Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում մարդիկ ոչ միայն լողանում են ձյան հալոցքով, այլեւ այն օգտագործում են որպես ջրի աղբյուր: Սա գուցե միակ գյուղն է, որտեղ թոշակառուները գյուղի ամենահարուստ մարդիկ են:
Մինչեւ Ցամաքասար
Թալինի կենտրոնական հրապարակի ասֆալտի սառցե շերտը հետիոտնի համար նույնքան սովորական է, որքան հրապարակի անկյունում հավաքված՝ նախկինում «Դրախտ» տաքսի ծառայության վարորդների զրույցները Սովետմիության ժամանակ լավ ապրող թալինցիների ու Թալինի «ռայոնի» մասին: «Էն ժամանակ հանրապետություն էր, հիմա հանրապետության սահմանները մենակ Երեւանով են սահմանափակվում, ավելի ճիշտ` Երեւանի կենտրոնով: Որտեղ էլ գնաս՝ նույն վիճակն ա: Առաջ գործարաններ ունեինք, մարդիկ աշխատում-ապրում էին, բա հիմա՞: Հիմա ով կարողանում ա տաքսու զնակ առնի` դառնում ա տաքսու շոֆեր: Ես չեմ մեղադրում, բայց ամեն ինչ խառնվել ա իրար»,- ասում է թալինցի վարորդ պարոն Մարտունը Թալին-Ցամաքասար ճանապարհին` դժգոհելով ճանապարհի «փոսաշատ» լինելուց: «Ճանապարհի մի մասը ասֆալտ են արել, մյուս մասը չեն արել, որովհետեւ փողը չի հերիքել»,- նշում է պարոն Մարտունը` մատնացույց անելով սարից այն կողմ գտնվող Արեւմտյան Հայաստանը, որի մասին, ըստ նրա, մարդիկ հոգսաշատ լինելուց՝ հաճախ մոռանում են: Քիչ անց մեքենան կանգնեց Ցամաքասարի լճի մոտ, որը տեղի բնակիչներն անվանում են «Ցամաքասարի գյոլ»: Սա բնակիչների համար նաեւ հպարտություն է, որովհետեւ լճի մասին հիշատակվել է հանրագիտարանում: Թեպետ այսօր «հանրագիտարանային» պարծանքը մամռակալած կանաչ ջրի է վերածվել, որը սառչել է, ինչպես գյուղի ցեխառատ ճանապարհներին հայտնված մեքենաների անիվների հետքերը:
Ցամաքած սարի խնդիրները
Ցամաքասարի փողոցներով քայլելիս թվում է, թե հայտնվել ես գույնզգույն դույլերի ու տաշտերի ցուցահանդեսում: Այստեղ յուրաքանչյուր կտուրից ներքեւ տաշտ է դրված, որտեղ գյուղի բնակիչները հավաքում են ձյան հալոցքը: Իսկ ձյան հալելու ընթացքին մշտապես հետեւում են գյուղի շները, որոնք կաթսայի մոտ փռված, ասես, հաշվում են ջրի կաթոցները, ապա հաշիվը կորցնելով` քնում: «Դու գիտե՞ս, որ էս Ցամաքասարն ա: Էստեղ ամեն ինչ ցամաք ա: Հասկանո՞ւմ եք` բան չի փոխվում ու չի էլ փոխվի»,- ասում է գյուղացիներից մեկը, որը տան դարպասի մոտ կանգնած` անթաքույց ժպտում էր: Նրա ցաքուցրիվ մազերն ու աչքերում թափառող անհուսությունը ավելի շատ վստահություն էին հաղորդում, քան զննողական ու որոշակի դադարներով պատասխանները: «Էս գյուղը տեղով մեկ պրոբլեմ ա: Ո՞վ պիտի մեր մասին մտածի: Ասա՛: Կարո՞ղ ա մեկը գա իմ փոխարեն ձյուն հալեցնի: Չէ: Հենց հիմի էլ ձյուն եմ հալեցնում: Ի՞նչ անեմ»,- ինձ ներս հրավիրելով` ասում էր 3 երեխաների մայրը: «Նայեք, հեն ա, թասը դրել եմ, ձյուն ենք հավաքում: Բա ի՞նչ անենք: Սաղ գյուղն էս վիճակում ա: Ձյուն ենք հալեցնում համ լողանալու, համ խմելու, համ աման լվալու համար»,- բակի ալյումինե տաշտը ցույց տալով` շարունակում է ցամաքասարցի կինը, ում ամուսինը, տեսնելով լուսանկարչական սարքս, անմիջապես արձագանքում է. «Ի՞նչի եկար: Եկել ես, հետդ էլ դիկտաֆոն-միկտաֆոն ես բերել: Դու չգիտեիր` ո՞ւր ես եկել: Եկել ես Ցամաքասար: Հա, բա ջուր բերեիր»: «Հա, իսկապես, ազգային հերոս ես, եկել ես էստեղ: Ի՞նչ ա փոխվելու` մեր խղճուկ վիճա՞կը»,- հեռվից զայրանում է տիկին Համեստը` տարակուսանքով նայելով հարեւանուհուն` տիկին Սոնային: «Ես արդեն 21 տարի ա` ապրում եմ էս գյուղում: Մեծ տղաս ծառայում ա, փոքրիս էլ պիտի տանեին, բայց դիմում գրեցինք Պաշտպանության նախարարին, խնդրեցինք, որ գոնե մի քիչ հետաձգեն մինչեւ ախպոր վերադարձը: Հետաձգեցին»,- պատմում է տիկին Համեստն` իրենց խնդիրների մասին խոսելը համարելով անլուրջ գործ: «Ամուսինս հաշմանդամ ա: 20.000 դրամ ենք ստանում: Գյուղում մեկ-մեկ օգնություն են բաժանում, բայց մեզ ի՞նչ օգուտ: Հետո, երբ հարցնում ենք, թե մեզ ինչի՞ չտվեցին, ասում են` շուտ զարթնեիր»,- նկատում է ցամաքասարցի կինը: Հաշմանդամ ամուսինը ուշադիր նայում է կնոջը, հետո` աթարով լի մեծ տաշտակին, ու լռում: «Բան չի փոխվի: Հաստատ»,- դռան ետեւում հավաքված դատարկ կաթսաներն ու դույլերը դասավորելով` ասում է տիկին Համեստն ու բացում տան դուռը: Նրանց բակից դեռ չհեռացած` շարունակում եմ լսել տիկին Համեստի ձայնը: «Լսի, հիմի դու եկել ես մեր մասին գրես, որ փող ստանաս, հա՞»,- հարցնում է նա` նույնիսկ չսպասելով պատասխանի: Սեփական անզորությունն ու օրեցօր մեծացող հոգսերն այս մարդկանց չարացրել են նույնիսկ սեփական անձի նկատմամբ: Սա գյուղի գրեթե բոլոր բնակիչներին է հատուկ: «Առաջ էդպես չէր: Աղջիկ ջան, էստեղ լրիվ Մուշից են գաղթել: Նայի, ես 72 տարեկան եմ, բայց ջուր եմ կրում: Էսօր մարդիկ յոլա գնալ էլ չեն կարողանում: Մեր գյուղում հարուստները դարձել են թոշակառուները»,- ծիծաղելով պատմում է Հեղուշ տատը, որը գյուղապետարանի առջեւ դրված տաշտերից դատարկում էր ջուրը: «Ամեն օր էսպես ա: 10 օր ա` ջուր չունենք: Ի՞նչ անենք: Լավ ա էս ձյունը կա: Եթե մաքրես, կարաս դաժե խմես: Ի՞նչ կա որգ»,- սեւացած կաթսայի մեջ օրորվող ջրին նայելով` ասում է տատը, որը գյուղում ինձ հանդիպած միակ մարդն էր, որի մեջ սոցիալական անմխիթար վիճակը դեռ չէր սպանել բարությունը: «Հեղուշիկ ջան, ես կտանեմ, բալա: Թոռս ա: Դպրոցից ա եկել: Գիտես, լավ ա սովորում»,- տան ճանապարհին նշում է տատը: Տան բակում կարելի է տեսնել տաշտերի մի իսկական հավաքածու, որոնք տատը հասցրել էր լցնել: Հեղուշ տատի հետ զրույցը շարունակեցինք ներսում: Նա պատմեց երեխաների, հանգուցյալ ամուսնու, գյուղի բնակիչների մասին: Հեղինեն հպանցիկ լսեց տատի պատմությունները, հետո վարագույրի ետեւից հանեց հատակի շորն ու ժպտալով մաքրեց ցեխից կեղտոտված հատակը: «Դիզայներ-վարսավիր եմ ուզում դառնալ: Չեմ ուզում մեր գյուղից գնամ: Գիտես, ամենալավ ջուրը մեր գյուղում ա: Հետո մեզ մոտ գողություն չեն անում: Ի՞նչ կա, որ ինչ գողանան»,- նշում է աղջիկը: Նրա երեւակայության մեջ Ցամաքասարն ունի հովվերգական պատկեր, որի մի տեսարանն, այնուամենայնիվ, կարելի է հանդիպել գյուղի դպրոցում: Կիսանորոգ շենքի տանիքում, արդեն երկար տարիներ է, բնակվում են վայրի աղավնիները: Այս մասին դպրոցի տնօրեն Հովհաննես Պողոսյանը պատմում է հպարտությամբ, ինչպես իր վառարանի գյուտի մասին: Վառարանը երկար խողովակաշարով փոքրիկ տուփ է, որի ներքեւում շիշ է դրված` նավթի հնարավոր կաթոցների համար: «Գյուղը քիչ խնդիրներ չունի, բայց դրանք լուծելի են: Այսօր դպրոցում առաջնային խնդիրը ջեռուցման հարցն է: Ճիշտ է, բոլոր դասասենյակներում կան վառարաններ, բայց բավական է դասասենյակի դուռը բացել` ջերմաստիճանը նվազում է 4 աստիճանով»,- նկատում է դպրոցի տնօրենը: Ցուրտ միջանցքները, դասասենյակների աղքատիկ կահ-կարասին, ուսուցչանոցի 30 տարվա սեղան-աթոռները աշակերտների համար սովորական տեսարան են, ինչպես դպրոցի հարեւանությամբ գտնվող անասնագոմերը, խոտի «տուկերը», շների ազատ ելումուտը: Գյուղի բնակիչները` իրենց հոգսերի տակ կքած` նույնիսկ չեն հետաքրքրվում գյուղապետարանի գործունեությամբ: Գյուղապետարանը նրանց համար մի փաստ է, որը պարզապես առկա է նրանց կյանքում: Այս անտարբերության պատճառներն անմիջապես հասկանալի են դառնում, երբ հայտնվում ես գյուղապետարանում` դողէրոցքի մեջ գտնվող հատակ, ճաքճքած պատեր, որոնք քարտեզի տեսք են ստացել, ու «բլոտասեր» հասարակություն: «Այս պահին գյուղի ջուրն անջատել ենք, որովհետեւ մեծ պարտքեր ունենք: Մոտ 2 մլն 500.000 դրամի պարտք ունենք: Հիմա գործը դատարանում ա: Ամսի 9-ին վճիռը կկայացնեն»,- նշում է Ցամաքասարի գյուղապետ Գոռ Գրիգորյանը: Ըստ նրա` գյուղն ընդհանրապես ջրի խնդիր չունի: «Ջուրը ես եմ անջատել: Ժամանակավոր` մինչեւ էս ամսվա պարտքերը հավաքվեն»,- եզրափակում է 500 բնակիչ ունեցող գյուղական համայնքի ղեկավարը: Ի դեպ, սա այն բանից հետո, երբ վերջինս մինչ այդ պնդում էր, որ ջուրն անջատել է Թալինի Ջրմուղկոյուղին: Ինչեւէ, գյուղապետարանից ստացած գյուղացիների ամենամեծ օգուտը տաշտերով լի ձյան հալոցքն է, որոնք տանում են տուն լողանալու եւ խմելու նպատակով: «Թարսի պես էլ էս տարի էդքան ձյուն չեկավ էստեղ»,- վրդովվում էին բնակիչները` խնայելով անգամ ձյունից ստացած ջուրը: