Ղժղժան հայերը

06/02/2010

«Այն բոլոր խոսակցությունները, թե ԵԽ ԽՎ-ում Հայաստանին ճնշում են, անիմաստ են, եթե մարդիկ հասկանան, որ դա հենց այն տեղն է, որտեղ քննարկվում են մարդու իրավունքները, այլընտրանքային կարծիք ունենալու իրավունքն ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

«Ես հիշեցնեմ, որ Հայաստանը կամավոր է մտել եւ ցանկացած պահի կարող է դուրս գալ այս մարմնից: Որեւէ մեկը, որեւէ ճնշում զոռով մեզ այնտեղ չեն պահում»,- հավելել է նա: Ըստ Հ. Իգիթյանի` ԵԽ ԽՎ վերջին նստաշրջանում տեղի ունեցած դեպքերը բացատրելու համար պետք է անդրադառնալ 1609 բանաձեւին, որն անդրադառնում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը: «Մենք մեր պրոբլեմներով գնում ենք այնտեղ, ով է ընդդիմություն, ով ոչ, մարտի 1-ը ով ստեղծեց: Սա շատ փոքր հարց է թվում եվրոպացու տեսակետից: Նրանք էլ ասում են, որ էլի հայերը եկան, նորից ղժղժացին ու գնացին»,- հայտարարել է նա` հորդորելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում երկրի իմիջը դրսում եւ երկրի ներսում: