Երեկ ԿԲ-ն հրապարակել է 2010 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ըստ որի՝ տնտեսական աճը այս տարի կկազմի առնվազն 0.5-2%:
«2010-ի երկրորդ եռամսյակից սկսած ակնկալվում է տնտեսության ճյուղերի ավելացված արժեքների իրական աճերի վերականգնում` պայմանավորված 2009-ի նույն ժամանակահատվածում գրանցված իրական ՀՆԱ-ի ցածր մակարդակով, hամաշխարհային տնտեսական իրավիճակի նկատելի բարելավումներով եւ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված եւ նախատեսվող ներդրումներով»,- նշված է ծրագրում: Որպես աճը ապահովող հիմնական ոլորտներ՝ նշվում են գյուղատնտեսությունը (սպասվում է 2-4% աճ) եւ ծառայությունները (1-3% աճ): Արդյունաբերության ոլորտում սպասվում է 0-2% աճ, իսկ շինարարության ոլորտում` 2-5% անկում: «Տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի վարկածի պարագայում, 2010-ի երկրորդ եռամսյակի վերջին գնաճի կանխատեսման կենտրոնական արժեքը կկազմի 7.9%, իսկ տարեվերջին` 7.4%: Կանխատեսվող ժամանակահատվածում գնաճի` կանխատեսված արժեքից շեղման ռիսկերը հիմնականում աճի ուղղությամբ են` կապված համաշխարհային տնտեսության ավելի արագ վերականգնման պայմաններում ներքին պահանջարկի՝ կանխատեսվածից ավելի բարձր աճի, ինչպես նաեւ հանքահումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների՝ կանխատեսվածից ավելի բարձր մակարդակի ձեւավորման հետ»,- սա էլ գնաճի վերաբերյալ ԿԲ կանխատեսումն է: Եվ քանի որ գնաճային ճնշումները ուժեղանում են, ԿԲ-ն որոշել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից անցում կատարել խիստ դրամավարկային քաղաքականության: «Բարձր գնաճի վերոնշյալ կանխատեսումները նվազեցնելու եւ առկա գնաճային ռիսկերը մեղմելու նկատառումներից ելնելով, հիմնավոր է 2010-ի համար կոշտ դրամավարկային քաղաքականության իրականացումը, որը նպատակաուղղված կլինի գների կայունության խնդրի ապահովմանը»,- նշված է ծրագրում: Իրատեսակա՞ն են ԿԲ կանխատեսումները, եւ արդյոք ժամանա՞կն է անցնելու կոշտ դրամավարկային քաղաքականությանը: Ըստ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի՝ իրատեսական չեն: «ԿԲ-ն ավելի լուրջ վերլուծության պետք է ենթարկեր այն զարգացումները, որոնց հետ մենք գործ ունեցանք 2009-ին: Տնտեսության մեջ դրական միտումներ դեռ չեն նկատվում: 2009-ի 4-րդ եռամսյակում անկման տեմպերի նվազումը հարաբերական էր եւ պայմանավորված էր 2008-ի 4-րդ եռամսյակում դրսեւորված մեծ անկմամբ, մինչդեռ տնտեսության ծավալների կրճատումը դեռ շարունակվում էր: Տնտեսության աճի համար նախադրյալներ դեռեւս չկան»,- նշեց նա: Ըստ նրա՝ ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտում 2010-ին իրական աճը քիչ հավանական է: «Ծառայությունների 50%-ը առեւտրի ոլորտն է, որտեղ 2009-ին արտաքին առեւտրաշրջանառության կտրուկ անկման պարագայում աճ է գրանցվել` զուտ ստվերային շրջանառության կրճատվելու կամ ձեռնարկած կազմակերպական միջոցառումների հաշվին: Այսինքն՝ իրականում աճ չի եղել, եւ ակնհայտ է, որ այս ռեսուրսը եւս արդեն սպառված է: Ինչ վերաբերում է մյուս ծառայություններին, ապա, եթե անգամ համաշխարհային տնտեսությունում եւ մեզ վրա էական ազդեցություն թողնող երկրներում դրական միտումներ դրսեւորվեն, ապա ՀՀ տնտեսության եւ մասնավորապես մեր ծառայությունների ոլորտի վրա դրանք դեռ ազդեցություն չեն ունենա այս տարվա ընթացքում»,- ասում է Բ. Ասատրյանը: Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականության կոշտացմանը, ապա ԿԲ նախկին նախագահը կարծում է, որ դա ճիշտ քայլ է: «Կարծում եմ՝ դրամավարկային քաղաքականության խստացումը անհրաժեշտ քայլ է: 2009-ին իշխանությունները գնացին չափից ավելի շատ եւ տնտեսության կարիքներին ոչ համարժեք ընդլայնողական (մասնավորապես հարկաբյուջետային հատվածին է սա վերաբերում) քաղաքականության, որը, պարզ ասած, դրսից փող բերել եւ տնտեսություն ներարկել էր նշանակում: Սա իր բացասական ազդեցությունը թողեց դրամավարկային քաղաքականության վրա գնաճային ճնշումների խորացման տեսքով: Այս վիճակը չէր կարող երկար շարունակվել, մանավանդ որ, դրա տնտեսական արդյունավետությունը չնչին էր. հսկայական ֆինանսական միջոցներ արտաքին աշխարհից ներմուծելով հանդերձ՝ մենք ունեցանք պաշտոնապես` 14.4%, իսկ դոլարային արտահայտությամբ՝ շուրջ 30% անկում եւ ծրագրվածից ավելի բարձր գնաճ այն պարագայում, երբ համաշխարհային շուկայում 2009-ին հիմնական միտումները չէին կարող էական բացասական ազդեցություն թողնել մեր տնտեսության վրա: Բայց քանի որ այս տարի արտաքին միջավայրի ազդեցությունը գնաճային ճնշումների առումով ավելի բացասական է լինելու, եւ մեր տնտեսության մեջ ընդհանրապես եւ մասնավորապես ֆինանսական հատվածում ավելցուկային իրացվելիություն է կուտակվել, ապա կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է կոշտացվեր»,- նշեց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս կարծում է, որ տնտեսական ճգնաժամը ՀՀ-ում դեռ չի հաղթահարվել: «Եվ բնական է, որ ճգնաժամի հաղթահարումը մոտ ժամանակներում հատկապես մեր տիպի տնտեսական կառուցվածք ունեցող երկրների համար չափազանց դժվար է լինելու»,- նշեց նա: Սակայն Ա. Մինասյանը կարծում է, որ դրամավարկային քաղաքականության խստացումը այնքան էլ ճիշտ չէ: «Խիստ դրամավարկային քաղաքականության տնտեսական հետեւանքները պարզ են` թանկ փողի քաղաքականություն է վարվելու, խիստ միջոցներ են կիրառվելու բանկերի նկատմամբ, որպեսզի նրանց կողմից տնտեսության ֆինանսավորումը դժվարանա, թեեւ դա ըստ էության չէր էլ կատարվում պատշաճ մակարդակով: Ամեն դեպքում սա նշանակում է, որ խեղդվելու է տնտեսական նախաձեռնությունը մեկ անգամ էլ»,- ասաց նա: Ըստ նրա՝ ԿԲ-ն պետք է ճիշտ հակառակը անի` փորձի թուլացնել դրամավարկային ճնշումը: «Նրանք իրենց վարքագիծը պայմանավորում են գների կայունության ապահովման անհրաժեշտությամբ, բայց մոռանում են, որ ստվերային չափազանց մեծ մակարդակ ունեցող տնտեսության մեջ այն ճշգրիտ գործիքները, որոնք իրենք կիրառում են, չեն կարող արդարացնել նպատակը: Այլ կերպ ասած՝ գնաճի զսպման այն քաղաքականությունը, որ ԿԲ-ն փորձում է իրականացնել` օգտագործելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու այլ գործիքները (նորմատիվների փոփոխություն եւ այլն), չի կարող արդարացնել իրեն, որովհետեւ ստվերային շրջանառության մեջ գտնվող դրամական հոսքերը շատ ավելի մեծ են, եւ դրանց բացասական ազդեցությունը շատ ավելի է լինելու, քան թե օրինական նախաձեռնություններին ընթացք տալը»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա` թուլացնելով ճնշումը եւ վարելով ընդլայնողական քաղաքականություն` ԿԲ-ն օրինական դաշտ կարող էր բերել ստվերային շրջանառությունների մի մասը: «Մինչդեռ խստացնելու ու արտարժութային կոշտ քաղաքականություն իրականացնելով՝ դուրս է մղում օրինական շրջանառությունից գումարները: Իսկ ստվերային տնտեսությունը իր կանոններով է շարժվում, ինչը, բնականաբար, վնասում է ցանկացած երկրի տնտեսությանը»,- նշեց Ա. Մինասյանը: