Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Բուկինգհեմյան պալատում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Նա լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ: Վինձորյան պալատում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երեւան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ համերգին: Ս. Սարգսյանը կհանդիպի նաեւ նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 10-ին նախատեսված է Ս. Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում Ս. Սարգսյանը ներկա կգտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը: Ս. Սարգսյանը Լոնդոնում նաեւ հարցազրույց է տալու «Ալ Ջազերա» հեռուստաալիքին: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: