Էժանանալու է

06/02/2010

«Այսօր գառան մսի մեկ կիլոգրամը դարձել է 4000 դրամ: 145.000 գլխաքանակ ոչխար 3-4 ամսում դուրս է տարվել հանրապետությունից, ընդ որում` այս վերջին մեկ ամսվա ընթացքում 17.300 գլուխ ներմուծվել է Հայաստան»,- երեկ հայտարարել է Եզդիների միության խորհրդի անդամ Օմար Մամոյանը: «Ինչո՞ւ է թույլ տրվել, որ վաճառվի, ինչո՞ւ է այսօր Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում, որ իրավիճակը լավ է, ոչ մի լարվածություն չկա»,- դժգոհել է նա: Ի պատասխան, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի Անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասել է, որ գլխաքանակի կեսից ավելին վաճառվել է հենց եզդիների կողմից: «Պահանջարկի նվազման հետեւանքով հանրապետությունում սկսեց գլխաքանակը նվազել, եւ անցած տարի ունեցել ենք 560.000, որից 430.000-ը կազմել է մայրական գլխաքանակը: Նման աճի դեպքում մենք ստացել ենք 430.000 սպանդի ենթակա գլխաքանակ, որից 200.000-ը կազմում են արու գառները, 50-60 հազարը` մայր-հասակավոր ոչխարները: Մնացածը էգ գառներ են, որոնք վերարտադրության համար պիտանի չեն: Անցած տարի մենք արտահանել ենք 141.000 գլուխ, որոնցից 117.000-ը աճեցվել է ՀՀ-ում, իսկ 24.000-ը ներկրվել է Վրաստանից եւ տարանցիկ ճանապարհով անցել է Իրան»,- ասել է նա` հավելելով, թե մայիս ամսին ՀՀ-ում ոչխարի գինը կիսով չափ կնվազի: