63-ամյա կինը՝ դատական քաշքշուկների մեջ

09/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Էմմա Կարապետյանն արդեն 7 տարի շարունակ դիմում է դատական ատյաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ` փորձելով վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Սոցիալական ծայրահեղ վատ վիճակը, թերսնուցումն ու սթրեսային իրավիճակը բացասական հետեւանքներ են թողել այս կնոջ առողջության վրա:

1991թ. հարկադրաբար ազատվելով աշխատանքից՝ Է. Կարապետյանը նույնիսկ դատական ատյանների միջոցով չի կարողանում վիճարկել եւ արդար լուծում ստանալ թոշակ ստանալու իրավունքի վերաբերյալ իր պահանջի հարցում: «Հասկանո՞ւմ եք, մարդիկ անարդարացիորեն ինչ-որ թղթեր են ստորագրում, տալիս են ձեռքդ, բայց երբ փորձում ես արդարադատության միջոցով այդ կեղծիքը բացահայտել` պարզվում է՝ չես կարող, որովհետեւ մեկը մյուսին պաշտպանելու համար քո արդարացի պահանջը սխալ են հանում: Դատավորներն էլ համագործակցում են մյուս համակարգերի հետ, եւ պարզվում է՝ որոշում են կայացնում ոչ թե հանուն արդարության, այլ` հանուն գործընկերության»,- ասում է Է. Կարապետյանը: Նա աշխատել է ՆԳՆ Օվիրում` որպես ավագ տեսուչ, եւ աշխատանքային տարիներին արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 1991թ., առանց փաստերի ստուգման` ազատվել է աշխատանքից` թողնվելով ՆԳՆ Կադրերի տրամադրության տակ: ՀՀ դատախազությունն իր ազատումը որակել է անօրինական` նշելով թույլ տված խախտումները, որից հետո Օվիրի ղեկավարությունը գրավոր եւ բանավոր կերպով պարտավորվել է այլ ստորաբաժանումներում նրան աշխատանքով ապահովել, սակայն խոստումը մնացել է անիրագործելի: «Ես 2002թ. ապրիլին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայց եմ ներկայացրել ընդդեմ ՆԳ նախարարության` խնդրելով ստուգել աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը եւ վերականգնել իմ աշխատանքը, ՆԳՆ կադրերի տրամադրության տակ 7 տարի գտնվելը համարել անօրինական եւ փոխհատուցել բարոյական վնասը»,- ասում է Է. Կարապետյանը, ում կողմից մեզ ներկայացրած դատարանի արձանագրությունների մեջ պատասխանողի (ՆԳՆ ներկայացուցչի) կողմից նշվում է, որ նա աշխատանքից հեռացվել է ծառայողական կարգապահության բազմաթիվ խախտումների եւ քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար` թողնվելով ՆԳՆ Կադրերի գլխավոր վարչության տրամադրության տակ: Նաեւ նշվում է, որ Է. Կարապետյանը բազմիցս դիմել է ՆԳՆ` նախկին պաշտոնում վերականգնվելու խնդրանքով, սակայն Օվիրում սպայական թափուր հաստիք չլինելու պատճառով մերժվել է: «Նրանք ամեն կեղծիքի պատրաստ են, միայն թե իրենց անօրինական որոշումներն արդարացնեն: Սուտ է, թե ես խախտումներ եմ թույլ տվել կամ թերացել եմ: Ապացույցն այն բազմաթիվ խրախուսանքներն են, որոնք ես ստացել եմ աշխատանքիս ընթացքում»,- հակադարձելով ՆԳ ներկայացուցչի դատարան ներկայացրած բացատրությանն՝ ասում է Է. Կարապետյանը: Ի դեպ, պատասխանող կողմի ներկայացրած փաստարկների համաձայն` Է. Կարապետյանը թողնվել է կադրերի տրամադրության տակ մինչեւ ծառայության 20 տարին լրանալը. 1998թ. ազատվել է ՆԳ համակարգից` ձեռք բերելով թոշակի իրավունք: Այսինքն` ՆԳ ներկայացուցիչը Է. Կարապետյանին 7 տարի կադրերի տրամադրության տակ թողնելը մեկնաբանել է որպես մարդասիրական գործողություն, որի դեպքում համալրվել է 20 տարվա նրա ծառայությունն ու ստացել թոշակի իրավունքի ուժ: Ինչեւէ, 2002թ. ապրիլին առաջին ատյանի դատարանը Է. Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ՆԳ նախարարության` աշխատանքում վերականգնելու, աշխատանքային իրավունքների կոպիտ խախտման ճանաչման, ՆԳՆ կադրերի տրամադրության տակ գտնվելու յոթ տարիների անօրինական համարելու, բարոյական եւ նյութական վնասի հատուցման պահանջը համարել է անհիմն եւ մերժել է: Վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է տիկնոջ բողոքը. «Հասկանո՞ւմ եք, դատարանում ինձ ահաբեկել են, որովհետեւ ես սպառնացի իրենց կայացրած անօրինական որոշումների համար քրեական պատասխանատվության ենթարկել: Նախագահող դատավոր Ա. Խառատյանին ինքնաբացարկ եմ հայտնել: Տեքստում գրել եմ, որ ակնհայտ ապօրինությունների համար դուք ենթարկվելու եք քրեական պատասխանատվության: Իրենք աչք են փակել այն օրենքների վրա, որոնք ապացուցում են իրենց անօրինական քայլերը եւ որոնք ես դատարան եմ ներկայացրել: Օրենքներ եմ մատնանշել, իսկ իրենք բերանս փակում էին, չէին ուզում լսել: Ա. Խառատյանն ինձ ահաբեկում, սպառնում էր, թե՝ ինձ էս կանի, էն կանիգ Սա ի՞նչ բան է: Մեր դատարաններում մարդկանց արդարությո՞ւնն են վերականգնում, թե՞ անօրինականությունների վրա դատարանի կնիքը դնելով՝ դրանք արդար են համարում»,- ասում է Է. Կարապետյանը: Ինչեւէ, 63-ամյա կինը 2008թ.-ին կրկին հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ներկայացնելով աշխատանքային ստաժի հետ կապված մի շարք գրություններ եւ փաստաթղթեր, ըստ որի՝ աշխատանքից ազատելու գործողությունների արդյունքում սխալ հաշվարկ է կատարվել եւ խախտվել են աշխատանքային օրենսգրքի մի շարք կետեր, որը, սակայն, նույնպես մերժվել էր:

2009-ին Վերաքննիչ դատարանը նոր երեւան եկած հանգամանքներով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի վերանայման մասին Է. Կարապետյանի բողոքը մերժել է, որից հետո նա, ստիպված, դիմել է ՀՀ վարչապետին եւ լրատվամիջոցներին: