այսինքն` գործնականում նրանք կկորցնեն ջերմուկի շուկայում իրենց ունեցած թեկուզ փոքր մասնաբաժինները: Սուքիասյաններին պատկանող «Բջնի» ընկերության դեմ իշխանությունների իրականացրած հետապնդումներից հետո այս օրինագծերի ընդունումը իսկական նվեր կլինի արդեն գրեթե մենաշնորհային դիրք ունեցող «Ջերմուկ գրուպի» համար: Եվ այսքանից հետո ոմանք ասում են, թե կառավարությունը չի աջակցում տեղական արտադրությանը: