Կապերը խորանում են

09/02/2010

Ռուսաստանում մի շարք երկրների դեսպանների հավատարմագրերն ընդունելու պաշտոնական արարողության ժամանակ փետրվարի 5-ին ունեցած ելույթում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի հետ հարաբերությունները բնորոշել է «դաշնակցային»` հավելելով, թե այդ կապերը հետեւողականորեն ամրապնդվում են:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ավստրիայի, Զամբիայի, Հորդանանի, Լեսոթոյի, Մալավիի, Մոնակոյի, Նիգերի, Օմանի, Տոնգայի ու Ֆիջիի դեսպանների հետ միաժամանակ ՌԴ ղեկավարին իր հավատարմագրերն էր հանձնել նաեւ Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը: Ըստ գործակալությունների տարածած տեղեկատվության` Ռուսաստանի նախագահն իր խոսքում պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մինչդեռ Կրեմլի պաշտոնական կայքում զետեղված ելույթի տեքստից պարզ է դառնում, որ այդ պատրաստակամությունը ՌԴ նախագահը հնչեցրել է որպես հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից բխող գործառույթ: «Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը: Այսօր մենք հետեւողականորեն ամրապնդում ենք դաշնակցային հարաբերությունները, տարեցտարի մեր դաշնակցային կապերը ավելի հագեցած են դառնում, ընդգրկում են նոր հեռանկարային ուղղություններ` ներառյալ համատեղ խոշոր նախագծերը: Մենք առաջնահերթ ենք համարում Անկախ պետությունների համագործակցության տարածքում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում աշխատանքների շարունակումը եւ, իհարկե, միջազգային հարթակներում առարկայական փոխգործակցությունը: Միաժամանակ Ռուսաստանը պատրաստ է նաեւ հետագայում աջակցել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի դրական առաջընթացին»,- իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: