Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը ներողություն է խնդրել Թուրքիայի արեւելյան շրջաններում ժամանակին խիտ բնակչություն ունեցող ժողովուրդներից` ի դեմս հայերի: Այդ մասին հաղորդում է թուրքական «Sabah» օրաթերթը: «Ժամանակին Միջագետքում բնակվում էին ասորիներ, հայեր, քրդեր եւ այլ ժողովուրդներ, որոնք իրենց հավատացյալ ինքնությամբ երջանկության, հանդուրժողականության, խաղաղության խորհրդանիշ էին: Սակայն ոմանք եկան եւ երկար տարիներ մեզ ղեկավարեցին: Մարդիկ ստիպված եղան այստեղից գաղթել: Մեծ ցավով եմ ասում դա` Դիարբեքիրում ապրող հայ ընտանիքների թիվը չի գերազանցում երեքը, այն դեպքում, երբ 120 տարի առաջ նրանք բնակչության 40%-ն էին կազմում: Որեւէ ներողություն չի կարող թեթեւացնել այդ ողբերգությունը: Այո, մեծ ցավ եք ապրել, ստիպված եք եղել գաղթել: Սակայն վստահ եղեք, որ դուք չեք կորցրել, այլ մենք ենք կորցրել: Երջանկությունն ու խաղաղությունն էլ ձեզ հետ տարաք»,- հայտարարել է Բայդեմիրը։