Արդեն քանի օր է` Երեւանում են Միհրանը եւ նրա ընկերները, ովքեր Էմմիի հետ մասնակցելու են փետրվարի 14-ին կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլին եւ հաղթելու դեպքում Հայաստանը ներկայացնելու են Օսլոյում: Երկու ամիս նրանք Էմմիի հետ ԱՄՆ-ում նախապատրաստվում էին նախընտրական փուլին: Դուետի հետ հանդես են գալու պրոֆեսիոնալ եւս 4 պարողներ, ովքեր ելույթ են ունեցել Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Բրիթնի Սփիրսի, Ռիկի Մարտինի եւ ուրիշների հետ: Միհրանի հետ Երեւան էին ժամանել պարողներից Ջեյսոն Յանգը, ով իտալացու եւ սեւականի խառնուրդ է, ծնվել եւ ապրում է ԱՄՆ-ում, վերջին 5 տարվա ընթացքում Միհրանի հետ պարել է Մադոննայի բոլոր համերգների ժամանակ. Մադոննայի պարային զուգընկերն է: Ջեյսոնը պարել է նաեւ Բրիթնի Սփիրսի հետ: Ժամանել է նաեւ պարուհի Վելարի Ֆոլը, ով նույնպես պարել է Մադոննայի հետ: Եվս 2 պարողներ Երեւան ժամանեցին մի քանի օր անց: Միհրանը համոզված է, որ Էմմիի հետ համատեղ կատարումը այս տարի «Եվրատեսիլում» կարող է 1-ին տեղը գրավել: