Դեկորատիվ չափորոշիչներ

09/02/2010

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ սահմանելու մասին երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանն ասել է, թե նոր չափորոշիչները կյանքի կկոչվեն` բացառելու համար «Զանգվածային լրատվական միջոցների մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Լեզվի մասին» օրենքների պահանջների խախտումներն էրոտիկ, անբարո, բաց տեսարաններով ու բիրտ ուժ քարոզող առանձին ցածրարժեք ֆիլմերում, որոնք «խաթարում են հայի բարոյական նկարագիրը, ավանդույթները, դարերով մշակված նրա արժեհամակարգը, մշակույթը, լեզուն, բացասաբար են ազդում երիտասարդության, հատկապես` անչափահասների դաստիարակության, նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացման վրա»: Իսկ «Սեբաստիա» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ հակադարձել է, թե այդ չափորոշիչները դեկորատիվ են, քանի որ դրանք գործելու են ոչ օբյեկտիվորեն եւ հավասար չեն լինելու բոլոր հեռուստաընկերությունների համար: «Իսկ ամենավատն այն է, որ շարունակում ենք խորհրդային իրականությունը պնդացնել: Մենք ո՞նց ենք խորհրդային շրջանի ցենզուրան նորից ուզում բերել մեր իրականություն, եւ դա անել 2010 թվականին, երբ ունենք բազում լուրջ խնդիրներ»,- ասել է նա:

Ըստ Ա. Բլեյանի` այդ չափորոշիչներն անօրինական են եւ ոչ պրոֆեսիոնալ։ «Դուք պետք է ցույց տաք օրենքի կետը, որի ուժով դուք գործում եք: Ժիրայր, ես ձեզ շատ խնդրում եմ, ասեք օրենքի էս կետը, որովհետեւ հանձնաժողովի փոխնախագահի հետ եմ խոսում, չէ՞, հետո ես կարող եմ շարունակել կամ չշարունակել»,- ասել է Ա. Բլեյանը` հորդորելով նման չափորոշիչներ մշակելու փոխարեն՝ անդրադառնալ ավելի գլոբալ խնդիրներին: Մասնավորապես` ԶԼՄ-ների անազատությանը, մարդու իրավունքների չպաշտպանվածությանը եւ այլն: Ի պատասխան, Ժ. Դադասյանն ասել է, թե իրենք ոչ թե սահմանափակում են մտցնում, այլ ասում են, թե ժամը 24-ից 6-ը ինչ կարելի է ցուցադրել: