«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը չի պարտաստվում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով: Այս մասին երեկ ասել է ընկերության մամուլի քարտուղարը: Ըստ նրա` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ ՀԷՑ-ը շահագրգռված չէ: Նա նաեւ նշել է, որ անցած տարի ընկերության իրացրած էլեկտրաէներգիայի ծավալներն աննշան կրճատվել են, ինչը պայմանավորված է արդյունաբերական ձեռնարկությունների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի կրճատմամբ: Նշենք, որ ապրիլի 1-ին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող 1000 խմ գազի սակագինը ներկայիս 154 դոլարից դառնալու է 180 դոլար, եւ այդ պատճառով «ՀայՌուսգազարդը» դիմել է ՀԾԿՀ-ին` վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագինը վերանայելու առաջարկով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար 1 խմ բնական գազի սակագինը սահմանել 136 դրամ (աճը 41%), իսկ խոշոր սպառողների համար՝ 1000 խմ-ի դիմաց` 256 դոլար (աճը` 19%): Ձեռնարկությունների համար գազի թանկացումը նաեւ ենթադրում է ՋԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Նշենք, որ 2009թ. ապրիլի 1-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ թե ՀԷՑ-ի, այլ ՀԾԿՀ-ի նախաձեռնությունն էր: